Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԱՐԹԱԿ / Կոչումով բժիշկ նախագիծ / «Կոչումով բժիշկ». Սարուխանյաններ

«Կոչումով բժիշկ». Սարուխանյաններ


ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ իրականացվող «Կոչումով բժիշկ» նախագծի երկրորդ անդրադարձը նվիրված է Սարուխանյանների բժշկական ընտանիքին: Նախագծի միջոցով հանրության դատին են հանձնվում Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ բժիշկների` մարդկանց ապաքինելուն, կյանքեր փրկելուն ուղղված ամենօրյա բարդ աշխատանքը:

Սարուխանյանների բժշկական մեծ գերդաստանի առաջին ներկայացուցիչը Վազգեն Սարուխանյանն է: Այս տոհմի արմատները Նոր Բայազետից են: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Վազգեն Սարուխանյանը ծնվել է Գավառում: 


«Հայրս լավ դպրոց է ստեղծել, իր գիտելիքները փոխանցել և բժշկական բարդ ոլորտ գործուղել շատ ու շատ պրոֆեսիոնալների: Ես ծնվել եմ բժիշկների ընտանիքում: Մայրս, որ նույնպես բժիշկ էր, ծնվել էր Ստեփանավանում: Ես և քույրս ընտրել ենք մեր ծնողների մասնագիտությունը: Քույրս` Կարինեն, բժշկական գիտությունների թեկնածու է, մասնագիտությամբ` անեսթեզիոլոգ: Նրա դուստրը և տղան ևս բժշկական գիտությունների թեկնածու են: Կինս` Սվետլանա Սարուխանյանը, ընտանեկան բժիշկ էր»,-իրենց ընտանիքի բժշկական հարուստ կենսագրությունը ներկայացնելով` պատմում է Վազգեն Սարուխանյանի որդին, ՀՀ առողջապահության նախարարության վիրաբուժության գլխավոր մասնագետ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանը: 

Հովհաննես Վազգենի Սարուխանյանն անվանի բժշկական ընտանիքի երկրորդ սերնդի ամենավառ ներկայացուցիչն է: Ծնվել է 1938 թվականի մարտի 25-ին, Երևանում: Խոստովանում է, որ իր առաջին ուսուցիչն իր հայրն է եղել:

«Քանի որ հայրս վիրաբույժ էր, խորացա այդ մասնագիտության մեջ և «սիրահարվեցի վիրաբուժությանը»: Աշխատում էի տոպոգրաֆիկ անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնում, որտեղ էլ հարստացրի իմ փորձնական գիտելիքները»,-ասում է Հովհաննես Սարուխանյանը, ով 1955-1961թթ. ուսանել է ԵՊԲՀ-ի բուժկանխարգելիչ ֆակուլտետում: 

1961-1963 թթ. անցել է կլինիկական օրդինատուրա` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի վիրաբուժական բաժնում: 1963-1988թթ. ԽՍՀՄ առողջապահության նախարարության Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի թորակալ վիրաբուժության և անեսթեզիոլոգիայի ամբիոնում անցել է կրտսեր գիտաշխատողից մինչև ամբիոնի պրոֆեսորի վաստակաշատ ուղին: 1965-ին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1969-ին` դոկտորական թեզեր: 1988-ից մինչ օրս ղեկավարում է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի վիրաբուժության թիվ 3 ամբիոնը, բուհի ընդհանուր բժշկության ֆակուլտետի, գիտական մեծ խորհրդի և վիրաբուժության մասնագիտական խորհրդի անդամ է, 1987-ից` վիրաբույժների հայկական ասոցիացիայի, 2000-ից` Հայկական վիրաբուժության 21 պրոֆեսիոնալների միության նախագահը: Հովհաննես Սարուխանյանի ավելի քան 200 գիտական աշխատություններում, 13 ուսումնամեթոդական ձեռնարկներում, 4 մենագրություններում, 8 ռացիոնալիզատորական առաջարկներում, 9 գյուտերում, նաև նրա անմիջական ղեկավարությամբ պաշտպանած 6 դոկտորական և 21 թեկնածուական ատենախոսություններում ընդհանրացված են սրտանոթային, կրծքային, ստամոքսաղիքային, ենթաստամոքսագեղձի, էնդոկրին հիվանդությունների, երկարատև ճնշման համախտանիշի, սթրեսի, վնասվածքների էնդոտոքսիկոզի տեսությունն ու գործառությունը: Նախկին խորհրդային միությունում պրոֆեսոր Սարուխանյանն առաջինն է մշակել զույգ թոքերի միանվագ տրանսպլատացիայի մոդել, կատարել խոլեդոխոլիթիազի ժամանակ արտամարմնային հարվածող աղիքային լիտոտրիպսիա: Հայաստանում առաջինն է կատարել պանկրեատոդուոդենալ մասնահատում` ենթաստամոքսագեղձի գլխիկի ուռուցքի և կեղծ ուռուցքային պանկրեատիտների ժամանակ, լյարդի ձախ բլթի մասնահատում` լյարդ-բջջային քաղցկեղի ժամանակ, աջ բրոնխի մասնահատում պլաստիկայով` թոքի քաղցկեղի ժամանակ, վիրահատություններ որովայնի խոռոչի էկտոպիկբ ֆեոքրոմոցիտոմայի, հարվահանաձև գեղձի ադենոմայի, ինսուլինոմայի կապակցությամբ: Հովհաննես Սարուխանյանը մշակել է շատ այլ վիրահատությունների նոր մեթոդներ, որոնք ճանաչվել են որպես գյուտեր: Նա ուրախությամբ նկատում է, որ վերջին կես դարում Հայաստանում բժշկությունը զգալի առաջընթաց է գրանցել բոլոր ասպարեզներում:


«Կորոնար անոթների վիրաբուժական եղանակը շատ է զարգացել: Այսօր կատարվում են այնպիսի վիրահատություններ, որոնք 25 տարի առաջ չէին արվում` և՛ սրտի, և՛ անհետաձգելի։ Այսօր շատ են խոսում եվրոպական, ամերիկյան կլինիկաների մասին, սակայն պետք է ասեմ, որ Հայաստանում վիրահատությունների 75 տոկոսը կատարվում է անհետաձգելի վիրաբուժական օգնություն ցուցաբերելու ժամանակ: Կարող եմ նշել, որ շատ ցածր է մահացությունը: Մեր երկրում բարձր մակարդակի վրա են սրտի վիրահատությունները, կարդիոստիմուլյատորների տեղադրումը, ստենտավորումը: Սուր ինֆարկտների դեպքում դրանք ամենօրյա աշխատանք են»,-ասում է Հովհաննես Սարուխանյանը: Վաստակաշատ գիտնականն ու բժիշկն արժանացել է «Առողջապահության գերազանցիկ» և «Գյուտարար ռացիոնալիզատոր» կոչումներին: 

Նա պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով, «Մխիթար Հերացի», «Մարշալ Բաղրամյան» մեդալներով, արժանացել ՀՀ առողջապահության նախարարության «Ոսկե մեդալի», ՀՀ կառավարության շնորհակալագրի ու պատվոգրի: 

2013 թվականի մարտի 27-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ Հովհաննես Սարուխանյանի ծննդյան 75 և աշխատանքային գործունեության 50-ամյակին նվիրված գիտական խորհրդի հատուկ նիստին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը բժշկագիտության զարգացման գործում ունեցած ակնառու վաստակի, առողջապահության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերած անմնացորդ նվիրումի համար Հովհաննես Սարուխանյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Հանրապետության նախագահը Հովհաննես Սարուխանյանին հանձնելով պետական բարձր պարգևը` շնորհավորել և հաջողություններ է մաղթել անվանի գիտնականին ու վիրաբույժին, ում անունը նախագահի խոսքով` երախտագիտությամբ են հիշում նրա սաները, ուսանողները, բոլոր նրանք, ովքեր կարողացել են ջանասիրությամբ յուրացնել վաստակաշատ գիտնականի տված գիտելիքները, դառնալ լավ, պիտանի մասնագետներ: Սարուխանյանների բժշկական երրորդ ճյուղը շարունակում են Հովհաննես Սարուխանյանի և նրա քրոջ զավակները, ովքեր ևս ընտրել են բժշկի բարդ ու պատասխանատու գործը:

Ավագ որդին` Վազգեն Սարուխանյանն, ստոմատոլոգ է, զբաղվում է պրակտիկ բժշկությամբ, իսկ կրտսեր որդին` մանկաբույժ Հովհաննեսը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: Նա Ռուսաստանի Դաշնության Բժշկական գիտությունների ակադեմիայի Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենն է, Ազգային բժշկական պալատի նախագահը, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի տեղակալը: 


Հովհաննես Սարուխանյան կրտսերն արդեն մոտ երկու տասնամյակ է, ինչ բնակվում է Մոսկվայում, սակայն առիթը բաց չի թողնում տարին մի քանի անգամ հայրենիքում լինելու համար։ Հայ գործընկերների հետ մշտապես պահպանելով կապը` Հայաստանի գիտությունների ակադեմիայի հետ մասնագիտական ձեռնարկներ է հրապարակում` այդ թվում` հայերենով: 

Փորձառու մանկաբույժը խոստովանում է, որ ինչպես շատ բժշկական ընտանիքներում, ինքն ու եղբայրը նույնպես, կարծես, այլընտրանք չունեին և բժիշկ դառնալու որոշումը կայացրել են ինքնաբերաբար, բայց` գիտակցված:

«Երբ իններորդ դասարանում էի սովորում, մտածելով մասնագիտության ընտրության մասին` դիտարկում էի նաև իրավաբանի մասնագիտությունը, սակայն հետագայում տեսնելով հորս աշխատանքը, թե ինչպես է նա այցելում հիվանդանոց, զգալով այդ բժշկական մթնոլորտը` ես էլ որոշեցի բժիշկ դառնալ»,- հիշում է Հովհաննես Սարուխանյան կրտսերը: Բժիշկի աշխատանքը նրա գնահատմամբ` բարդ է և միաժամանակ պատասխանատու, քանի որ անմիջականորեն առչնվում է մարդկանց կյանքի հետ: 

Անդրադառնալով 1988 թվականին Սպիտակի աղետալի երկրաշարժի ժամանակ Հայաստանին մեծագույն օգնություն ցույց տված հանրահայտ մանկաբույժ, մարդասեր Լեոնիդ Ռոշալի հետ աշխատանքին` Սարուխանյանը նշում է, որ իր ավագ գործընկերոջից առաջին հերթին սովորել է լինել արհեստավարժ և յուրաքանչյուր իրավիճակում անել առավելագույնը` հիվանդների կյանքի փրկության համար:

«Շատ կարևոր է, որ մասնագիտությունդ դիտարկես ոչ թե սոսկ գործ, աշխատանք, այլ ամեն ինչ անես անմնացորդ նվիրումով և սիրով»,-անկեղծանում է մանկաբույժը` պատմելով, որ իրենք տարեկան մոտ 20 հազար հիվանդի անհետաձգելի բժշկական օգնություն են ցուցաբերում: 

Սարուխանյանների երրորդ սերնդի ներկայացուցչի համոզմամբ` թեպետ հասարակության մեջ բժշկի դերը բարձրացնելու կարիք կա, այնուամենայնիվ, բոլոր ժամանակներում շատերը ճիշտ են ընկալել բժշկի դերը։ Հիմա էլ հիմնականում մեծ հարգանք և գնահատանք կա բուժաշխատողի բարդագույն աշխատանքի հանդեպ: 

Մոսկվայաբնակ մասնագետն ուրախությամբ է փաստում, որ անգամ հայրենիքից հեռու, Ռուսաստանում բնակվող և տարբեր ոլորտներում աշխատող բժիշկներին հաջողվել է պահպանել կապը միմյանց հետ, կիսվել գաղափարներով, համատեղ միջոցառումներ իրականացնել:

Հովհաննես Սարուխանյան կրտսերի երեխաները բժիշկի մասնագիտությունը չեն ընտրել և հենց այդ է պատճառը, որ նրա մեծագույն ցանկությունն է, որ առաջիկայում թոռները դառնան Սարուխանյանների բժշկական գերդաստանի արժանի շարունակողները: 


Ուրախությամբ պետք է նշենք, որ անվանի գիտնական ու բժիշկ Հովհաննես Վազգենի Սարուխանյանն այսօր էլ ակտիվ գործունեություն է ծավալում` ի նպաստ մեր երկրում առողջապահական համակարգի զարգացման և սերունդների դաստիարակման գործի: Նրա ջանքերի շնորհիվ շատերն իրենց երկրորդ կյանքն են ապրում: Անվանի վիրաբույժն այն համոզման է, որ բժշկի մասնագիտությունն ընտրած յուրաքանչյուր ոք պետք է խորությամբ ուսումնասիրի բժշկագիտությունը: Պրոֆեսոր Սարուխանյանը մինչև հիմա էլ տարեկան 150-200 վիրահատություն է կատարում: 

Հետադարձ հայացք նետելով անցած ուղուն` վիրաբույժը վստահեցնում է, որ բժշկի մասնագիտությունն Աստծո պարգև է: 

«Ամենաթանկն առողջությունն է, որի վերականգնման, խնդիրների հաղթահարման առումով եթե կարողանում ես օգնել հիվանդին, ապա բժշկի համար դրանից մեծ երջանկություն չկա: Ուրախ եմ, որ երեք տասնյակից ավելի գիտության թեկնածուներ և դոկտորներ եմ պատրաստել: Նրանք հիմա ղեկավարում են բժշկական ամբիոններ, համակարգի տարբեր ստորաբաժանումներ, շատերն ավագ վիրաբույժներ են, ճանաչված մարդիկ, դա ինձ համար մեծ ուրախություն է»:

Տեսանյութ