Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԱՐԹԱԿ / Կոչումով բժիշկ նախագիծ / «Կոչումով բժիշկ». Մինասյաններ

«Կոչումով բժիշկ». Մինասյաններ

ՀՀ առողջապահության  նախարարության «Կոչումով բժիշկ» նախագծի չորրորդ անդրադարձը նվիրված է Մինասյանների բժշկական ընտանիքին: Նախագծի միջոցով հանրության դատին են հանձնվում Հայաստանում ու նրա սահմաններից դուրս բնակվող հայ բժիշկների՝ մարդկանց ապաքինելուն, կյանքեր փրկելուն ուղղված ամենօրյա բարդ աշխատանքը: 

 

Միանասյանների բժշկական ընտանիքի հարուստ կենսագրության առաջին էջը բացում է Հարություն Մինասյանը: Նա ծնվել է 1920 թվականի փետրվարի 27-ին Գյումրիում:

Մինչև 7-րդ դասարանը, Հարություն Մինասյանը սովորել է Հայաստանի երկրորդ մայրաքաղաքի երկաթգծի համար մեկ դպրոցում, ապա տեղափոխվել Երևան, որտեղ և ավարտել է Մ. Գորկու անվան դպրոցը: 1937թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ, որն ավարտել է չորս տարում: 1941 թ. դեկտեմբերին զորակոչվել է բանակ: Մասնակցել է Կովկասի պաշտպանական մարտերին, սկզբում որպես գնդի կրտսեր բժիշկ, հետագայում որպես ավագ բժիշկ և բուժսան դասակի հրամանատար: Ռազմաճակատում Հարություն Մինասյանն ամեն օր տասնյակ կյանքեր էր փրկում, սակայն թշնամու գնդակը չշրջանցեց նաև նրան: 1943 թ. Հարություն Մինասյանը վիրավորվեց, սակայն մինչև կյանքի վերջը երիտասարդ բժիշկը հավատարիմ մնաց երդմանը, ծառայեց մարդուն, փրկեց հազարավոր մարդկանց կյանքեր, դարձավ մարդկանց սիրելի բժիշկը: Նա իր նշանակալից ներդրումն ունեցավ բժշկագիտության զարգացման մեջ: Մալայա զեմլյա փոքրիկ հողում պատերազմի տարիներին փրկելով հազարավոր մարդկանց կյանքեր` բժիշկն իր նվիրական գործով ապացուցեց, որ ծնողներն իզուր չէին իրեն Հարություն կոչել: 

«Ընտրելով բժշկի մասնագիտությունը` նա մեկնել է ռազմաճակատ, որտեղ անհրաժեշտ էր փրկել հայրենիքի համար մարտնչող զինվորների կյանքը: 

Եվ որովհետև ռազմաճակատում ռուս ընկերները չկարողացան սովորել Հարություն Հովհաննեսովիչ կոչել նրան, այդպես էլ նա մնաց Հարություն Իվանիչ» ,-ներկայացնելով իրենց բժշկական մեծ ընտանիքի պատմությունը` նշում է Հարություն Մինասյանի թոռը` բժիշկ Հարություն Մինասյանը: 

Անվանի վիրաբույժի արխիվում այժմ ոչ միայն նրա մասնագիտական բեղուն ու նվիրական գործունեությունը փաստող լուսանկարներն ու փաստաթղթերն են, այլև նրա փրկած բազմաթիվ հիվանդներից բժիշկ Մինասյանին ուղղված սրտառուչ ու ջերմագին նամակները: 

«Մեծարգո Հարություն Հովհաննեսի, Դուք եթե բանաստեղծ, գեղանկարիչ կամ երգահան ծնվեիք, հավասարի իրավունքով կարող էիք կանգել Եղիշե Չարենցի, Արամ Խաչատրյանի և Մարտիրոս Սարյանի կողքին: Դուք այն հազվագյուտ մարդկանցից եք, որոնք չեն վազում փառքի հետևից, այլ հակառակը` փառքն է կրկնակոխ հետևում նրանց: Ձեր բարի անունը, մեծ համբավը տարածված են ամենուրեք: Թանգակին ու պաշտելի Հարություն` որդի Հովհաննեսի, կուռդ դալար»: Մեկ այլ նամակում երկարամյա ուսուցչուհի Մարուսյա Առաքելյանը գրում է. «Պատվարժան բժիշկ, միշտ չէ որ հաջողվում է վարձահատույց լինել այնպես, ինչպես մարդ ցանկանում է: Հարգելի բժիշկ, ցանկանում եմ, որ Ձեր մեծ խելքը, հմուտ ու ոսկի ձեռքերը երկար-երկար տարիներ ծառայեն մարդկանց: Ես հպարտանում եմ, որ Դուք հայ եք, որովհետև մարդ եք այս բառի կատարյալ իմաստով»: 

1944 թ. Հարություն Մինասյանը վերադարձել է Երևան, աշխատանքի անցել առաջին հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում: 1950 թ. նա Հայաստանի հեռավոր շրջաններից մեկում՝ Վայքում, աշխատելով որպես բուժմիավորման գլխավոր բժիշկ, միաժամանակ նաև վիրաբուժական բաժնի ղեկավարն էր: Մեկ տարի անց, նա աշխատել է Երևանի 3-րդ հիվանդանոցում՝ պրոֆեսոր Յոլյանի մոտ ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնում` որպես ասիստենտ, հետագայում նույն ամբիոնի դոցենտ: Ինքնուրույն աշխատանքի ընթացքում կուտակած մեծ փորձի և նյութերի հիման վրա նա ստեղծել է գիտական մեծարժեք աշխատանք՝ լեղուղիների վերականգնողական վիրահատությունների մասին, որը նրա թեկնածուական թեզն էր: 

Հարություն Մինասյանը 1953-54 թթ. աշխատել է 3-րդ բուժմիավորման պետի բուժական գծով տեղակալ, քաղխորհրդի պատգամավոր: 

Անվանի բժիշկի ծառայությունները մեծ են հայրենի բժշկագիտության զարգացման գործում: Նա առաջիններից մեկը կիրառեց ինտուբացիոն նարկոզը, առաջինը կատարեց կերակրափողահատում, որը և, որպես բացառիկ երևույթ, ցուցադրվեց Հայաստանի վիրաբուժական ընկերության նիստում: Նա առաջինը կատարեց սելեկտիվ պրոքսիմալ վագոտոմիա ստամոքսի և 12-մատյա աղիքի խոցային հիվանդության ժամանակ և ներդրեց ՀՍՍՀ վիրաբուժական պրակտիկայում: Մինասյանը բազում հիվանդությունների վիրաբույժ էր, սակայն նրա հիմնական աշխատանքը լյարդ-լեղապարկի, լեղուղիների բուժումն էր, ինչպես նաև էնդոկրին վիրաբուժությունը: 

Մանկավարժական ու վիրաբուժական գործունեությանը զուգընթաց, Հարություն Մինասյանը հինգ տարի շարունակ զբաղեցրել է բուժական ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնը՝ այդ ֆակուլտետում կատարելով ուսումնադաստիարակչական արդյունավետ աշխատանք: 

1954-56 թթ., այնուհետև 63-ից 76 թթ. բժիշկը եղել է Երևանի գլխավոր վիրաբույժը, համատեղության կարգով աշխատել նաև բժիշկների վերապատրաստման ինստիտուտում` որպես դեկան: Մեծ են հայաստանյան բժշկագիտությանը Հարություն Մինասյանի մատուցած ծառայությունները: Գրեթե կես դար նվիրվելով բժշկությանը` նա միշտ բարձր է պահել բժշկի վեհ անունն ու պատիվը: Իր գործունեությամբ ու վարքագծով օրինակ ծառայել թե' ուսանողության, թե գործընկերների համար: Հարություն Մինասյանը մոտ 100 գիտական աշխատությունների հեղինակ է: Նա պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով», «Առողջապահության գերազանցիկ» կրծքանշանով, բազմաթիվ մեդալներով ու պատվոգրերով: 1963 թ. արժանացել է վաստակավոր բժշկի կոչմանը: 1965 թ. հիմնել է «Մալաթիա» հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը և այնտեղ զբաղեցրել է ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը: Իր երկարամյա գործունեության ընթացքում հազարավոր կյանքեր, տասնյակ հազարավոր հույսեր է փրկել հանրապետության վաստակավոր բժիշկը: 

Հարություն Մինասյանը մասնակցել է «Էրեբունի» հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի հիմնադրմանը, որտեղ տեղափոխվել էր բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի մասնաճյուղը հիվանդանոցի բացման առաջին օրվանից: Մինչև 1988 թվականը, նա աշխատել է` որպես ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի մասնաճյուղի և վիրաբուժական կլինիկայի ղեկավար: Հարություն Մինասյանը գործի հանդեպ մեծ սերը փոխանցեց որդուն, ապա նաև թոռանը, նրա գործը շարունակելը խոսում է այն մասին, որ նշանավոր բժիշկը թողել է մեծ ժառանգություն: 

«Ցավոք, չեմ աշխատել ոչ մեծ հորս՝ Հարություն Մինասյանի, և ոչ էլ հայրիկիս՝ Լեոնիդ Մինասյանի հետ: Ուսանող էի, երբ հայրս մահացավ, դպրոցում էի, երբ մեծ հայրս մահացավ: Բայց ամեն անգամ, երբ հիվանդներս այցելում են ինձ, տեսնելով՝ Մինասյան ցուցանակը, կարդում և հարցնում են՝ Դուք կապ ունե՞ք Հարություն Մինասյանի, Լեոնիդ Մինասյանի հետ, և իհարկե ես մեծ հպարտություն եմ և ուրախություն եմ ապրում»,-իրենց բժշկական մեծ գերդաստանի պատմությունը շարունակելով` նշում է Հարություն Մինասյանի թոռը՝ վիրաբույժ Հարություն Մինասյանը: 

Մինասյանների բժշկական ընտանիքի հաջորդ՝ երկրորդ սերնդի ներկայացուցիչը Լեոնիդ Հարությունի Մինասյանն է: Նա ծնվել է 1944 թ. մայիսի 22-ին, Երևանում բժշկի ընտանիքում: 1951-ին ընդունվել է Մռավյանի անվան միջնակարգ դպրոց, որն ավարտել և ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ, ավարտել այն 1967 թ.: 

Բուհն ավարտելուց հետո Լեոնիդ Մինասյանը գործուղվել է Արարատի մարզի Վեդի քաղաք, աշխատել տեղի հիվանդանոցի վիրաբուժական բաժնում՝ որպես վիրաբույժ: Մեկուկես տարի անց գործունեությունը շարունակել է Էջմիածնում՝ դարձյալ որպես վիրաբույժ: 

1970 թ. Լեոնիդ Մինասյանը ընդունվել է ասպիրատուրա Մոսկվայի Վ.Լենինի անվան բժիշկների կատարելագործման ինստիտուտի օպերատիվ վիրաբուժության և տոպոգրաֆիական անատոմիայի ամբիոնում: Թեկնածուական թեզը պաշտպանել է 1974 թ. հուլիսին` «Լիմֆատիկ ծորանի վնասվածքների` վիրակապության միջոցով բուժման հիմնավորումը» թեմայով: Մոսկվայից վերադառնալով` 1974 թ. Լեոնիդ Մինասյանն աշխատանքի է ընդունվել 1-ին կլինիկական հիվանդանոցի բազայի վրա գտնվող բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնում` որպես կրտսեր գիտաշխատող` միաժամանակ զբաղվելով մանկավարժական գործունեությամբ: 

1981 թ. Խորհրդային Միության նախարարների խորհրդի բարձր որակավորման հանձնաժողովը Լեոնիդ Մինասյանին շնորհել է վիրաբուժության գծով ավագ գիտաշխատողի կոչումը: 

1987 թ. Լեոնիդ Մինասյանն ընդունվել է դոկտորանտուրա  ԽՍՀՄ առողջապահության նախարարության բազայով գործող մոսկովյան ստոմոտոլոգիական ինստիտուտում: Դոկտորական աշխատանքը նա պաշտպանել է 1991 թ. դեկտեմբերին, Մոսկվայում` «Լիմֆոգեն մեթոդները պերիտոնիտների համալիր բուժման մեջ» թեմայով: 

Անվանի բժիշկը կյանքից հեռացավ երիտասարդ տարիքում, քառասունյոթ տարեկանում` մինչև կյանքի վերջը` 1992 թվականը, աշխատելով Երևանի պետական բժշկական ինստիտուտի վիրաբուժական հիվանդությունների թիվ 1 ամբիոնում և «Էրեբունի» բժշկական կենտրոնում: 

Լեոնիդ Մինասյանի կինը ՝ Նվարդ Մինասյանը, ևս բժիշկ է: Նա երկար տարիներ է՝ աշխատում է Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում: Նվարդ Մինասյանը քիթ-կոկորդի նեղ մասնագիտությունն է ընտրել: «Բժշկի համար ամենամեծ գոհունակությունը հիվանդի կողմից ասված շնորհակալությունն է: Վերջերս մի դեպք եղավ, 80-ամյա մի պապիկ, որին բժշկական օգնություն էի ցուցաբերել, ամբողջ բաժնով ինձ էր փնտրում՝ ասելով« բժշկուհիս որտեղ է, բժշկուհիս որտեղ է», շատ հուզիչ էր և կարծում եմ` ամենամեծ շնորհակալությունը դա է բժշկի համար, հիվանդի՝ ապաքինվելը»,- ասում է Նվարդ Մինասյանը, ով ուրախ և երջանիկ է, որ ամուսնու՝ բժիշկ Լեոնիդ Մինասյանի հետ միասին ապահովել են բժշկական մեծ տոհմի շարունակականությունը: Երկու որդիներս, թոռնիկս, նաև ամուսնուս քույրը, նրա տղան և թոռնիկը ևս մասնագիտությամբ բժիշկ են: Շատ ուրախ եմ, որ ամենամարդասիրական այս ոլորտի հետ մեր կապն առավել ամրապնդվում է»- հավելում է Նվարդ Մինասյանը:

Մինասյանների բժշկական երրորդ սերնդի ներկայացուցիչները Արմեն և Հարություն Լեոնիդի Մինասյաններն են:

«Մասնագիտության ընտրությունը, կարծում եմ, կանխորոշված էր, քանի որ ծնվել ու մեծացել եմ բժշկական ընտանքիում: Մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ մշտապես լսել եմ բժշկագիտությանը, առողջապահությանը նվիրված քննարկումներ, հիվանդների ապաքինելուն ուղղված զրույցներ, հետևաբար, վստահ կարող եմ ասել, որ բժշկի մասնագիտության ընտրությունը պատահական չէր»,-ասում է Հարություն Մինասյանը: 

Նա գերազանցությամբ է ավարտել թե դպրոցը, և թե բժշկական ինստիտուտը: Մինասյանը թեկնածուական թեզը պաշտպանել է «Մեխանիկական դեղնուկի ժամանակ իմունոցիտոկինների և ռեզիդենտ միկրոֆլորայի տրանսլոկացիայի դերը էնդոտոքսիկոզի զարգացման պաթոգենեզում» թեմայով: 1996-99 թթ. Հարություն Մինասյանը եղել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Վիրաբուժական հիվանդությունների թիվ 1 ամբիոնի կլինիկական օրդինատոր՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում: 2011 թ. առայսօր Հարություն Մինասյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի դոցենտ է՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում: 

«Բժշկի մասնագիտությունը որևէ այլ մասնագիտության հետ համեմատել չի կարելի: Երբ հիվանդին կարողանում ես ինչ-որ բանով օգնել, հասկանում ես, որ իզուր չես ընտրել այդ մասնագիտությունը, որ քո կարիք կա: Ես մեծ ուրախությամբ եմ փաստում, որ աշխատում եմ երկարամյա, վաստակաշատ վիրաբույժ, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանի անմիջական ղեկավարությամբ»,-նշում է Հարություն Մինասյանը: 

Նա մասնագիտացել է Ռուսաստանի հետդիպլոմային ուսուցման Բժշկական գիտությունների ակադեմիայի վիրաբուժական հիվանդությունների և կլինիկական լիմֆոլոգիայի ամբիոնում: Նա լյարդի և ենթաստամոքսային գեղձի վիրաբուժության և փոխպատվաստման մասնագիտական ծրագիր է անցել Աթենքում:

Հ. Մինասյանը 40-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է, որոնք նվիրված են ընդհանուր վիրաբուժությանն ու իմունաբանությանը:

«Բնականաբար, շատ է զարգացել բժշկությունը, անհամեմատելի է, ինչ կար այն ժամանակ, և այն, ինչ հիմա ունենք: Բարձր տեխնոլոգիաների կիրառումը մեծապես նպաստել է հայաստանյան բժշկության զարգացմանը: Բայց և այնպես պետք չէ անտեսել բժիշկ և հիվանդ անմիջական կապը: Մենք ունենք երիտասարդ բժիշկների պրոֆեսիոնալ բանակ: Ես իմ ուսանողներին մշտապես հորդորում եմ և մաղթում եմ, որ ամբողջությամբ նվիրվեն հիվանդին, իրենց ընտրած մասնագիտությանը»:

Վիրաբույժ Մինասյանը կարևորում է բժշկի դերի բարձրացումը, այդ համատեքստում նաև բժշկի հանդեպ վստահության մեծացումը: 

Հարություն Մինասյանի ավագ եղբայրը՝ Արմեն Մինասյանը, ևս մասնագիտությամբ բժիշկ է, ակնաբույժ: «Համաձայն եմ Հարությունի հետ, որ մեր ընտանիքում այս մասնագիտության ընտրությունը իսկապես կանխորոշված էր: Ընտրել եմ ակնաբուժությունը, որովհետև կարծում եմ, որ այն բժշկության մեջ ամենահետաքրքիր ճյուղերից մեկն է»: 

Արմեն Մինասյանն ավարտել է Երևանի բժշկական համալսարանը 1991 թ., այնուհետև, տեղափոխվելով ԱՄՆ, շարունակել ուսումը Նյու-Յորքի «Կոլումբիա» համալսարանում: Արմեն Մինասյանը մեկուկես տասնամյակ աշխատել է UCLA համալսարանին կից ակնաբուժական կլինիկայում: «Հայաստանում ակնաբուժությունը միշտ էլ զարգացած է եղել, ընդհանրապես ակնաբուժությունը ավելի զարգացած է, քան որևէ այլ մասնագիտություն: Տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ՝ հիմա առավել ևս»: 

Արմեն Մինասյանն այժմ աշխատում է Հայաստանում: «Աշխատում եմ հիմնադրամում, որը մեծ նախագծեր է իրականացնում Հայաստանում, որոնցից մեկն էլ Դիլիջանի միջազգային դպրոցի ստեղծումն է: Կրթական հաստատությունն ունենալու է բժշկական կետ, որի աշխատանքներն ենք հիմա իրականացնում»:

Մինասյանների բժշկական՝ չորրորդ սերունդը կրտսեր Լեոնիդն է՝ Արմեն Մինասյանի որդին: Նա բժշկական կրթություն է ստանում ԱՄՆ-ում, ունի նեյրոգիտության բակալավրի տիտղոս:

Թե բժշկության մեջ, որ ուղղությունը կընտրի Մինասյանների ամենակրտսեր բժիշկը, ցույց կտա ժամանակը: Հաշվի առնելով հանգամանքը, որ Մինասյանների ընտանիքում շարունակում են նախապատվությունը տալ ամենահումանիստական մասնագիտությանը` ապա վստահաբար կարելի է ասել, որ կոչումով բժիշկների տոհմածառի ճյուղերն ապագայում կշատանան:

Տեսանյութ