Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԱՐԹԱԿ / Կոչումով բժիշկ նախագիծ / «Կոչումով բժիշկ». Զոհրաբյաններ

«Կոչումով բժիշկ». Զոհրաբյաններ

«Զոհրաբյան» ազգանունը իր արժանի տեղն ունի հայկական նշանավոր բժշկական ընտանիքների շարքում:  Ընտանիքի մի քանի սերունդներ են մասնագիտացել բժշկագիտության տարբեր ոլորտում: Զոհրաբյանների բժշկական առաջին ճյուղը սկիզբ է առնում Սուրեն Գեղամի Զոհրաբյանից: Նա ծնվել է 1921 թ. ապրիլի 5-ին, Էջմիածնի շրջանի Աղավնատուն գյուղում, ուսուցչի ընտանիքում: 1942 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը: 

«Բժշկության հանդեպ իմ սերը գալիս է դեռևս դպրոցից, որը կոչվում էր կենտրոնական ցուցադրական դպրոց, չկա հիմա այդ դպրոցը: Դպրոցում սովորել եմ հայ մեծ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Ակսել Բակունցի զավակների հետ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքի նախագծի հեղինակ Ռազմիկ Ալավերդյանի հետ: Մեր դպրոցում էր նաև Ղուկաս Չուբարը՝ Մատենադարանի շենքը զարդարող Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանների հեղինակը: Այդ դպրոցն իմ ապագա մասնագիտության որոշման հարցում մեծ ներդրում ունեցավ: Էդվարդ Միրզոյանը անմիջապես ինձ մոտ էր նստում: Միասին չարաճճիություններ ենք արել, անգամ երկու անգամ դպրոցից հեռացվել ենք: Մեր համադասարանցիներից մեկը՝ Մարգարիտա Գաբրիելյանը, որը երաժշտության ոլորտում դարձավ պրոֆեսոր, Էդիկի պատրաստած «թակարդն ընկավ», նստեց թանաքամանի վրա: Մեզ կանչեցին ուսուցչանոց, պարկով ծածկեցինք Էդիկի գլուխը, անդրավարտիքը հանեցինք, իսկ նա, որ շատ կատակասեր էր, կիսամերկ գնաց ուսուցչանոց: Հաջորդ անգամ առանց զգուշացնելու, պատի կուսակցական թերթ փակցնելու համար հեռացվեցինք: Բայց, տեսան, որ «հանցանքը» մեծ չէ, մեզ թույլատրեցին վերականգնել ուսումնական գործընթացը: Դպրոցն ավարտել եմ գերազանցությամբ: Կրթական այդ հաստատության շենքում հիմա Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցն է: Լավ մանկավարժներ ունեինք, դպրոցը տասը խումբ ուներ: Ինձ ամենից շատ հետաքրքրում էին ֆիզիկա և կենսաբանություն առարկաները: Ես հետաքրքրվում էի կենդանիներով, թռչուններով: Կամաց-կամաց սեր առաջացավ դեպի մարդկային կառուցվածքը, մարդու կեցվածքը, և ես կարծես՝ որոշեցի, որ երբ դպրոցն ավարտեմ, անպայման գնամ բժշկության ուղղությամբ»,- պատմում է Սուրեն Զոհրաբյանը:

Նրա հայրը՝ Գեղամ Մկրտչի Զոհրաբյանը, հայոց լեզվի վաստակավոր ուսուցիչ էր, արժանացել է Խորհրդային Միության ամենաբարձր պարգևի՝ Լենինի շքանշանի: Մայրը հայկական դպրոցում ռուսերեն էր դասավանդում: Սուրեն Զոհրաբյանի խոսքով, ծնողները չափազանց ուրախացել են, երբ լսել են որդու՝ բժշկի մասնագիտությունն ընտրելու որոշման մասին: 

«1938 թվականին ընդունվեցի բուհ, այսօր էլ հետադարձ հայացք գցելով իմ անցած ճանապարհին, կարող եմ ասել, որ շատ ուրախ եմ, որ բժշկական ընդունվեցի, այնտեղ էլ լավ սովորեցի, ստալինյան կրթաթոշակառու էի, ստանում էի երկու հարյուր ռուբլի: Ես շատ սիրեցի իմ մասնագիտությունը, հասկացա, որ իսկապես այն մարդկանց անհրաժեշտ է: Իմ մասնագիտական գործունեություն սկսվեց ռազմաճակատում, երրորդ կուրսում էի 1942 թվականի սկզբին մեզ՝ որպես բժիշկ տարան պատերազմ: Ամենադժվարը հենց այդ տարիներն էի: Շարժական դաշտային հոսպիտալում էինք, և իմ առաջին ուսուցիչը՝ համարում եմ այն փորձը, որ ես ձեռք բերեցի պատերազմի դաշտում»,- ասում է անվանի բժիշկը:

Հոսպիտալում ծառայության ընթացքում Սուրեն Զոհրաբյանն աշխատել և առաջարկել է պերիֆերիկ նյարդային համակարգի վնասվածքներից հետո ցավային համախտանիշների բուժման նոր մեթոդ, որի համար պարգևատրվել է ԽՍՍՀ նախարարների խորհդի 3-րդ կարգի դիպլոմով: 

Ակադեմիկոսը 1946 թ. հիմնադրել է Հայաստանում առաջին նյարդավիրաբուժական բաժանմունքը, որն այսօր կրում է իր անունը:

Մեկ տարի անց՝ 1947 թ. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, իսկ 1957 թ. դոկտորոկան աշխատանքը: 

1958 թ. լինելով ԵՊԲԻ-ի պրոռեկտոր, Մոսկվայի հետ բանակցությունների շնորհիվ, ստեղծել է բժիշկների վերապատրաստման ֆակուլտետը, որի հիման վրա 1963 թ. բացվել է Բժիշկների վերապատրաստման պետական ինստիտուտը (ГИДУВ): 1958 թ. պրոֆեսոր Զոհրաբյանը ստեղծել է նյարդաբանական և նեյրովիրաբուժական ամբիոնը, որը ղեկավարել է 37 տարի: Այս ամբիոնն ուներ գիտաուսումնական ուղղություն և արժանացել է ԽՍՍՀ առողջապահության նախարարության բարձր գնահատականին: 

«1960 թվականին գործուղվել եմ Իրաք, երկու տարի աշխատեցի՝ այնտեղ կազմակերպելով նյարդավիրաբուժական կլինիկա, միաժամանակ դասավանդում էի Բաղդադի բժշկական ինստիտուտում, այնտեղ կատարել եմ բազմաթիվ վիրահատություններ, մոտ մեկ տարի աշխատել եմ նաև ԱՄՆ-ում, ապա նաև՝ գործուղվել եմ Աֆրիկա: Աշխատեցի Հյուսիսային Զամբիայի համալսարանում, որն ուներ միայն երգի ու պարի բաժին, նրանց հորդորով, ես կազմակերպեցի բժշկական ֆակուլտետ: Երեսուն տարի անց ես հավիրվել եմ այդ ֆակուլտետի 30-ամյակին, մինչև այսօր իմ նկարն այնտեղ փակցված է»,-միջազգային իր գիտագործնական աշխատանքի մասին նշում է ակադեմիկոս Զոհրաբյանը:

Բժշկական գործունեության տասնամյակների ընթացքում ապաքինել է բազմաթիվ հիվանդների: Նրա այցելուներից է եղել Մարտիրոս Սարյանը, որի հետ բժիշկն ունեցել է մտերմիկ ընկերական հարաբերություններ: 

«Մարտիրոս Սարյանն հաճախ էր ինձ մոտ բուժվում: Եթե հյուրեր էին գալիս, անպայման իր հետ միասին գնում էինք զբոսնելու»,-պատմում է Սուրեն Զոհրաբյանը՝ մատնացույց անելով լուսանկարը, որտեղ Մարտիրոս Սարյանի որդին է, թոռը, իր կինը և դուստրը՝ Անահիտ Զոհրաբյանը: Մարտիրոս Սարյանի հետ օրվա զբոսանքը հավերժացրել է Սուրեն Զոհրաբյանը: 

Սուրեն Զոհրաբյանը հրատարակել է 287 գիտական աշխատանքներ, այդ թվում մենագրություններ՝ «Կաուզալգիա-կլինիկան և բուժումը», «Գլխուղեղի և ողնուղեղի հիվանդությունների ախտորոշիչ վիրահատությունները», «Գանգուղեղային վնասվածք», «Նյարդաբանության և նյարդավիրաբուժության մեջ ներվիզմի գաղափարը» թեմաներով: 

Զոհրաբյանի ղեկավարությամբ պաշտպանվել են 9 դոկտորական, 37 թեկնածուական ատենախոսություններ: Գիտական ելույթներ է ունեցել Իսպանիայում, Կանադայում, Ճապոնիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Հնդկաստանում, Անգլիայում, Հոլանդիայում, ԱՄՆ-ում, Հարավային Կորեայում, Զամբիայում, Մոսկվայում: 

1987 թ. ընտրվել է Եվրազիական նեյրովիրաբուժական ակադեմիայի իսկական անդամ: 

1970-71 թթ. հիմնադրել է զամբիական բուժական ֆակուլտետ և ուսումնական հոսպիտալ, 1987 թ. մանկական նյարդավիրաբուժության բաժանմունք: 

1989 թ. Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական հիվանդանոցում նեյրովիրաբուժական բաժանմունքի հիմնադիրն է, իսկ 1993 թ. նրա նախաձնությամբ է ստեղծվել սպինալ կենտրոն Երևանի «Կարմիր խաչում»: 

Հայրենական Մեծ պատերազմում մասնակցության համար արժանացել է բազմաթիվ պարգևների, որոնց թվում են «Պատվավոր աշխատանքի համար», «Առողջապահության գերազանցություն», «Մարշալ Բաղրամյան», «Մխիթար Հերացի» մեդալները: 

«Ամենամեծ բավականությունը, որ ստացել ու շարունակում եմ ստանալ բժշկական իմ գործունեությունն իրականացնելիս՝ դժվար իրավիճակներում հիվանդի ճշգրիտ ախտորոշումն է: Կարևոր եմ համարում այստեղ մեծ փորձը, որը ձեռք եմ բերել նաև աշխարհի տարբեր եկրներում իմ գիտագործնական աշխատանքի ընթացում»:

Սուրեն Զոհրաբյանն այսօր էլ շարունակում է իր աշխատանքը, բժշկական օգնություն ցուցաբերում, օգնության հասնում բազմաթիվ մարդկանց: 

Բժշկուհի էր նաև Սուրեն Զոհրաբյանի կինը` Լարիսա Մելիք-Մկրտչյանը: Նա ծնվել էր Արցախի Շուշի քաղաքում: Նա ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, պաշտպանել թեկնածուական դիսերտացիան: Նա մասնագիտությամբ մանկաբույժ էր: Բժշկական գիտությունների դոցենտը դասավանդել է նույն բուհում, աշխատել` ՀՀ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական, ինչպես նաև Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոններում: 

Զոհրաբյանների բժշկական ընտանիքի երկրորդ սերնդի ներկայացուցիչը Արշակ Սուրեն Զոհրաբյանն է, որը հայրիկի՝ Սուրեն Զոհրաբյանի խորհրդով բժշկական բարձրագույն կրութությունը շարունակեց նյարդաբանության և նյարդավիրաբուժության գծով: 

1971 թ. նա ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտը, 1972-79 թթ. անցել է օրդինատուրա և ասպիրանտուրա ՍՍՀՄ ԲԳՄ Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտում (Մոսկվա) և ՍՍՀՄ ԱՆ Բժիշկների վերապատրաստման կենտրոնական ինստիտուտում: Արշակ Զոհրաբյանի մասնագիտական կողմնորոշման գործում մեծ դեր է ունեցել հայրը՝ ակադեմիկոս Սուրեն Զոհրաբյանը:

«Դպրոցական տարիներին գնում էի հիվանդանոցներ, տեսնում, թե նա ինչպես է աշխատում, հետաքրքրությունը մեծ էր, որը հետո շարունակվեց բժշկական համալսարանում: Այն ժամանակ աշխատում էին այնպիսի նշանավոր բժիշկներ, ինչպիսին էին Սեդրակ Շարիմանյանը, Արշակ Պետրոսյանը, Արսեն Միրզոյանը, Սիմոն Միրզոյանը, բախտ ունեցա նրանց տեսնելու, լսելու նրանց դասախոսությունները: Բժիշկ դառնալու իմ ցանկությունը մեծացավ հատկապես ուսանողական տարիներին: Այդ ժամանակ ես աշխատում էի հիվանդանոցում` որպես բուժակ: Այդ ընթացքում ես սովորեցի բժշկության մեջ այսպես ասած՝ «սև գործը»՝ երակ մտնել, վիրակապել, որը հետագայում ինձ շատ օգնեց: Չնայած հայրս չէր ուզում, որ ես դառնամ նեյրովիրաբույժ, սակայն ես ցանկություն ունեի, վերապատրաստվեցի Մոսկվայում»,-նշում Արշակ Զոհրաբյանը: 

1980-87 թթ. Արշակ Զոհրաբյանը եղել է Երևանի շտապօգնության հիվանդանոցի նյարդավիրաբուժական կլինիկայի օրդինատոր: Անվանի բժիշկը վերապատրաստվել է Լոմ-Լինդի համալսարանների բժշկական կենտրոններում (Հարավ-կալիֆորնիական համալսարան, Լոմ-Լինդ, ԱՄՆ) միկրոնյարդավիրաբուժության և նյարդառադիոլոգիայի բնագավառում: Արշակ Զոհրաբյանը շուրջ հինգ տարի աշխատել է Մոսկվայի ԲԳԱ Բուրդենկոյի անվան նյրադավիրաբուժության ինստիտուտում: Բժշկական գիտությունների դոկտոր Արշակ Զոհրաբյանը 1997 թ. առայսօր ղեկավարում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ռադիոլոգիայի բաժանմունքի համակարգչային տոմոգրաֆիայի ծառայությունը: 

«Նոր ծրագրեր հայտնվեցին, որոնք հնարավորություն էին տալիս մեկնել արտասահման, վերապատրաստվել: Ես առաջիններից էի, որ մեկնեցի ԱՄՆ, որտեղ բացի իմ մասնագիտությունից, ծանոթացա համակարգչային տոմոգրաֆիայի առանձնահատկություններին: Այն փորձը, որ ես ձեռք բերեցի նեյրովիրաբուժությամբ զբաղվելիս, հիմա ինձ շատ է օգնում: Հիվանդին մենք զննում ենք և համադրելով ռադիոլոգիական և կլինիկական հետազոտությունները՝ օգնում ավելի ճիշտ մոտենալ հիվանդությանը: Այդպես ախտորոշումն առավել ստույգ է»,- պատմում է մասնագետը:

Արշակ Զոհրաբյանը թեկնածուական թեզը պաշտպանել է Մոսկվայում, «Անոթային պարկինսոնիզմ: Կլինիկան և բուժումը» թեմայով: Դոկտորական աշխատանքի թեման եղել է «Կլինիկո-համակարգչային տոմոգրաֆիկ բնորոշում գանգուղեղային վնասվածքների և գանգային ինսուլտների ժամանակ»: 2001 թ. մինչև այսօր ԵՊԲՀ ՀՏ բժիշկների օրդինատուրայի ղեկավարն է: Նա ղեկավարում է նաև ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման բժիշկների օրդինատուրան: Հեղինակ է մոտ հինգ տասնյակ գիտական աշխատանքների, որոնք տպագրվել են Հայաստանում ու արտասահմանում: Արշակ Զոհրաբյանը գիտական զեկույցներ է ներկայացրել աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում նեյրովիրաբուժների ամերիկյան ասոցիացիայի կոնգրեսների ժամանակ, Գերմանիայում, Լեհաստանում, Հունաստանում, Անգլիայում, Բելգիայում:

«Հայրիկից ես առաջինը սովորեցի հիվանդի հանդեպ լինել չափազանց ուշադիր, համբերատար լսել նրան, զրուցել՝ չխնայելով ժամանակը, ուշադիր լինել հիվանդի նկատմամբ»,-ասաց Արշակ Զոհրաբյանը: 

Զոհրաբյանների բժշկական երկրորդ սերնդի ներկայացուցիչներից էր նաև Անահիտ Զոհրաբյանը: Հայրն առանձնահատուկ գորովանքով է ընդգծում դստեր մասին: 

«Նա շատ տաղանդավոր էր, մենք տեղյակ չէինք՝ ինչպես ավարտեց դպրոցը, ապա նաև ընդունվեց բժշկական համալսարան, որն ավարտեց գերազանցությամբ: Ասպիրանտուրան սովորեց Մոսկվայում, ստացավ նյարդահոգեբանի մասնագիտությունը: Մոսկովյան եռամյա ասպիրանտական ուսումնառության ընթացքում նրա ղեկավարն էր ակադեմիկոս Ալեքսանդր Նիկոլայի Կանավալովը՝ այն բժիշկ-գիտնականը, որը դարձավ Ռուսաստանի հերոս, նա Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի ղեկավարն էր: Հիանալի կերպով պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը, վերադարձավ Երևան: Նա ամուսնացավ անգլիացի տղայի հետ, գրադարանում էին ծանոթացել: Մաքուր անգլերեն խոսող հայուհին հրապուրել էր անգլիացի երիտասարդին: Անահիտն անմիջապես ընդունվեց Լոնդոնի քոլեջ, ուսումնասիրեց նեյրոգիտությունների, հոգեթերապիայի ոլորտը»,-նշում է Սուրեն Զոհրաբյանը: Պրոֆեսոր Անահիտ Զոհրաբյանն աշխատեց երկար, ձեռք բերեց մեծ համբավ: Ծանր հիվանդությունից հետո 2013 թ. Անահիտ Զոհրաբյանը մահացավ: Նա զավակներ չուներ: Սուրեն Զոհրաբյանի մյուս դուստրը՝ Նարինե Զոհրաբյանը, ևս մասնագիտությամբ բժշկուհի է:

«Նարինեն նախ դարձավ շտապօգնության բժիշկ, այնուհետև մեկնեց Անգլիա, սակայն նախընտրեց այլ ոլորտ: Նա գործունեությունը շարունակում է բանկային համակարգում»:

Զոհրաբյանների ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչը Արշակ Զոհրաբյանի որդին է՝ Սուրեն Զոհրաբյանը: Կրտսեր Սուրենը ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, ապա բժշկական բարձրագույն կրթությունը շարունակել է Անգլիայում, դարձել առողջապահության կազմակերպիչ: Կրտսերը Սուրենը պապիկի՝ անվանի նյարդավիրաբույժ Սուրեն Զոհրաբյանի հետ երկար խորհրդակցելուց հետո ի վերջո որոշել է այլ գործունեություն ծավալել: 

Անդրադառնալով «Կոչումով բժիշկ» նախագծին՝ ակադեմիկոս Սուրեն Զոհրաբյանն ընդգծեց, որ այն կարևոր ու անհրաժեշտ է հատկապես հայ անվանի բժիշկների անցած ուղին արժևորելու, նրանց մասնագիտական նվաճումները եկող սերունդներին փոխանցելու առումով:

Տեսանյութ