Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԱՐԹԱԿ / Կոչումով բժիշկ նախագիծ / «Կոչումով բժիշկ». Հովհաննիսյաններ-Եղիկյաններ

«Կոչումով բժիշկ». Հովհաննիսյան-Եղիկյաններ

Հովհաննիսյանների ընտանիքը Հայաստանի բժշկական ամենամեծ գերդաստաններից մեկն է: Մեր երկրի առողջապահական համակարգի տարբեր ճյուղերի զարգացումը մեծապես կապված է նաև այս նշանավոր գերդաստանի անդամներից յուրաքանչյուրի անվան հետ: Բժշկական ընտանիքը Հայաստանին տվել է բժիշկների մի քանի սերունդ: Հովհաննսիյանների բժշկական առաջին ճյուղը սկիզբ է առնում Սուրեն Զաքարի Հովհաննիսյանից: Նա ծնվել է 1920թ. սեպտեմբերի 1-ին Լենինականում (Գյումրի): Այնուհետև նրանց ընտանիքը տեղափոխվել է Թբիլիսի, որտեղ և 1938թ. ավարտել է միջնակարգ դպրոցը: Նույն տարում Սուրեն Հովհաննիսյանը ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարան: Ավարտելով բարձրագույն բժշկական կրթությունը` 1942թ. Սուրեն Հովհանիսյանը, որպես պրակտիկ բժիշկ, գործուղվել է Խորհրդային բանակ` սկզբում որպես 320-րդ հրաձգային դիվիզիայի 478-րդ գնդի կրտսեր բժիշկ: 1943 թ. նա նշանակվել է գլխավոր հրամանատարության 44-րդ ականանետային դիվիզիայի 158-րդ գնդի ավագ բժիշկ: 1946թ. անվանի բժիշկը զորացրվել է Խորհրդային բանակի շարքերից և սկսել է աշխատել որպես ֆակուլտետային օրդինատոր ԵՊԲԻ վիրաբուժական կլինիկայում, որը գործում էր 3-րդ քաղաքային հիվանդանոցի բազայի վրա` Խորհրդային միության անվանի վիրաբույժ, ՍՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ Ռուբեն Յոլյանի ղեկավարությամբ: 1952 թ. փետրվարից Սուրեն Հովհաննիսյանը միաժամանակ աշխատել է 3-րդ բուժմիավորման բժշկական բաժնի գլխավոր բժշկի տեղակալ, իսկ 1953թ. մարտից մինչև 1954թ. սեպտեմբերը ղեկավարել է Ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտի վիրաբուժական բաժանմունքը: 1952թ. Սուրեն Հովհաննիսյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը` «Թարախային հետվիրահատական հիվանդությունների ժամանակ ոսկրուղեղի արյունաստեղծ ֆունկցիայի վերաբերյալ» թեմայով: 1954-1958թթ. բժշկագիտության նվիրյալը եղել է ԵՊԲԻ ֆակուլտետային վիրաբուժության ասիստենտ, ապա նաև` Բժիշկների վերապատրաստման պետական ինստիտուտի վիրաբուժության ամբիոնի դոցենտ: 1965թ. պաշտպանել է դոկտորոկան թեզը: 1971-1988թթ. պրոֆեսոր Սուրեն Հովհաննիսյանը ԵՊԲԻ ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի ղեկավարն էր: Պրոֆեսորը 108 գիտական աշխատանքի, այդ թվում մեթոդական խորհրդատվությունների, առաջարկների և մենագրությունների հեղինակ է: Նրա հետազոտություններում գերակշռում են արյունաբանությանը, որովայնի և կրծքային վիրաբուժությանը, պրոկտոլոգիային, ուռուցքաբանությանը, վիրաբուժության մեթոդների կատարելագործմանը վերաբերող հարցերը: 1965-1969թթ. Սուրեն Հովհաննիսյանը եղել է ՀՍՍՀ առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժը: Անվանի պրոֆեսորը իրականացրել է հազարավոր վիրահատություններ, փրկել` հազարավոր կյանքեր: Նրա մասնագիտական բարձր գիտելիքների ու փորձի, մարդկային ջերմ հոգատարության ու ուշադրության շնորհիվ հազարավոր մարդիկ նորից կյանք են առել: Սուրեն Հովհաննիսյանի կյանքի ու աշխատանքային գործունեության լավագույն ժամանակները նվիրվել են բժիշկների մասնագիտական պատրաստության ազնիվ գործին: Նա կրթել ու պրակտիկ աշխատանքի է գործուղել բժիշկների բազմաթիվ սերունդների:

«Դեռևս մանկուց հիշում եմ՝ պատմում էին, որ պապիկիս հերթապահության ժամանակ հիվանդանոց են տեղափոխում սիրտը դանակահարած մի երիտասարդի, պապիկս նրան վիրահատում, փրկում է: Անցնում է 30, 40, 50 տարի, այդ ընտանիքը իր բժշկին չի մոռանում: Յուրաքանչյուր տարի Ամանորին առավոտյան 08:30-ին մեր տան դռան զանգն էր լսվում, այդ անձը գալիս էր՝ առաջինը շնորհավորելու իր կյանքը փրկած բժշկին: Հիմա արդեն նրա որդին է ամեն հունվարի մեկին այցելում մեզ: Ուզում եմ ընդգծել, որ բժիշկ-հիվանդ կապը հետագայում վերածվել է բարեկամական հարաբերության, պապիկիս ապաքինած մարդկանցից շատերը դարձել են մեր ընտանիքի հարազատ անձինք, ընկերները: Հպարտ եմ, որ առաջին ուսումնական պրակտիկաս անցել եմ պապիկիս մոտ, դեռևս 2-րդ կուրսի ուսանող էի, երբ նրա հետ մտա վիրահատարան, ինչպես բժշկական «լեզվով» են ասում՝ «լվացվել եմ» նրա հետ: Բոլորին է հայտնի, թե որքան դժվար է ստամոքսի ռեզեկցիան, բայց պապիկս այդ միջամտությունը նստած էր կատարում, մոտ մեկ ժամում: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» Սուրեն Հովհաննիսյանը պարգևատրվել է Աշխատանքի կարմիր շքանշանով, Մեծ Հայրենական պատերազմին մասնակցելու համար արժանացել է «Կարմիր աստղի» շքանշանի, ինչպես նաև բազմաթիվ պարգևների:

Բժիշկ էր նաև Սուրեն Հովհաննիսյանի կինը՝ Հայկանուշ Պողոսյանը: Նա եղել է Հայաստանում արյունաբանական կենտրոնի համահիմնադիրը: Մեծ է անվանի բժշկուհու ներդրումը արյունաբանական ծառայության զարգացման գործում: Բժշկական պրակտիկ գործունեությանը զուգահեռ, Հայկանուշ Պողոսյանը զբաղվել է նաև գիտական գործունեությամբ` պատրաստելով բժիշկների մի քանի սերունդների: 

Հովհաննիսյանների բժշկական ընտանիքի երկրորդ սերնդի ներկայացուցիչը Ստեփան Սուրենի Հովհաննիսյանն է: Նա ծնվել է 1944թ. հոկտեմբերի 26-ին: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ: 1967թ. գործուղվել է Աշտարակի շրջանային կենտրոնական հիվանդանոց, որտեղ նա համատեղել է շտապօգնության ծառայության ղեկավարի և բժիշկ-վիրաբույժի աշխատանքը: 1969թ. Ստեփան Հովհաննիսյանը ընդունվել է ասպիրանտուրա Մոսկվայի առաջին բժշկական ինստիտուտում: 1972 թ. երիտասարդ ասպիրանտը պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Շաքարային դիաբետի դեպքում փափուկ հյուսվածքների թարախային հիվանդությունները և ստորին վերջույթների փտախտը» թեմայով: Վերադառնալով Երևան՝ Ստեփան Հովհաննիսյանը սկսել է աշխատել շտապօգնության հիվանդանոցում որպես բժիշկ-օրդինատոր: 1979-82 թ.թ. նա գործուղվել է Ալժիր: Բժիշկն աշխատել է նաև Փարիզում և Մարսելում: «Առաջին» բառը անքակտելիորեն կապված է Ստեփան Հովհաննիսյանի անվան հետ: 1976 թ. նա եղել է հանրապետության առաջին ներստամոքսային PH –չափագրման լաբորատորիայի հիմնադիրը: 1987թ. ընտանիքի վառ ներկայացուցիչը «Էրեբունի» բժշկական կենտրոնում հիմնադրել է Հայաստանում առաջին մասնագիտացված վիրաբուժական ինֆեկցիաների բաժանմունքը:

«Ուսանողական սկզբնական տարիներին գնում էի 1-ին հիվանդանոց, ապա նաև հանրապետական, ինքը այնտեղ էր լինում: Երբ ավարտեցի համալսարանը, իմ ՝ օրդինատուրա ընդունվելը համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ հայրս դարձավ ամբիոնի վարիչ, չափազանց խիստ էր իմ նկատմամբ, ինչ համար շնորհակալ եմ»,- բժշկական իրենց մեծ ընտանիքի պատմությունը ներկայացնելով՝ նշում է Ստեփան Հովհաննիսյանի որդին`Սուրեն Հովհաննիսյանը:

Ստեփան Հովհաննիսյանը դոկտորոկան թեզը պաշտպանել է 1989թ.: 1991թ.-ից Ստեփան Հովհաննիսյանը ԵՊԲՀ վիրաբուժական հիվանդությունների Թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր էր: 1998 թ. մինչև կյանքի վերջին օրերը նա Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժական հիվանդությունների Թիվ 2 ամբիոնի վարիչն էր: 2000թ. նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամի կարգավիճակ: Ստեփան Հովհաննիսյանի ուսանողները մշտապես կհիշեն իրենց սիրելի պրոֆեսորի պատգամը՝ «հիվանդին պետք է ոչ թե ուժեղ, այլ խելացի վիրաբույժ»: Ստեփան Հովհաննիսյանի աշխատանքային օրակարգը մշտապես հագեցած էր: Նա ղեկավարել է մասնագիտական բազմաթիվ հանձնաժողովների աշխատանքները, մասնակցել՝ մասնագիտական խորհուրդների աշխատանքներին: Անվանի պրոֆեսորը չի սահմանափակվել միայն մասնագիտական գործունեությամբ: Բազմակողմանի զարգացած գիտնականը սիրում էր երաժշտություն, գրականություն, իսկ նրա ստեղծագործական տաղանդը դրսևորվել է ձեռագիր ստեղծագործություններում, որոնցով զբաղվել է ազատ ժամերին: Պրոֆեսոր Հովհաննիսյանի կենսուրախ լիցքերն ու դրական էներգետիկան փոխանցվում էին հիվանդներին, նրանց համար դառնում բուժման հանդեպ հավատի լրացուցիչ աղբյուր: Պատմում են, որ նա հիվանդին փրկելու համար անգամ իր արյունն էր տալիս: Ստեփան Հովհաննիսյանը կյանքից հեռացավ 2008թ.: Նրա հանկարծակի մահը ծանր հարված էր ընտանիքի անդամների համար: Բժշկական այս ընտանիքում սակայն բժշկական տոհմիկ ավանդույթը շարունակվում է, բժիշկ են Ստեփան Հովհաննիսյանի այրին՝ Իվետա Եղիկյանը, որդին՝ Սուրեն Հովհաննիսյանը, որն էլ ներկայացնում է այս մեծ բժշկական գերդաստանի երրորդ ճյուղը: Հովհաննիսյանների բժշկական երկրորդ սերնդի ներկայացուցիչներից է նաև Ստեփան Հովհաննիսյանի քույրը՝ Գայանե Հովհաննիսյանը: Նա բժշկական ինստիտուտն ավարտել է 1973թ., ինչից հետո ամուսնու հետ ծառայության է մեկնել Չինաստանի սահման: Նա քիթ-կոկորդի մասնագետ է: «Աշխատել եմ պոլիկլինկայում, այնուհետև՝ հանրապետական հիվանդանոցում: Ուզում եմ հպարտությամբ նշել, որ դեռևս ուսումնական շրջանում ևս հայրիկիս հետ «լվացվել» եմ, մասնակցել նրա ղեկավարությամբ իրականացվող վիրահատություններին»,-հիշելով հայրիկին՝ Սուրեն Զաքարի Հովհաննիսյանին, պատմում է տիկին Գայանեն: Մայրս հեմոտոլոգիայի մասնագետ էր, հայրս գլխավոր վիրաբույժն էր, եղբայրս էր միշտ մեզ ուրախացնում, այժմ իր որդին՝ Սուրեն Հովհաննիսյանն է շարունակում բժշկական այս մեծ ընտանիքի ավանդական, միաժամանակ` նվիրական գործը»,-ասում է Գայանե Հովհաննիսյանը:

Բժշկուհի է նաև Ստեփան Հովհաննիսյանի կինը` Իվետա Եղիկյանը: Նա ևս ավարտել է Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտը: «Մայրս, հայրս եղել են բժիշկներ, սկեսուրս, սկեսրայրս միասին են սովորել բժշկականում: Մայրս գինեկոլոգ էր, նաև այդ բաժնի վարիչը: 20 տարի աշխատել եմ Քանաքեռ-Զեյթունի սրտաբանական հիվանդանոցում»,-պատմում է տիկին Իվետան: 

Հովհաննիսյանների բժշկական տոհմի երրորդ սերունդը ներկայացնում է Սուրեն Ստեփանի Հովհաննիսյանը: Նա ծնվել է 1974թ. մարտի 7-ին, Երևանում: 1997թ. Սուրեն Հովհաննիսյանը գերազանցությամբավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, ապա ընդունվել կլինիկական օրդինատուրա, ԵՊԲՀ թիվ 2 վիրաբուժության ամբիոնի բազայում, ավարտել՝ գերազանցությամբ: 2000թ. աշխատել է վիրաբույժ-օրդինատոր «Արմենիա» ՀԲԿ-ում: Նույն թվականին միաժամանակ ընդունվել ասպիրանտուրա Ս. Խ. Ավդալբեկյանի անվան ՀՀ ԱԱԻ-ի լապարասկոպիկ վիրաբուժության ամբիոնում: Սուրեն Հովհաննիսյանը թեկնածուական թեզը պաշտպանել է 2003թ. «Լյարդի էխինակոկոզի էնդովիրաբուժական բուժում» թեմայով: 2004-2006 թ.թ. ծառայության է անցել ՀՀ ԶՈՒ ԿԿԶՀ-ում և զինածառայության ընթացքում գործուղվել էվերապատրաստման Հունաստան, վերադարձել՝ գերազանց բնութագրով: 2008թ. ՀՀ ԱԱԻ գիտխորհրդի նիստում հաստատվել է նրա դոկտորական թեզը՝ «Մակերիկամի ուռուցքների ախտորոշման և վիրաբուժական բուժման եղանակների օպտիմիզացում» թեմայով: Վիրաբուժություն մասնագիտության Սուրեն Հովհաննիսյանը վերապատրաստվել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Բժշկական գիտությունների դոկտորի կոչումը ՍուրենՀովհաննիսյանին շնորհվել է 2010 թ.-ին: Մեկ տարի անց Սուրեն Հովհաննիսյանը նշանակվել է ԵՊԲՀ-ի ՌԴՎ ամբիոնի պետի պաշտոնում և միաժամանակ ԿԿԶՀ վիրաբուժության կլինիկայի ղեկավար: 2014 թ. նա նշանակվել է ԵՊԲՀ Սիմուլյացիոն կենտրոնի ղեկավար: Սուրեն Հովհաննիսյանը Հայկական, Ռուսական և Եվրոպական էնդովիրաբուժական ասոցիացիաների և հայ վիրաբույժների ասոցիացիայի անդամ է: Մասնակցել է 20-ից ավելի հանրապետական և միջազգային համաժողովների և կոնգրեսների: Սուրեն Հովհաննիսյանը հեղինակ և համահեղինակ է 51 գիտական հոդվածների, մեկ նորարարական առաջարկի և մեկ ուսումնամեթոդականձեռնարկի: Բժշկական գիտությունների դոկտորը պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, Պաշտպանության նախարարության պատվոգրերով, ՀՀ ԶՈՒ 20-ամյակին նվիրված մեդալով:

Բժիշկ է նաև Սուրեն Հովհաննիսյանի կինը` Կարինե Մանուկյանը: Նա ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, աշխատում է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Ուշագրավն այն է, որ հայ նշանավոր բժշկական ընտանիքներից շատերը ստեղծվել են` միավորելով երկու տարբեր բժշկական «ազգանուններ»` այդպիսով դնելով բժշկական մեծ գերդաստանի հիմքը: Այդ կերպ է ստեղծվել նաև Հովհաննիսյան-Եղիկյան «մեծ ընտանիքը»: Ստեփան Հովհաննիսյանի կինը` Իվետա Եղիկյանը, սերել է բժշկական մեծ ընտանիքից: Նրա հայրը` Արմիկ Մելիքի Եղիկյանը, ևս բժիշկ էր: Նա ծնվել է 1918թ. Թիֆլիսում: 1937թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ, որն ավարտելուց հետո անցել է աշխատանքի Նոյեմբերյանի շրջանի գյուղերից մեկում: 1942թ. զորակոչվել է բանակ, որտեղ ևս աշխատել է որպես կրտսեր բժիշկ, այնուհետև նա աշխատանիք է անցել Ալավերդիում: Ի թիվս բազմաթիվ պարգևների, Արմիկ Եղիկյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր բժշկի կոչումը: Անվանի բժիշկը թեկնածուական թեզը պաշտպանել է Մոսկվայի մանկաբուժական ինստիտուտում: 1972թ.նշանակվել է Արյան փոխներարկման ինստիտուտի տնօրեն: «Պապիկս եղել է անչափ բարի մարդ, իրեն անհրաժեշտ էր տեսնել, շփվել նրա հետ, շատ շնորհակալ ենք նրան՝ մեզ ազնիվ, շիտակ դաստիարակելու, օրինակելի ընտանիքի հիմքը դնելու համար»,-պատմում է Եղիկյանների բժշկական ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչ Լիլիթ Եղիկյանը: Արմիկ Եղիկյանը Բժշկական մայր բուհի ատամնաբուժական ֆակուլտետի հիմնադիրն է: Բժիշկ էր նաև Արմիկ Եղիկյանի կինը՝ Սեդա Սուջյանը: Նա մասնագիտությամբ գինեկոլոգ էր: «Տատիկս քաղաքում հայտնի սիրված բժիշկ էր: Ես որքան հիշում եմ՝ գիշերը նրան զանգահարում էին, կանչում՝ աշխատանքի, քնից արթնանում էր, շտապում՝ վիրահատության: Նա էր, որ ինձ խորհուրդ տվեց ընտրել ատամնաբուժությունը, ոչ թե գինեկոլոգիան: Տատիկս կոչումով էր բժիշկ, ուներ հիվանդների հետ շփվելու բացառիկ հատկություն, չափազանց հոգատար էր նրանց նկատմամբ: Մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները մեկտեղված էին բարի այդ կնոջ մեջ: Նա աշխատել է Երրորդ հիվանդանոցում՝ որպես բժիշկ մանկաբարձ»,-ներկայացնում է Լիլիթ Եղիկյանը: Բժշկական տոհմիկ այս ընտանիքի երկրորդ ճյուղը ներկայացնում է Արմիկ Եղիկյանի որդին՝ Էդգար Եղիկյանը: 

«Հայրս նույնպես ատամնաբույժ էր, աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանի օրթոպեդիայի ամբիոնում: Մայրս երաժշիտ էր: Եղբայրս` Արմենը, որը մասնագիությամբ դարձյալ ատամնաբույժ է, գործունեություն է ծավալում Ռուսաստանում: Եղիկյանների երրորդ սերնդի ներկայացուցիչներից Լիլիթ Եղիկյանը նշում է իր որդուն` Վահե Վանցյանին, որը ընտրել է ատամնաբույժի մասնագիտությունը: Կոչումով բժիշկների մեծ գերդաստանի չորրորդ սերնդի ներկայացուցիչն առայժմ այս մեծ ընտանիքի ամենակրտսեր բժիշկն է:

Տեսանյութ