Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԱՐԹԱԿ / Կոչումով բժիշկ նախագիծ / «Կոչումով բժիշկ». Ազնաուրյաններ

«Կոչումով բժիշկ». Ազնաուրյաններ

Ազնաուրյանների բժշկական ընտանիքը Հայաստանին տվել է բժիշկների երեք սերունդ: Այս գերդաստանի բժշկական առաջին ճյուղը սկիզբ է առնում Արտաշես Վարդանի Ազնաուրյանից: Նրա հայրը` Վարդան Ազնաուրյանը, ծնվել է Արևմտյան Հայաստանում: Հայոց ցեղասպանության տարիներին նա 12 տարեկան հասակում քույրերի հետ Արդվին քաղաքից գաղթել է Բաթում: Ծնողազուրկ պատանուն վիճակված էր դժվար ժամանակաշրջան` ապահովել ընտանիքի բարեկեցությունը: 

Վարդան Ազնաուրյանի ցնակությունն էր, որպեսզի իր զավակներն ընտրեն բժշկի մասնագիտությունը: «Մանկությունից գիտեինք, որ պետք է դառնանք բժիշկ: Ես և չորս եղբայրներս, բոլորը մասնագիտությամբ բժիշկ են: Հորաքրոջս որդիները ևս մեծացան հորս հոգածության և խնամակալության ներքո: Նրանցից մեկը` Ստեփան Դիլանյանը, երկար տարիներ ՀՀ առողջապահության նախարարության 4-րդ գլխավոր վարչության հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր»,- ընտանիքի պատմությունը ներկայացնում է Արտաշես Ազնաուրյանը: Նա ծնվել է 1938 թվականին, Վրաստանի Բաթում քաղաքում: 1958թ. ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ, որն ավարտել է 1964թ.: Մի քանի տարի անց Երևանի բժշկական ինստիտուտի ախտաբանական անատոմիայի ամբիոնում պաշտպանել է թեկնածուական, իսկ 1975թ. դոկտորական ատենախոսությունները: 1977թ. Արտաշես Ազնաուրյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1975-77թթ. եղել է բժշկական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր: Շուրջ 30 տարի ղեկավարել է հյուսվածաբանության ամբիոնը: 1989-90թթ. Արտաշես Ազնաուրյանը զբաղեցրել էՀԽՍՀ առողջապահության նախարարի պաշտոնը: 1988թ. երկրաշարժից հետո առողջապահական գերատեսչության գլխավոր խնդիրն էր` հնարավորինս արագ վերականգնել փլուզված հիվանդանոցները, դրանք հագեցնել բուժսարքավորումներով: «1989 թվականին բացվեց առաջին նորվեգական հիվանդանոցը՝ Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի աջակցությամբ: Սարսափելի իրավիճակ էր, երկրաշարժը գետնին հավասարեցրեց 32 հիվանդանոց , 113 ամբուլատորիա: Աղետի գոտում մեր առաջին խնդիրը հակատուբերկուլյոզային դիսպանսերի կառուցումն էր, հոգեբուժական ծառայության, ծննդատների վերականգնումը: Վեց ամսում մեզ հաջողվեց լուծել այդ խնդիրը: Մարզերում բացվեցին ախտորոշիչ կենտրոններ»,-նշում է պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանը: Արտաշես Վարդանի Ազնաուրյանը ավելի քան 300 գիտական աշխատանքի, այդ թվում` 5 մենագրության, հայերեն 2 դասագրքերի և մի շարք ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է: Ազնաուրյանի գիտական աշխատանքները վերաբերում են իմունային խախտումներով շարակցական հյուսվածքի հիվանդությունների ձևաբանությանը, իմունաախտաբանության խնդիրների մշակմանը, մարդու իմանունային համակարգի օրգանների հետազոտմանը, երկարատև գերճնշման պայմաններում կենսաբանական կարևոր օրգանների և իմունային համակարգերի ձևաբանաֆունկցիոնալ փոփոխությունների, իսկ 1988թ. երկրաշարժից հետո երկարատև ճնշման համախտանիշի ախտածնության հիմունքների մշակմանը, դրանց վերացման հնարավոր ուղիներին: Արտաշես Ազնաուրյանը Հայաստանի Լենինյան կոմերիտմիության դափնեկիր է, պարգևատրվել է «Հերոսական աշխատանքի համար» և «Մխիթար Հերացի» մեդալներով: 2007թ. ՀՀ նախագահի հրամանով Ա.Վ. Ազնաուրյանին շնորհվել է ՀՀ գիտությունների վաստակավոր գործչի պատվավոր կոչում, 2011թ. ԼՂՀ նախագահի հրամանով ԼՂՀ առողջապահության ոլորտի զարգացմանն աջակցելու համար նրան շնորհվել է «Երախտագիտության» մեդալ: Արտաշես Ազնաուրյանը ԵՊԲՀ հյուսվածաբանության ամբիոնի պրոֆեսոր է, ՀՀ մորֆոլոգների ասոցացիայի նախագահ, մորֆոլոգների միջազգային ասոցացիայի կորդինացիոն խորհրդի անդամ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր, բարձրագույն դպրոցի պատվավոր աշխատակից, ՀՀ հյուսվածաբանների գիտական ընկերության նախագահ, ԱՊՀ երկրների ձևաբանների միջազգային ընկերակցության համակարգող խորհրդի անդամ: 

Արտաշես Ազնաուրյանի կինը` Ալլա Ազնաուրյանը, ևս բժիշկ է , նա ախտաբան է, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ: Նա աշխատում է ՀՀ ԱՆ պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում՝ միաժամանակ դասախոսելով Հայ-ռուսական սլավոնական համալսարանում: 

Բժիշկ դառնալու մասին ծնողների երազանքն Արտաշեսից բացի, իրագործեցին նաև մյուս զավակները: Բժշկական կրթություն ստացան նաև Արտաշես Ազնաուրյանի եղբայրները` Զախար և Հովնան Ազնաուրյանները, նաև քույրը` Թամարա Ազնաուրյանը, որը մանկաբույժ էր Մոսկվայում, նաև գլխավոր հոգեբույժը: Հովնան Ազնաուրյանը քիթ-կոկորդ-ականջաբան էր, աշխատել է՝ որպես 2-րդ հիվանդանոցի բաժանմունքի վարիչ, եղել է Վեդիի հիվանդանոցի վիրաբույժը: Զախար Ազնաուրյանը ընդհանուր վիրաբույժ է: 

Ազնաուրյանների բժշկական ընտանիքի երկրորդ սերունդը ներկայացնում են Արտաշես Ազնաուրյանի որդիները` Սմբատ և Վարդան Ազնաուրյանները: 

Արտաշես Ազնաուրյանի ավագ որդին՝ Վարդան Ազնաուրյանը, բժշկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր: Նա ընտրել է քիթ-կոկորդ-ականջաբանի նեղ մասնագիտությունը: Վարդան Ազնաուրյանը 1988թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1988-1990 թթ. քիթ-կոկորդ-ականջաբան մասնագիտությամբ անցել է կլինիկական օրդինատուրա Երևանի հանրապետական հիվանդանոցի բազայի վրա: 2003 թվականին Վարդան Ազնաուրյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Քթի միջնապատի դեստրուկտիվ հիվանդությունների և արտաքին համակցված դեֆորմացիայի բուժման մեթոդը» թեմայով, որը համարվում է քթի վերականգնողական և պլաստիկ վիրաբուժության ոլորտի հիմնարար աշխատանք: Վարդան Ազնաուրյանը 2004 թվականից Մխ. Հերացու անվան բժշկական ինստիտուտի ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր է: Առաջին անգամ բժշկագիտության պրոֆեսորը մշակել և ներդրել է քթի արատի և միջնապատի շտկման միաժամանակյա վիրաբուժական մեթոդը, որը նրա թեկնածուական ատենախոսության թեման է: Հայաստանում առաջին անգամ քթի վերականգնողական և ռինոպլաստիկ վիրահատությունների ժամանակ առաջարկել է քթի ձևի ընտրության համար անտրոպոմետրիկ տվյալների համակարգչային գնահատականը: Վարդան Ազնաուրյանը բժշկական գործունեություն է ծավալել Մոսկվայի Բոտկինի անվան կլինիկական հիվանդանոցում և Մոսկվայի առողջապահության նախարարության դեպարտամենտի ԼՕՌ գիտագործնական կենտրոնում: Վարդան Ազնաուրյանը Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբույժների որակավորման պաշտպանական խորհրդի անդամ է, ինչպես նաև գլխի և պարանոցի, քիթ-կոկորդ-ականջի վիրաբուժության միջազգային ակադեմիայի իսկական անդամ: ԵՊԲՀ ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի բազայի ղեկավարն է: Երկու անգամ պարգևատրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի Մխիթար Հերացու անվան ոսկե մեդալով: Հրատարակել է ավելի քան 100 գիտական հոդվածներ հայաստանյան և միջազգային ամսագրերում: «Բժշկի մասնագիտությունը շատ բարդ մասնագիտություն է: Բժիշկը պետք է լինի նաև հոգեբան, կարողանա հիվանդի բուժման ճշգրիտ մեթոդի ընտրություն կատարի: Սկզբում ցանկանում էի դառնալ ընդհանուր վիրաբույժ: 4-րդ կուրսից հետո ձեռք բերեցի գործնական հմտություններ: Ընտրություն էի կատարել, քանի որ մորեղբայրս ևս քիթ-կոկորդ-ականջաբան էր, շփվելով նրա հետ, ավելի սիրեցի այդ նեղ մասնագիտությունը: Այդ տարիների ընթացքում և՛ սովորում էի, և՛ ավելի շատ էի մասնագիտական շփումներ ունենում, ինչ թույլ տվեց համալսարանն ավարտելուց հետո ունենալ խորը գիտելիքներ այս ոլորտում, անիջապես էլ ծավալել գործունեություն: Արդեն իսկ ունեմ վիրաբուժական աշխատանքի 27 տարվա փորձ: Վիրահատություններ եմ կատարում նաև Ռուսաստանում»,-նշում է Վարդան Ազնաուրյանը: 

Բժիշկ է նաև Վարդան Ազնաուրյանի կինը՝ Ելենա Աղաջանովան, որը ևս սերում է բժշկական ընտանիքից: Բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Աղաջանովան ԵՊԲՀ Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչն է, միաժամանակ` ԵՊԲՀ «Մուրացան» հիվանադանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավարն է: Ելենա Աղաջանովան ՀՀ ԱՆ մանկական գլխավոր էնդոկրինոլոգն է: 

Ազնաուրյանների բժշկական երկրորդ սերնդից է նաև Արտաշես Ազնաուրյանի մյուս որդին՝ Սմբատ Ազնաուրյանը: «Բժշկական համալսարան ընդունվելու որոշումը ծնողներինս էր: Ես սկզբում ցանկանում էի գնալ հումանիտար ուղղությամբ: Սակայն երբ ապրում ես մի ընտանիքում, որտեղ թե՛ հայրդ է անվանի բժիշկ, թե՛ մայրդ, եղբայրդ, հորեղբայրներդ, հորաքույներդ, զարմուհիներդ, վերջիվերջո գիտակցաբար քեզ վրա ես վերցնում բժիշկ դառնալու մեծ պատասխանատվությունը»,-նշում է Սմբատ Ազնաուրյանը: Նա գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: Սմբատ Ազնաուրյանն այնուհետև ավարտել է օրդինատուրան՝ նյարդաբանության ամբիոնում, ապա մեկնել Մոսկվա, Սեչենովի անվան համալսարանում ընդունվել ասպիրանտուրա՝ ընտրելով հանրային առողջություն, առողջապահություն մասնագիտությունը: Սմբատ Ազնաուրյանը թեկնածուական թեզը պաշտպանել է 1997 թվականին: Սմբատ Ազնաուրյանը 17 տարի ապրել է Մոսկվայում՝ այնտեղ իսկ ծավալելով իր գիտաբժշկական գործունեությունը: Զուգահեռաբար Ս. Ազնաուրյանը իրականացրել է իր վաղեմի երազանքը և սովորել Մոսկվայի դիվանագիտական ակադեմիայում, ապա նույն բուհում շարունակել ասպիրանտուրան՝ 2007-ին պաշտպանելով պատմական գիտությունների թեկնածուի թեզը, որից հետո 4 տարի աշխատել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի դաշնային խորհրդի միջազգային կոմիտեում: Սմբատ Ազնաուրյանը Հայաստան է վերադարձել 2008թ., այնուհետև՝ 2014թ. պաշտպանել է դոկտորական թեզը և ստացել բժշկական գիտությունների դոկտորի աստիճան: Նա հիմա ղեկավարում է Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոսների որակավորման բարձրացման բաժինը: Նրա դուստրը՝Ալլան, ու որդին՝ Արտաշեսը, դեռևս փոքր են և առայժմ դժվար է ասել՝ կընտրե՞ն արդյոք բժշկի մասնագիտությունը, թե՞ ոչ: 

Ազնաուրյանների բժշկական ընտանիքի երրորդը սերունդը ներկայացնում են Վարդան Ազնաուրյանի որդիները` Արտաշես և Միխայիլ Ազնաուրյանները: Ազնաուրյան ազգանունը կրող ապագա բժիշկներից Վարդան Արտաշեսի Ազնաուրյանի ավագ որդին` Արտաշեսը, որը շարունակում է ընտանեկան մասնագիտական ուղին և կրում է պապիկի անունը, արդեն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: Նա այժմ կլինիկական օրդինատուրա է անցնում «Արմենիա» բժշկական կենտրոնում: 

«Մասնագիտության ընտրություն կատարելիս մեծ դեր ունեցան ծնողներս, որոնք երկուսն էլ բժիշկ են: Փոքր տարիքից արդեն իսկ կար մեր մեջ այս նվիրական գործի հանդեպ նախասիրություն: Ընտրել եմ քիթ-կոկորդ ականջ նեղ մասնագիտական ճյուղը: Ապագայում շատ կցանկանամ արտասահմանում վերապատրաստել, և ձեռք բերած փորձն ու գիտելիքներս ներդնել Հայաստանում» : Կրտսեր Արտաշեսը խոստովանում է, որ Ազնաուրյան ազգանունը կրելը չափազանց մեծ պատասխանատվություն է, ուստի ամեն րոպե աշխատում է բժշկության ոլորտում կատարելագործել փորձն ու գիտելիքները՝ Արտաշես Ազնաուրյանի անունն ու պատիվը բարձր պահելու, բժշկական տոհմիկ ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար: Նրա կրտսեր եղբայրը՝ Միխայիլ Ազնաուրյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի առաջին կուրսի ուսանող է: Տան ամենափոքր որդին՝ Գեորգի Ազնաուրյանը, ընդամենը երկու տարեկան է, չի բացառվում, որ հավանաբար նա ևս ապագայում կընտրի բժշկական ճյուղը՝ ընդլայնելով բժիշկ Ազնաուրյանների գերդաստանը: 

«Ես նրանց ասում էի, որ դժվար մասնագիտություն է, գուցե ընտրեք մասնագիտական այլ այլ ուղի, բայց նրանք, մեծանալով բժիշկների ընտանիքում, ընտրեցին մեզ համար արդեն ավանդական դարձած պատասխանատու այս գործը»,-նշում է բժշկական ընտանիքի ամենաավագ ներկայացուցիչը` Արտաշես Ազնաուրյանը` հավելելով, որ բժշկի մասնագիտությունն ամենալավ մասնագիտությունն է: «Ի՞նչը կարող ա առավել թանկ լինել առողջությունից: Երբ անհրաժեշտության դեպքում օգնում ես մարդուն՝ վերագտնելու այդ առողջությունը, դրանից ավելի գեղեցիկ ու հաճելի պահ բժշկի համար չկա»,-եզրափակում է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի ԲԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանը:

Տեսանյութ