Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԱՐԹԱԿ / Կոչումով բժիշկ նախագիծ / «Կոչումով բժիշկ». Էմիլ Գաբրիելյան

«Կոչումով բժիշկ». Էմիլ Գաբրիելյան (հատուկ թողարկում)

ՀՀ առողջապահության նախարարության «Կոչումով բժիշկ» նախագծի հատուկ թողարկումը նվիրված է ականավոր բժիշկ-գիտնական, առողջապահության հմուտ կազմակերպիչ, պետական և հասարակական գործիչ, ՀՀ առողջապահության նախկին նախարար (1975-1989թթ.), Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանին: 

Իրեն վստահված բոլոր պաշտոններում` Արթիկի շրջանի բուժմիավորման գլխավոր բժշկից մինչև բժշկական մայր բուհի ռեկտոր ու առողջապահության նախարար, նա աշխատեց մեծ նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ: Երբեք չկորցրեց ազնվատոհմիկ ընտանիքից ժառանգած հոգևոր բարձր արժեքները։ Բազմակողմանի զարգացած այդ անձնավորությանը մոտիկից ճանաչողներն առավել քան վստահ էին, որ ինչ մասնագիտություն էլ ընտրած լիներ` իր իմաստնությամբ ու խորաթափանցությամբ, իր կամքի մեծ ուժով ու աշխատասիրությամբ, անտարակույս, կառանձնանար ու մեծ ճանաչում կունենար։ 

Իր ժամանակակիցների հուշերում Էմիլ Գաբրիելյանը առաջին հերթին մնաց որպես հանրապետության առողջապահության ոլորտի անառարկելի հեղինակություններից մեկը, որպես Հայաստանի առողջապահության մինիստր։ Հաղթահարելով խորհրդային ռեժիմի սահմանափակումները` իր ղեկավարած տարիների (1975-1989թթ.) ընթացքում նա ոլորտի զարգացմանը մի նոր թափ հաղորդեց։ Իրեն բնորոշ խորաթափանցությամբ Էմիլ Գաբրիելյանը ոչ միայն համակարգում ներդնում էր նորն ու առաջադեմը, այլև կանխատեսելով վաղվա զարգացումները, դրանց համար ամուր հիմքեր նախապատրաստում։ Այդ տարիներին կառուցվեցին բազմաթիվ հիվանդանոցային համալիրներ, կենտրոններ, կլինիկական ինստիտուտներ։ Դրանցից «Դիագնոստիկա» ախտորոշիչ կենտրոնն առաջինն էր ԽՍՀՄ-ում: Հետագայում Երևանի օրինակով նման կենտրոններ ստեղծվեցին ԽՍՀՄ այլ հանրապետություններում։ Նրա ղեկավարման ընթացքում կառուցվեց ու զարգացավ նաև հանրապետության շրջանային հիվանդանոցների մեծ մասը։ Պատահական չէր, որ առողջապահության նախարար Էմիլ Գաբրիելյանին հաճախ անվանում էին շինարար։ Սակայն հեռատես ու մշտապես առաջ նայող գործիչը չէր կարող բավարարվել միայն շենքեր կառուցելով։ Նա մշտապես հետամուտ էր նոր սարքավորումների ձեռքբերման ու առաջատար մեթոդների ներդրման գործում։ 

Էմիլ Գաբրիելյանի հայրենասիրական ու մարդասիրական էությունն առավել ցայտուն դրսևորվեց 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերին։ Ցավը հոգում սեղմած` ամիսներ շարունակ չէր հեռանում աղետի էպիկենտրոնից։ Եթե չլիներ նրա կազմակերպչական տաղանդը` երկրաշարժից տուժած հազարավոր երեխաներ ու մարդիկ անհրաժեշտ բժշկական օգնություն չէին ստանա։ Այդ մասին հիշատակել է նաև ԽՍՀՄ այն ժամանակվա առողջապահության նախարար Ե. Չազովը. «Հայաստանին պատահած ողբերգության ժամանակ Էմիլ Գաբրիելյանը հսկայական ջանքեր ներդրեց տուժածներին պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու գործում։ Հայ ժողովուրդը չպետք է մոռանա բազմաթիվ կյանքեր փրկելու մեջ նրա նվիրական ավանդը»։

Էմիլ Գաբրիելյանը համաշխարհային ճանաչում վայելող գիտնական էր: Նա մի շարք ակադեմիաների, գիտական խորհուրդների և առողջապահական միությունների անդամ էր: Առաջին հայ գիտնականն էր, ում մարդասիրության և կյանքի պաշտպանության բնագավառում ցուցաբերած նվիրման ու նվաճումների համար 1991 թվականին Սպիտակ խաչի ասպետների համաշխարհային կոնֆեդերացիայի կողմից շնորհվեցին «Մարդկության Ասպետ» և «Շեվալյե» ազնվական տիտղոսները: Նա պարգևատրվեց նաև «Հանուն կյանքի» շքանշանով և «Ասպետական խաչ»-ով: Մեծ Բրիտանիայում Տարվա միջազգային մարդ, Միացյալ նահանգներում Տարվա մարդ ճանաչված մեծանուն գիտնականի բոլոր պարգևներն ու տիտղոսներն ամբողջապես թվարկել հնարավոր չէ: Նա կրկին առաջինն էր, որ առողջապահության և մարդկության առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում նշանակալի վաստակի համար 1999 թվականին արժանացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կալինգա» միջազգային մրցանակի դափնեկրի կոչմանը: 

Էմիլ Գաբրիելյանը 1994 թվականից եղել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիայի փոխպրեզիդենտ, տեղեկատվական գիտությունների, միջազգային ակադեմիաների ակադեմիկոս, Ռուսաստանի բնական և բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիաների անդամ, Ֆրանսիայի դեղագետների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, դեղագետների միջազգային ֆեդերացիայի, դեղաբանների համաշխարհային միության անդամ: 

Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը մեծ ճանաչում ուներ ոչ միայն մեր հանրապետությունում, այլև` աշխարհում:

1996-1998թթ. նա եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր գրասենյակի (ժնև) Հիմնական դեղերի ծրագրի ղեկավար կոմիտեի անդամ, 2001-2006թթ.` ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի (Կոպենհագեն) տնօրեն Մարկ Դանզոնին առընթեր գործող Եվրոպայի առողջության հետազոտման խորհրդատվական կոմիտեի տասն անդամներից մեկը: 

Մեծ գիտնականի համար միշտ թանկ ու հարազատ մնաց Երևանի պետական բժշկական ինստիտուը, որտեղ ուսանել, բժշկագիտական իր առաջին քայլերն էր կատարել ու նաև ղեկավարել։ 

Ամենուր Էմիլ Գաբրիելյանն իր հետ տարել է ժամանակի թարմ շունչն ու նորամուծությունը։ Առավել ևս` երիտասարդ, ավյունով լեցուն տարիքում Երևանի պետական բժշկական ինստիտուտի ռեկտոր աշխատած տարիներին։ Ոչ միայն մայր բուհը ցեկավարած 4 տարվա, այլև իր ողջ գործունեության ընթացքում նա երբեք չդադարեց լինել ուսանողների սիրելի դասախոսը։ Էմիլ Գաբրիելյանն իր գիտելիքներն ուսանողներին էր փոխանցում մեծ մարդուն ու գիտնականին վայել շռայլությամբ ու նաև խստապահանջությամբ։ Այսօր մայր հայրենիքում և աշխարհի բազում երկրներում` ԱՄՆ-ում, Դանիայում, Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունում և այլուր աշխատող նրա նախկին ուսանողների համար անմոռանալի են Էմիլ Գաբրիելյանի անկրկնելի, խորաթափանց դասախոսությունները` նյութի ուրույն մատուցմամբ ու տպավորիչ ձայնով... 

1992-ին՝ երկրի համար տնտեսական ծանր ժամանակաշրջանում, ակադեմիկոս Գաբրիելյանը` համագործակցելով միջազգային հեղինակավոր կառույցների հետ, կարողացավ հետխորհրդային հանրապետություններից առաջինը Հայաստանում ստեղծել «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձաքննության գիտական կենտրոնը»։ Միջազգային շատ փորձագետների կողմից այն հաճախ բարձր գնահատականի է արժանացել։ Էմիլ Գաբրիելյանի համար կենտրոնն առավել կարևորվում էր առաջին հերթին մեր բնակչության առողջության ապահովման համար։ Մեծ գիտնականն իր գիտելիքներն ու փորձը հաղորդում էր նաև գործընկերներին: Նա նաև այս պաշտոնում առանձնանում էր ժամանակից առաջ նայելու ունակությամբ։ Նրա հետևողականության շնորհիվ Հայաստանում ստեղծված Դեղերի փորձագիտական կենտրոնը լավագույններից մեկն էր հետխորհրդային տարածաշրջանում։ 

ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի վերլուծական լաբորատորիան արդեն շուրջ տասնհինգ տարի է, ինչ առողջապահության համաշխարհային կազմակերպության և դեղագետների միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպվող մասնագիտական պիտանիության միջլաբորատոր թեստերի ամենամյա մրցույթներում բարձր արդյունքներ է ապահովում։

1995 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Գլխավոր ասամբլեայի տարեկան նիստում Էմիլ Գաբրիելյանն ընտրվել է ԱՀԿ-ի «Հիմնական դեղերի գործող ծրագրի կառավարող խորհրդատվական կոմիտեի» անդամ: Եղել է ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի (Կոպենհագեն) տնօրեն Մարկ Դանզոնին առընթեր գործող «Եվրոպայի առողջության հետազոտման խորհրդատվական կոմիտե (EACHR)»-ի տասը անդամներից մեկը։ 2001-2005թթ. եղել է ՀՀ նախագահի մրցանակների բժշկագիտական հանձնաժողովի նախագահը:

Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը 1995-1998-ին եղել է էսենցիալ դեղերի գործող ծրագրի քաղաքականության ԱՀԿ ղեկավար կոմիտեի (ԱՀԿ, Ժնեւ), իսկ 2001-2006–ին՝ առողջության ուսումնասիրման Եվրոպական խորհրդատվական կոմիտեի անդամ։ Նա նաև դեղաբանների համաշխարհային գիտական ընկերության նախագահության անդամ էր, դեղագիտության Ֆրանսիական ազգային ակադեմիայի թղթակից-անդամ։ Նա միաժամանակ «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնի վարչական կառավարման նախագահն էր և այլն, և այլն։ 

Մինչև իր կյանքի վերջին օրերը նա ղեկավարեց առողջապահության ոլորտի կարևորագույն այդ կառույցը` Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը։ Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը հեղինակ է ավելի քան 400 գիտական հրապարակման, դեղաբանության 5 դասագրքի, դեղաբուժության ձեռնարկների ու մենագրությունների։   

Էմիլ Գաբրիելյան պետական գործչի գործունեությունը բարձր գնահատականի է արժանացել բոլոր ժամանակներում։ Բազում պարգևների շարքում թերևս հիշատակենք Աշխատանքային կարմիր դրոշի և «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանները, իսկ անկախ Հայաստանի Հանրապետությունում` ՀՀ նախագահի կողմից շնորհված Մխիթար Հերացու մեդալը և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից` «Սուրբ Մաշտոց-Սուրբ Սահակ» շքանշանը։

«Կյանքն ամենամեծ պարգևն է։ Ամեն մի անհատի ծնունդը միլիարդավոր պատահականությունների արդյունք է՝ եզակի ընծա»,–տարբեր առիթներով այս մասին հաճախ էր հիշում ու հիշեցնում Էմիլ Գաբրիելյանը։ 

Եվ արժանապատվորեն էր ապրում Աստծո պարգևած այդ կյանքը։

Էմիլ Գաբրիելյանը վեր էր մարդկային շատ թուլություններից ու գուցե թե նաև դրա շնորհիվ էր, որ իր ձեռքբերումներով դարձավ ժամանակի հզոր մի անհատականություն, տաղանդավոր գիտնական, առողջապահության և կրթության հմուտ կազմակերպիչ և վերջապես` լուսավոր մարդ... 

Դժվար է թվարկել նաև գիտության մեջ ունեցած նվաճումների համար նրան շնորհված բազմաթիվ շքանշաններն ու մրցանակները։ Դրանց մի մասը ևս ակադեմիկոսի շնորհիվ առաջին անգամ են Հայաստանում հանգրվանել։

Էմիլ Գաբրիելյանն այդ ամենից ոչինչ չտարավ իր հետ։ Փոխարենը՝ սերունդներին թողեց առողջապահության ոլորտում և բժշկական կադրերի պատրաստման գործում ունեցած իր անուրանալի ներդրումը, պատգամեց շատ արժեքներ, այդ թվում` մեծ սերը հայրենիքի հանդեպ։ Սերնդակիցներին թողեց նաև անհերքելի իր հեղինակությունն ու հանրաճանաչությունը վայելելու հաճույքն ու հպարտությունը... 

Մեծանալով մտավորականի ընտանիքում՝ Էմիլ Գաբրիելյանն էրզրումցի Սամսոն հորից ժառանգել էր արդարամտությունն ու սկզբունքայնությունը, իսկ հանրապետության վաստակավոր ուսուցչուհի Արուսյակ մորից` հոգու վեհությունն ու մաքրամաքուր հայերենը: Իսկ կյանքի դժվարություններին ու անգամ ամենամեծ հարվածներին դիմակայելու կարողությունը պայմանավորված էր ստալինյան ռեժիմի արդյունքում բռնադատված հոր շուրջ 20 տարվա բացակայությամբ։ Էմիլ Գաբրիելյանի դուստրը` Կարինեն, ամուսնու` Հարություն Հովհաննիսյանի հետ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նրանք ակնաբուժության ոլորտում հաջողությամբ շարունակում են Գաբրիելյան-Հովհաննիսյան ընտանիքների բժշկական գիծը:

Մոսկովյան 31 հասցեում հունվարի 31-ին բացվեց ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ, որի հեղինակը Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է:

Հուշաքարի բացման արարողությանը հաջորդեց հանդիսավոր միջոցառում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, որի ընթացքում ցուցադրվեց Էմիլ Գաբրիելյանի կյանքի և գործունեության մասին պատմող «Կյանքն, ինչպես մի ցոլք...» փաստագրական ֆիլմը, որը «Կոչումով բժիշկ» նախագծի հատուկ թողարկումն է: Ֆիլմում անվանի գիտնականին գործընկերներն ու ընկերները, ընտանիքի անդամները ներկայացնում են գիտնականի, մանկավարժի, առողջապահության կազմակերպչի, ավագ գործընկերոջ, հոգատար հոր, պապի կերպարներում: 

ՀՀ կառավարության որոշմամբ 2015 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը հպարտորեն կրում է հիմնադրի` ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի պատվավոր անունը: 

Լինելով անուրանալի հեղինակություն ու վառ անհատականություն, Էմիլ Գաբրիելյանը միաժամանակ հրաշալի ընկեր էր, հետաքրքիր բանախոս ու զրուցակից` տրամաբանված, ծանրակշիռ խոսքով ու նուրբ հումորով... 

Էմիլ Գաբրիելյան մարդու, գիտնականի ու պետական գործչի հոգում մշտապես իշխողը սերն ու նվիրումն էին։ Հենց դրանք էին նրանից ճառագող ջերմության և լույսի ակունքները…

Տեսանյութ