Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԱՐԹԱԿ / Կոչումով բժիշկ նախագիծ / «Կոչումով բժիշկ». Ղազարյաններ

«Կոչումով բժիշկ». Ղազարյաններ

Ղազարյանների բժշկական ընտանիքի առաջին ներկայացուցիչը Հայրազատ Գաբրիելի Ղազարյանն է: Նա ծնվել է 1922 թվականին, նախկին Ախտա, ներկայիս Հրազդան քաղաքում: Գերազանցությամբ ավարտելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտը` երիտասարդ բժիշկը նշանակվել է Հրազդանի շրջանի առողջապահական համակարգի ղեկավար: Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայրազատ Ղազարյանն իր փորձն ու գիտելիքներն է փոխանցել երիտասարդ շատ բժիշկների, որոնք ձեռք են բերել կազմակերպական, գործնական ու գիտական մեծ հմտություններ` դառնալով Հայաստանի խոշոր բժշկական հաստատությունների ղեկավարներ: Անվանի բժիշկը երկար տարիներ աշխատել է բժշկական համալսարանում` ղեկավարելով անատոմիայի ամբիոնը: 1988 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ Հայրազատ Ղազարյանը ղեկավարել է Հայաստանի Սանավիացիան, շնորհիվ կազմակերպական մեծ փորձի, նա զգալի ներդրում է ունեցել տուժածների կյանքի փրկության գործում: Հայրազատ Ղազարյանը մահացել է 1989 թվականին Երևանում: 

Բժշկի պատասխանատու մասնագիտությունն էր ընտրել նաև Հայրազատ Ղազարյանի կինը՝ Վանուհի Հովսեփի Սերիկը: Նա ծնվել է 1921թվականին Կիրովականում: Խորհրդային Հայաստանի վաստակավոր բժշկուհին բժշկական գիտությունների թեկնածու էր, Մարգարյանի անվան գիտահետազոտական ինստիտուտում եղել է առաջատար մանկաբարձ-գինեկոլոգ: Մեծ հայրենական պատերազմի տարիներին նա աշխատել է Հրազդանի հիվանդանոցում (Ախտա): Պատերազմի տարիներին թիկունքում ակտիվ ու լավ աշխատանքի համար նա արժանացել է բազում պարգևների: Հետագայում Վանուհի Սերիկն իրականացրել է գիտագործնական և հասարակական գործունեություն, եղել է Երևանի Սպանդարյանի շրջանային պատգամավոր:

Բժիշկների ընտանիքի զավակը՝ Միշիկ Հայրազատի Ղազարյանը, մասնագիտությամբ ֆիզիկոս է, ծնվել է 1948 թվականին: Անվանի գիտնականը Խորհրդային միության պետական մրցանակի դափնեկիր է, ՀՀ ԳԱԱ արտասհամանյան անդամ, Ա. Մ. Պրոխորովի անվան ինժեներական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ: Նա սպեկտորի/միջակայք/ տեսանելի մասի ամենավառ իմպուլսային-պարբերական լազերի ստեղծողն է: Մոսկվայում 1970-ին Միշիկ Ղազարյանը ավարտել է ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետը՝ստանալով օպտիկա և սպեկտրոսկոպիա մասնագիտությունը: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դկտոր, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը 1970 թվականից աշխատում է ՖԻԱՆ-ում լյումինիսցենցիայի բաժնում՝ որպես առաջատար գիտաշխատող: Դոկտորական դիսերտացիան նա պաշտպանել է 1989-ին, իսկ 2003-ին Միշիկ Ղազարյանին շնորհվել է պրոֆեսորի կոչումը: Նրա գիտական հետազոտությունները հիմնականում վերաբերում են վերականգնվող լազերների ստեղծմանը, լազերային բժշկությանը: Նշանավոր գիտնականը հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների ու մասնագիտական գրքերի: Գիտական ծավալուն աշխատանքի համար վաստակաշատ ֆիզիկոսն արժանացել է բարձր պարգևների: 

Բժշկի մասնագիտությունն է ընտրել նաև Միշիկ Ղազարյանի կինը` Արփիկ Աշոտի Հասրաթյանը: Նա ծնվել է 1950-ին Երևանում: 1973–ին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: Նույն թվականին ընդունվել է ասպիրանտուրա բժիշկների կատարելագործման ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնում: Նա բժշկական գիտությունների դոկտոր է, ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիկոս, բժիշկ-համաճարակաբան: Արփիկ Հասրաթյանն այժմ աշխատում է Ն.Ֆ. Գամալեի անվան գիտահետազոտական ինստիտուտում, ինչպես նաև Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնում: 

Միշիկ Ղազարյանի որդին՝ Հայրազատ Ղազարյանը, շարունակում է բժիշկ տատիկ-պապիկի և մայրիկի պատասխանատու գործը՝ աշխատելով բժշկի մասնագիտությամբ:

Հայրազատ Ղազարյանը ծնվել է Երեւանում 1977թ.: 2001թ. նա ավարտել է Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան բժշկական ակադեմիան: 2003թ. պաշտպանել է գիտական թեզ «Վերերիկամային հորմոնալ-ակտիվ ուռուցքների լապարոսկոպիկ եւ ավանդական վիրաբուժական մոտեցումների համեմատական գնահատական» թեմայով եւ ստացել բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան: Աշխատանքային գործունեությունը սկսել է Մոսկվայի Ի.Մ Սեչենովի անվան բժշկական ակադեմիայում` աշխատելով վիրաբուժության բաժանմունքում 2001թ. -2007թ.թ.:

2014թ.-ից աշխատում է Նորվեգիայի Կիրկենես քաղաքի հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքում:

Բացի լյարդի եւ վերերիկամային վիրաբուժությունից դոկտոր Ղազարյանը նպաստել է այլ ոլորտներում, այդ թվում` լապարոսկոպիկ ենթաստամոքսային գեղձի վիրաբուժության, նվազագույն ինվազիվ վիրաբուժության, լեղաքարային հիվանդության եւ խոլեդոխոլիթիազի ոլորտներում հետազոտություններին:

Հայ հետազոտող Հայրազատ Ղազարյանը 2014 թ. սեպտեմբերի 2-ին, Օսլոյում պարգեւատրվել է Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդի ոսկե մեդալով: Այս պատվավոր պարգեւը, որը տրվում է գիտական հետազոտությունների մեջ նշանակալի ներդրում ունեցող ակնառու երիտասարդ հետազոտողներին, Հայրազատ Ղազարյանին է հանձնվել Օսլոյի համալսարանում տեղի ունեցող ամենամյա մրցանակաբաշխության եւ թագավորական ոսկե մեդալի պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ: 

2007թ. Հայրազատ Ղազարյանը միացել է պրոֆեսոր Բյրոն Էդվինի/ Bjørn Edwin խմբին եւ աշխատել Օսլոյի համալսարանական հիվանդանոցում: 2013թ. նոր գիտական թեզ է պաշտպանել «Նոր նվազագույն ինվազիվ տեխնոլոգիաներ լյարդի ուռուցքով հիվանդների բուժման մեջ. լապարոսկոպիկ վիաբուժություն եւ էքստրակորպորալ բարձր էներգետիկ ուղղվածությամբ ուլտրաձայններ» (New Minimaly Invasive Techniques in the Treatment of Patients with Lesions in the Liver: Laparoscopy and Extracorporeal High Intensity Focused Ultrasounds) թեմայով, որի համար էլ արժանացել է այս բարձրագույն պարգեւին:

Նա մի շարք վիրաբուժական մասնագիտական ամսագրերի, այդ թվում` “Surgical Endoscopy” ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է, ինչպես նաեւ մեկնաբան է մի շարք առաջատար ակադեմիական ամսագրերում (British Journal of Surgery; Surgery; Surgical Endoscopy; Surgical Laparoscopy, Endoscopy & Percutaneous Techniques; HPB; Hepatobiliary & Pancreatic Diseases International; World Journal of Surgical Oncology; World Journal of Gastroenterol): Նա հեղինակ է ավիլի քան 35 գիտական հոդվածների եւ մոտ 100 ռեֆերատների:

Առողջապահության ոլորտում գործունեության համար Հայրազատ Ղազարյանը պարգեւատրվել է Ռուսաստանի, Նորվեգիայի եւ այլ միջազգային մրցանակներով:

Նա դասախոսությունով հանդես է եկել Հայաստանում, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

Բժշկական կրթություն է ստացել նաև կրտսեր Հայրազատ Ղազարյանի քույրը` Սերինե Ղազարյանը: Նա ծնվել է 1975 թվականին Երևանում: 1998-ին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի բժշկական ակադեմիան: Սերինեն ընտրել է տատիկի նեղ մասնագիտությունը: Բժշկական գիտությունների թեկնածուն մանկաբարձ-գինեկոլոգ է: Նա ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի թղթակից-անդամ է: Երկար տարիներ աշխատել է Սնեգիրևի անվան մանկաբարձության և գինեկոլոգիայի հիվանդանոցում: Այժմ նա աշխատում է Մոսկվայի ամերիկյան բժշկական կենտրոնում:

Հայրազատ Ղազարյանը Նորվեգիայում, իսկ ընտանիքի մյուս անդամները Ռուսաստանում հաջողությամբ շարունակում են իրենց գործունեությունը ի նպաստ առողջապահության տարբեր ոլորտների զարգացման:

Տեսանյութ