Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԱՐԹԱԿ / Կոչումով բժիշկ նախագիծ / «Կոչումով բժիշկ». Ֆանարջյաններ

«Կոչումով բժիշկ». Ֆանարջյաններ 

ՀՀ առողջապահության նախարարությունը նախարար Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ սկսում է նոր` «Կոչումով բժիշկ» նախագիծը: Այն միտված է բարձրացնելու, վերարժևորելու բժիշկի կարևոր դերն ու հեղինակությունը հասարակության մեջ: Նախագծի միջոցով ընթերցողի դատին կներկայացվեն Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ բժիշկների` մարդկանց ապաքինելուն, կյանքեր փրկելուն ուղղված ամենօրյա բարդ աշխատանքը: «Կոչումով բժիշկ»-ի առաջին անդրադարձը նվիրված է մեր երկրի բժշկական ամենամեծ գերդաստաններից մեկին` Ֆանարջյանների ընտանիքին:

Ֆանարջյանների ընտանիքի բժշկական ճյուղը սկիզբ է առնում Բարդուղիմեոս Ֆանարջյանից. ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ, ՀԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, բազմաթիվ այլ կոչումներ ունեցող գիտնականը ՀԽՍՀ ռենտգենոռադիոուռուցքաբանական ծառայության հիմնադիրն է: 

«Խորհրդանշական է, որ մեր երկրում առաջին ռենտգեն բաժանմունքը բացվել է հենց 1-ն համալսարանական հիվանդանոցում: Պետության կողմից Գերմանիա գործուղվելուց և այնտեղ մի քանի տարի աշխատելուց հետո պապիկս իր հետ Հայաստան է բերում այն ժամանակների համար նորագույն ռենտգեն սարքը: 1927 թվականին հիմնադրվել է ռենգենոլոգիայի ամբիոնը, իսկ 1946 թվականին նա հիմնադրել է ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտը: Փաստորեն մեր բժշկական տոհմը սկսվում է հենց Բարդուղիմեոս Ֆանարջյանից»,-ընտանիքի պատմությունը ներկայացնելով` պատմում է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը: 

Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին տրվում է Բարդուղիմեոս Ֆանարջյանի անվանական կրթաթոշակ։ Նրա անունն է կրում Ուռուցքաբանության ազգային կենտրոնը: Նա 21 մենագրության հեղինակ է: 


Ֆանարջյանների ընտանիքի երկրորդ բժշկական սերունդի վառ ներկայացուցիչը Վիկտոր Ֆանարջյանն է, միջազգային ճանաչում ունեցող խոշոր գիտնականը մասնագիտությամբ ֆիզիոլոգ էր: Ակադեմիկոսը 1954 թվականին Սանկտ Պետերբուրգում թեկնածուական, այնուհետև դոկտորական ատենախոսությունները պաշտպանելուց հետո (1964 թ.) ողջ կյանքը նվիրում է գիտությանը` աշխատելով ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում: Վիկտոր Ֆանարջյանը ժամանակակից մեթոդական մակարդակով է լրացրել և վերանայել մի շարք հիմնարար գիտական հարցեր: Նա եղել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Վրաստանի Գիտության Վաստակավոր գործիչ:


1974-1978 թթ. ընթացքում, ապա 1983 թվականից Վիկտոր Ֆանարջյանը ղեկավարել է Ֆիզիոլոգիայի ինստիտուտը: Նա եղել է Ուղեղի Ուսումնասիրության Միջազգային Կազմակերպության նախագահ (IBRO), «Ինտերմոզգ» պրոբլեմային հանձնաժողովում թեմայի ազգային կուրատոր, Ի.Պ. Պավլովի անվան համամիութենական ֆիզիոլոգիական ընկերության կենտրոնական խորհրդի նախագահության անդամ, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի կոմպլեքսային պրոբլեմների վերաբերյալ ԽՍՀՄ ԳԱ գիտական խորհրդի բյուրոյի անդամ, «Ուղեղիկի կառուցվածքային և ֆունկցիոնալ կազմակերպումը» պրոբլեմով պարբերաբար հրավիրվող Համամիութենական սիմպոզիումի կազմակերպիչ ու ղեկավար։ 500-ից ավելի գիտական աշխատանքների և 8 մենագրության հեղինակ:

Բժիշկ է նաև Ռուբեն Ֆանարջյանի մայրական կողմի պապիկը` Ռաֆայել Մանվելյանը, ով Ռուբեն Ֆանարջյանի մոր` մասնագիտությամբ նույնպես բժիշկուհի Կարինե Մանվելյանի, հայրն էր: Բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսորը ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ էր, ում գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են աղիքային վարակի կլինիկա-համաճարակաբանական ուսումնասիրություններին։ Մանվելյանը ՀԽՍՀ-ում ինֆեկցիոն ծառայության հիմնադիրն է, եղել է առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստը, ՀԽՍՀ ինֆեկցիոնիստների ընկերության պատվավոր նախագահը (1973 թվականից), երկար տարիներ ղեկավարել է ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնը ԵՊԲՀ-ում, պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

«Հորեղբայրս` Կոնստանտինը, ևս մեր ընտանիքի բժշկական ճյուղի շարունակողն է: Նա ռենտգենոլոգ է Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի Ռենտգենախտորոշման բաժանմունքում, որտեղ աշխատում է 50 տարուց ավելի: Հորեղբորս երեխաները ևս բժիշկներ են: Տղան` Դավիթը, ուրոլոգ է, աղջիկը` Ելենան` ակնաբույժ: Ես և եղբայրս նույնպես մեր ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչներն ենք: Ես նյարդավիրաբույժ եմ, եղբայրս` Սերգեյը, ուրոլոգ»,- ասում է Ռուբեն Ֆանարջյանը:


Սերգեյ Ֆանարջյանը ուրոլոգ է, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Նա շուրջ երկու տասնամյակ է, ինչ աշխատում է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում, ինչպես նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնում` փոխանցելով իր հարուստ բժշկական փորձը նաև կրտսեր գործընկերներին: 

Դավիթ Ֆանարջյանը ծրագրում է հիմնել «Ֆանարջյան» ընտանեկան կլինիկան, որի նպատակն է առողջ ապրելակերպի խթանումը և դրա` որպես մշակույթ ձևավորումը հայ հասարակության մեջ: 


Ելենա Ֆանարջյանը 2002 թվականից աշխատում է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: 

Ֆանարջյանների ընտանիքի չորրորդ սերնդի ներկայացուցիչը` Ռուբեն Ֆանարջյանի որդին` Վիկտոր Ֆանարջյան կրտսերն է, ով հորեղբայրների մասնագիտական ուղղվածության շարունակողն է: Նա 2009 թվականից աշխատել է «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտի ուրոլոգիական բաժանմունքում, իսկ այժմ «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոններում:

Ներկայումս Ֆանարջյանների երեք սերնդի ներկայացուցիչներ ակտիվ բժշկական գործունեություն են ծավալում: 

 

Ռուբեն Ֆանարջյանը նշում է, որ իրենց օրինակով ստեղծվում է տպավորություն, թե բժիշկ դառնալուց բացի ընտանիքի անդամները, կարծես, այլընտրանք չունեին: Սակայն նա այսօր ժպիտով է հիշում այն վեճերը հայրիկի հետ, որոնք վերաբերվում էին բժշկական դաստիարակությանը և կրթությանը: Նա խոստովանում է, որ այսօր էլ ինքն է որդու հետ մասնագիտական վեճեր ունենում, որոնց մեծ մասը վերաբերում են մեթոդոլոգիական խնդիրներին: Նյարդավիրաբույժը չի հերքում, որ գուցե սխալ է, որ ցանկանում է որդու մեջ իր համոզմունքները սերմանել, սակայն հավատացած է, որ այս կամ այն մոտեցման լավագույն «ընդդիմախոսը» ժամանակն է: 

Պրոֆեսորը ընդգծում է, որ բժշկությունը, ինչպես և ցանկացած այլ մասնագիտություն, պահանջում է սեր և նվիրում: 

Երևանի պետական բժշկական համալսարանի նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչը, համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների մասնագիտացված կենտրոնի ղեկավարը 2013 թվականին բժշկագիտության բնագավառում «Ներանոթային նյարդավիրաբուժության հիմնադրումը և զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» աշխատանքի համար արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակին:

Նրա գնահատմամբ` վերջին 25 տարիների ընթացքում բժշկությունը մեր երկրում մեծ վերելք է ապրել, ինչի մասին են վկայում նաև ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած հայաստանյան բժշկական կենտրոնները: 

Ֆանարջյանի խոսքով` միջազգային չափանիշներին, ժամանակակից միտումներին համընթաց քայլելու համար անհրաժեշտ է նաև անմասն չմնալ գիտական ակտիվ գործունեությունից, միջազգային հրատարակություններում գիտական հոդվածների տպագրումից: 

Նյարդավիրաբույժը, հետադարձ հայացք նետելով անցած ուղուն, վստահ է, որ առանց անձնազոհության բժիշկի մասնագիտությունը լիարժեք պատկերացնել հնարավոր չէ:

«Պետք է աշխատել ի վնաս քո ազատ ժամանակի, որը կարող ես անցկացնել ընտանիքիդ հետ: Հաճախ մենք չունեմ ո՛չ շաբաթ, ո՛չ կիրակի, բայց անգամ այդ դեպքում պետք է աշխատել հաճույքով»,- իր փորձով կիսվում է բժիշկը` հավելելով, որ առանց շարունակական ուսման և ինքնակրթության հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից բժշկին:

«Եթե այդ գործընթացն ընդհատվում է, ապա կանգ է առնում նաև զարգացումը: ԵՊԲՀ-ում դասախոսելիս, ուսանողներին մշտապես հորդորում եմ  հիշել, որ բժիշկն ամենալավն է, ամենադաստիարակվածն , ամենակրթվածն, ամենախելացին, ամենա-ամենան»,- ասում է նյարդավիրաբույժը: 

Նա առողջապահական համակարգի զարգացման համար ունի իր բանաձևը, որն առաջին հերթին կապում է կադրերի երիտասարդացման հետ: 

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի զարգացնենք բժշկությունը Հայաստանում: Համալսարանն ավարտել չի նշանակում անպայմանորեն բժիշկ դառնալ: Պետք է ոլորտում հնարավորություններ ստեղծել և խթանել երիտասարդ մասնագետի զարգացումը, վերապատրաստվելու հնարավորությունը, բարձր տեխնոլոգիաների կիրառումը»,- կարծում է մասնագետը: 

Նա չի հերքում, որ դեռ շատ մեծ աշխատանք է անհրաժեշտ իրականացնել, որպեսզի ամրապնդվի բժշկի կարևոր դերը հասարակության մեջ: Ռուբեն Ֆանարջյանն արդարացիորեն փաստում է, որ նահանջել է այն երբեմնի պատիվն ու հարգանքը, որն ուներ բժիշկը հասարակության մեջ տասնամյակներ առաջ և որին ինքն արժանի է: Բացասական այս միտումը նյարդավիրաբույժը կապում է նաև հասարակության ինտելեկտուալ մակարդակի անկման հետ: 

«Բժշկությունը մի ոլորտ է, որն անպայման պետք է գնահատվի և առաջին հերթին հովանավորվի պետության կողմից: Կյանքը ցույց է տալիս, որ շնորհակալ մարդը, հիվանդը, միշտ շնորհակալ է լինելու: Հարգանքը, որը պետք է վայելի բժիշկը, դեռ այն ցանկալի մակարդակի վրա չէ»,- վստահեցնում է մասնագետը:

Շարունակելով թեման` նա հավաստիացնում է, որ աշխարհի ոչ մի երկրում անվճար բժշկություն չկա, փոխարենը կան կիրառվող եղանակներ, որոնք թեթևացնում են հիվանդների հոգսը: 

«Մեկի փոխարեն հոգում է պետությունը, մյուսի փոխարեն` ապահովագրական ընկերությունը, մեկ այլ դեպքում հիվանդը ճարահատյալ ինքն է վճարում, բայց սկզբունքորեն անվճար բժշկություն չկա: Հավատացնում եմ, որ բժիշկի համար դա չէ կարևորը: Իհարկե, շատ ցանկալի կլինի, որ բժիշկը վարձատրվեր արժանապատիվ ձևով, սակայն մեզ համար ոչ թե վարձատրությունն է առաջնային, այլ հիվանդին բուժելու արդյունքը»,- շեշտում է պրոֆեսորը:

Նրա ղեկավարությամբ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում գործում է նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը, որը բոլորովին վերջերս համալրվեց նորագույն սարքավորումներով: ԵՊԲՀ-ի հովանու ներքո գտնվող բացառիկ բուժհաստատության գործունեությանն աջակցում են ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները: 

Բացառված չէ, որ Ֆանարջյանների բժշկական ընտանիքը առաջիկայում ևս կշարունակի համալրվել նոր անուններով:

Տեսանյութ