Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԱՐԹԱԿ / Կոչումով բժիշկ նախագիծ / «Կոչումով բժիշկ». Թադևոսյան-Գրիգորյաններ

«Կոչումով բժիշկ». Թադևոսյան-Գրիգորյաններ

«Ադա Թադևոսյան» անունը շատերի համար բավական է խորհրդային և հետխորհրդային ժամանակահատվածում Հայաստանում և նրա սահմաններից դուրս պատկերացում կազմելու մեր երկրում սթրեսաբանության լավագույն ավանդույթների ներդրման և զարգացման մասին:

Անվանի հոգեբույժը մասնագիտական գործունեության հիսունից ավելի տարիները նվիրել է մարդու հոգեկան առողջությանը վերաբերող տարբեր հիմնահարցերի ուսումնասիրմանը, դրանց լուծման բանաձևերի մշակմանը: 

«Կյանքը կազմված է սթրեսներից և դրանց շարունակական հաղթահարումից»,- ասում է հոգեբույժը` ժպտալով ավելացնելով հոգեբույժների շրջանում տարածված մի ասույթ. «մի անգամ Աստված հարցնում է Նոյին` տառապում ես Նոյ, ուրեմն մարդ ես դառնում»: 

Սթրեսն օրգանիզմի ընդհանուր ոչ առանձնահատուկ հարմարվողական ռեակցիան է զանազան ազդեցությունների հանդեպ, որի առաջացման պատճառների և հաղթահարման մասին Ադա Թադևոսյանը գիտի գրեթե ամեն ինչ:

Նրա գնահատմամբ` դինաստիան, տոհմը սոցիալական գնահատականն է մեկ փրկված կյանքի: Պատահական չէ, որ ընտանիքի պատմությունը նա սկսում է հորից Սիմոն Թադևոսյանից: Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածը ծնվել էր Արևմտյան Հայաստանի Տրապիզոն նահանգում: Սիմոնը ճակատագրի բերումով հայտնվում է մանկատանը, Մեծ եղեռնից շատ մազապուրծների նման անցնում բազում դժվարությունների միջով:

Պատմական հայրենիքում 1910թ. ընտանեկան լուսանկարը կարծես առ այսօր, 100 տարի անց, խորհրդանշում է գաղթի ճանապարհը, ահը, սարսուռը, պատմական հայրենիքը կորցնելու ամբողջ ցավը, որոնք Ադա Թադևոսյանի համոզմամբ` անջնջելի հետք են թողնում մարդու գենետիկ հիշողության մեջ` փոխանցվելով սերնդեսերունդ: 

Այդ մասին են վկայում նաև տրասնգեներացիոն հետազոտությունները, որոնք նույնպես վկայել են սերունդների ճակատագրի, «կյանքի սցենարի» վրա ցեղասպանության ազդեցության փաստի մասին: Այն վնասները, որոնք ստանում են մարդիկ այնպիսի հասարակական աղետի ժամանակ, ինչպիսին է ցեղասպանությունը իրենց հետք են թողնում հաջորդող երեք-չորս սերունդների վրա: Այս թեմայի շուրջ հետազոտությունները լայն թափ են ստացել:

«Ես համոզված եմ, որ անձի գենետիկական բաղկացուցիչը հաջորդ սերունդների մոտ ակտիվ տեմպերով բարձրացնում է հոգեկան տրավմատիկ խանգարումների առաջացման պատճառը: Սթրեսին արձագանքը անհատի մոտ ենթադրում է ազդեցիկ արձագանքի գենետիկ առանձնահատկություն: Մասսայական աղետների տրանսգեներալիզացիոն փոխանցման նման ընկալումը հոգեկան խանգարումնրը հաջորդ սերունդների մոտ կանխարգելելու նպատակով բացում է նոր ճանապարհ դեպի կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտություն»,- պարզաբանում է պահանջված մասնագետը: 

Առաջին խորհուրդը, ըստ նրա, աղետների զոհ դարձածների երեխաների շրջանում ամուսնություններից խուսափումն է, ինչպես նաև խառնամուսնությունների խրախուսումը:

«Հասկանում եմ, որ այս մոտեցումը հակասում է հայկական խառնվածքին և մշակութային ավանդույթներին: Բայց սա ամենայն հավանականությամբ գենետիկայի, հայերին հարիր հատուկ խառնվածքի առողջացման ուղիղ ճանապարհ է: Իմ մայրը էստոնացի է, կյանքի իմ ճանապարհը, արահետը տառապողներին օգնելն է, մասնագիտականը` սթրեսաբանությունը, իսկ հիշողություններն իմ մեջ պահպանել են հայկական արժեքները»,- շեշտում է նա: 

2013թ. Երևանում նյարդագիտության և կենսաբանական հոգեբուժության մասին «Սթրես և պահվածք» խորագրով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային համաժողովի ժամանակ Ադա Թադևոսյանը հանդես էր եկել «Հիշողությունն իմ տիրակալն է» զեկույցով, ինչը ևս մեկ անգամ փաստում էր ցեղասպանության և դրա` մարդու հոգեկան առողջության վրա թողած հետևանքների միջև կապի մասին: Զեկույցում նա ընդգծել է, որ սթրեսը հատկապես դրա հաղթահարումը անհրաժեշտ գործոններ են, խթան անձի աճի, սոցիալական դիրքի, մասնագիտության ընտրության համար: 

Նույն միջոցառման շրջանակում հանրության դատին էր հանձնվել նաև իր 2011թ. Մոսկվայում լույս տեսած «Գործնական սթրեսոլոգիա. Սահմանային բժշկություն» խորագրով մենագրությունը («Практическая стрессология. Пограничная медицина»): 

Ադա Թադևոսյանը բ.գ.թ դոցենտ է, պրոֆեսոր, Էկոլոգիայի և անվտանգ կենսագործունեության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, լիցեզավորված հոգեբույժ, հոգեվերլուծաբան, առողջապահության կազմակերպիչ: 

2003թ. Թադևոսյանը Առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպել է նաև սթրեսաբանության ամբիոն: Մասնակցել է հինգ համաշխարհային կոնգրեսների և միջազգային գիտաժողովների:

Ադա Թադևոսյանի մասնագիտական գործունեության մեջ շրջադարձային են Սպիտակի 1988թ. ավերիչ երկրաշարժին հաջորդող տարիները: Արհավիրքից ընդամենը չորս ամիս անց 1989թ. նրա ջանքերով Հայաստանում հիմնադրել է հոգեկան առողջության «Սթրես» կենտրոնը: Ղեկավարելով այս կառույցն ավելի քան տասը տարի, նրա շնորհիվ ապահովվել է Հայաստանում հոգեբուժական մասնագիտացած ծառայության զարգացումը: Նա առաջիններից մեկն էր, որ խոսեց հոգեկան տրավմայի և մի շարք հիվանդությունների զարգացման գործում դրա ունեցած պաթոլոգիական դերի մասին: Նաև առաջինն է բարձրաձայնել ուսանողների համար «Ստրեսաբանություն» ծրագրի ներդրման անհրաժեշտության մասին: 

«Երբ ինձ նշանակեցին «Սթրես» կենտրոնի տնօրեն, ի դեպ կենտրոնին այդ անունը մենք ինքներս տվեցինք, ամեն ինչ սկսում էր երեք 0-ից, չկային կադրեր, բազա և ամենակարևորը` գիտելիք հոգեկան տրավմայի մասին: Ինչպես նշել է կենսաբան Փիթեր Մեդավարը, ցանկացած բնական գիտություն ծագում է այն խելամիտ ենթադրության վրա, որը կարող է միայն ճշմարիտ լինել»,- ասում է հոգեբույժը: 

«Ես առաջին հերթին խնդրեցի, որ մեզ Լենինականում հատկացնեն երկու երկաթյա տնակ, որտեղ անցկացվեց կոյուղի, ջրամատակարարում: Դրանք տեղակայված էին անմիջապես եկեղեցու հետևում, սա ինձ համար երեկվա օրն է և այդպես մենք երկու տարի աշխատեցինք այդ տնակներում»,-շարունակում է նա: 

Ժամանակի ընթացքում «Սթրես» կենտրոնը վերածվեց գիտագործնական հաստատության: 

Հետերկրաշարժյան տարիներին ՄԱԿ-ի կողմից ստեղծվեց «Աղետների բժշկությունը» («Медицина катастроф») ծրագիրը: Ադա Թադևոսյանը իր թիմակիցների հետ հեղինակեցին հատուկ ձեռնարկ, ինչպես նաև փրկարարների համար անցկացրեց վերապատրաստման դասընթացներ ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում: Հետագայում այս աշխատանքի համար է նա Բուդապեշտում 1996թ. պարգևատրվում հուշամեդալով:

Նրա ամբողջ գիտական, մանկավարժական գործունեությունը նվիրված է եղել «Սթրեսաբանության» գծով կլինիական օրդինատորների վերապատրաստմանը: Մանկավարժական գործունեության 40 տարվա փորձ ունեցող մասնագետը ավելի քան 30 տարի աշխատել է Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ավելի քան 15 տարի Հայկական բժշկական ինստիտուտում, որտեղ 1990թ. «Սթրեսաբանության» կուրսին զուգահեռ կազմակերպել է հոգեկան առողջության և հոգեբուժության ամբիոնը:

Այսօր էլ Ադա Թադևոսյանը իր գործըկերների հետ շարունակում է օգնել կյանքի տարբեր իրավիճակներում ծանր հոգեբանական ցնցումներ ստացած մարդկանց: Իր ստեղծագործական հետազոտությունները նա «Սթերեսի «տղամարդու» դեմքը» խորագրի ներքո շարադրել է «Տղամարդու առողջությունը» առաջիկայում լույս տեսնող գրքում:

«Ստրեսաբանության» հիմնադիր, պրոֆեսոր, մարդու հոգեկան ցնցումների վերաբերյալ ավելի քան հարյուր տպագրական հոդվածների, մի քանի մենագրությունների, ինչպես նաև ուսանողների համար «Սթրեսաբանության» առաջին երկհատորյա դասագրքի հեղինակ Ադա Թադևոսյանը կրթության և մարդու կենսագործունեության անվտանգության խնդիրների լուծման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է Մ.Վ.Լոմոնոսովի անվան ոսկե մեդալով:

«Սթրեսաբանությունը» (2002) (Man under Stress” (2003թ. )) և « Գործնական սթրեսոլոգիա. Սահմանային բժշկություն» խորագրով մենագրությունը («Практическая стрессология. Пограничная медицина”(2011թ.)) հեղինակի գործնական և գիտահետազոտական աշխատանքի ամփոփումն է: Աշխատությունը կյանքի տարբեր հանգամանքներում հոգեկան ցնցումների ենթարկված անձանց պատմությունների, ինչպես նաև դրանց բուժման եղանակների, սթրեսաբանության տեսական հիմքերի մասին է: 

Գրքի նախաբանում ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Յ. Ալեքսանդրովսկին կարծիք է հայտնել, որ այստեղ տեղ գտած «նովելներն» օգտակար են ոչ միայն բժիշկների, հոգեբանների, ուսանողների, այլ ամենակարևորը` ընթերցողների լայն շրջանակների համար, ովքեր հետաքրքրված են իրենց հոգեկան վիճակով: Դասագրքում անդրադարձ է կատարված նաև յուրաքաչյուր մարդու մոտ հանդիպող սթրեսային վիճակների ելքերին: 

Հանգամանալից մատնանշված են դրանց լուծման ուղիները: Թադևոսյանը Հայկական հոգեբուժական ասոցացիայի, Հոգեբույժների համաշժարհային ասոցացիայի, Տրավմատիկ սթրեսի ասոցիացիայի անդամ է: 

«Մարդու օգտակար գործողության գործակիցը կազմվում է հետևյալ գործոններից. կյանքը, միջավայրը, ժամանակը և իհարկե ինքը մարդը թելադրում են ինչ և ինչպես անել»,- ասում է աշխատանքային ավելի քան հինգ տասնամյակի փորձ ունեցող բժշկուհին:

Մեջբերելով Ֆրանսիացի նշանավոր արձակագիր Ալբեր Քամյուի խոսքերը` նա նկատում է, որ եթե մարդը ճգնաժամի ժամանակ ոչինչ չի անում, ուրեմն արժանի չէ մարդ լինելուն: «Ցանկացած իրավիճակում ավելի լավ է վառել գոնե մի փոքր մոմ, քան միշտ լինել դժգոհ և շարունակ բողոքել»,- ավելացրեց Ադա Թադևոսյանը: 

Ադա Թադևոսյանը փաստում է, որ «Սթրես» կենտրոնի կայացման տարիները, թեև դժվար էին, բայց իր և գործընկերների համար դրանք լավագույնն էին, որովհետև իրենք ապրում ենք հեռանկարային գաղափարներով, ծրագրերով:

«Գնացինք նկուղներով, որտեղ թաքանված էին մարդիկ: Բաժանում էինք այս գրքերը նաև ուսանողներին, որոնք առանձին սթրեսաբանության կուրս էին դասավանդում: Եթե սկզբում միայն երկրաշարժից տուժածերին էր օգնություն ցուցաբերվում, ապա հետո նաև Բաքվի փախստականներին, զինծառայողներին, բանտարկյանլներին, պարզապես այն մարդկանց, ովքեր հայտնվում էին բարդ հոգեբանական իրավիճակներում: Այս նյութերը հավաքագրվում էին և ձևավորվում էր սթրեսոլագիայի մասին ընդհանուր պատկերացում: Առաջին անգամ «սթրեսաբանություն» տերմինը նա կիրառել է Ամստերդամում 1991 թվականին անհետաձգելի էքստեմալ հոգեբուժությանը նվիրված կոնգրեսի ժամանակ»,- պատմում է Ադա Թադևոսյանը:

Մասնագիտական գործունեության ընթացքում մի շարք լրատվամիջոցներում հրատարակվել են սթրեսին վերաբերող բազմաթիվ նյութեր, հոդվածներ, որոնք ուսանողների և հիվանդների կողմից ստացած բազում նամակների հետ նա այսօր խնամքով պահպանում է ամառանոցի իր աշխատասենյակում: Այստեղ իր ուրույն տեղ ունի նաև ավստրիացի հոգեբան, հոգեբույժ և նյարդաբան, հոգեվերլուծական տեսության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդին, այլ անվանիներին նվիրված անկյունը: Հենց Ֆրոյդն է Ադել Թադևոսյանի խոսքով` առաջինը թափանցել մարդու հոգեբանության էության մեջ` փորձելով հասկանալ, թե ինչն է կարևոր:

«Դուք կհարցնեք, թե ի՞նչով են նրա դասերն անսովոր: Հավանաբար նրանով, որ այդ 10-15 րոպեների ընթացքում մեզանից յուրաքանչյուրը իր համար ինչ-որ նոր բան է բացահայտել: Նշված ժամանակահատվածը ոչ միայն պատրաստվելու, այլև մտքերի և զգացմունքների խառնաշփոթ էր»,- իրենց ուսուցչի մասին գրում են բուժական ֆակուլտետի ուսանողները` հավելելով, որ Ադա Թադևոսյանի շնորհիվ իրենք ոչ միայն կարողացել են ծանոթանալ հոգեբուժության գաղտնիքներին, այլև առավել լավ են ճանաչել իրենք իրենց, ընկալել դիմացինի ցավն, ինչպես սեփականը:

«Նա արթնացրել է մեր հոգիները` սերմանելով մեր մեջ հավատ սեփական անձի հանդեպ, որը մենք կկիրառենք նաև կյանքում»,- իրենց երախտիքի խոսքն այսպես են եզրափակել ուսանողները:

Ադա Թադևոսյանի հուշերում առանձնահատուկ տեղ ունի ականավոր բժիշկ-գիտնական, առողջապահության հմուտ կազմակերպիչ, պետական և հասարակական գործիչ, ՀՀ առողջապահության նախկին նախարար (1975-1989թթ.), Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հետ աշխատած տարիները:

«Նա խիստ էր, շատ պահանջկոտ: Հիմնական հատկանիշ է ունենալ լայն մտահորիզոն, ոչ թե լինել միայն նեղ մասնագետ: Միանգամից որսում էր այն ամենն, ինչ նոր էր»,- ընդգծում է Ադա Թադևոսյանը, ով Էմիլ Գաբրիելյանի պաշտոնավարման ժամանակահատվածում եղել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդականը: Նա անգնահատելի է համարում հմուտ կազմակերպչի ներդրումը Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում:

Աբրահամ Գրիգորյանը` Ադա Թադևոսյանի ամուսինն էր: Տասը տարեկանում սիրահարվելով` նա մինչ կյանքի վերջ անդավաճան մնաց մաթեմատիկային և էլեկտրոնիկային: Ավատրել է երեք համալսարան: Բազային գիտելիքները ստացել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում` ավարտելով հաշվիչ մեքենաների ֆակուլտետը: 

«Նրա մաթեմատիկական գիտելիքների մասին գիտեր ամբողջ պոլիտեխնիկական ինստիտուտը: Վերցնելով ձեռքը կավիճը` գրատախտակն ամբողջովին ծածկում էր բանաձևերով, իր հմտությունների մասին լեգենդներ էին հյուսվում»,-անթաքույց ժպիտով հիշում է Ադա Թադևոսյանը:

Աբրահամ Գրիգորյանը եղել է Աբովյան քաղաքում կառուցվող կիսահաղորդիչների գործարանի գլխավոր կոնստրուկտորը, «Ռազդանմանշում» ղեկավարել է բաժանմունք: Ներդրել է կառավարման ավտոմատ համակարգ (АСУ) Քաջարանում, ունեցել է առավել քան 100 տպագիր աշխատանք: Երկար տարիներ դասավանդել է` փոխանցելով իր գիտելիքները երիտասարդ սերնդին:

«Ռոմանտիկ և շատ ուրախ մարդ էր, հումորի լավ զգացումով էր օժտված: Լավ ձայն ունենալով նա ապրում էր երգով, երաժշտությամբ, հենց այդպիսին էլ կմա բոլորի հիշողության մեջ: Կնոջ նկատմամբ սերը և հավատարմությունը ընտանիքին նրա կյանքի իմաստն էին»,- ասում է Ադա Թադևոսյանը: 

Ադա Թադևոսյանի և Աբրահամ Գրիգորյանի ավագ որդին` Արթուր Գրիգորյանը, ծնվել և մեծացել է Հայաստանում, նախնական բժշկական կրթությունը ստացել է Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: 

«1980 թվականին ընդունվեց բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, այն ժամանակ մտածում էի գնալ ինժեներ հորս, թե հոգեբույժ մորս հետքերով: Իհարկե 70 տոկոսով համոզված էի, որ պետք է դառնամ բժիշկ և միայն վիրահատություններ կատարեի: 1987թ.ավարտելով բժշկական համալսարանը ես մեկնեցի Մոսկվա, ռեզիդենտուրան և ասպիրանտուրան ավարտելուց հետո էլ ԱՄՆ»,- պատմում է Արթուր Գրիգորյանը, որը կլինիկական օրդինատուրան ավարտել է Մոսկվայի Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության առաջատար ինստիտուտում: Հաջորդիվ շարունակել է ուսումը ԱՄՆ-ում, ուր 1999թ. UMDNJ- university of medicine and dentistry Newark NJ համալսարանում ավարտել է ռեզիդենտուրան: Այնուհետև նեղ մասնագիտացում է ստացել ԱՄՆ-ի մի շարք հեղինակավոր կրթական հաստատություններում: 

Արթուր Գրիգորյանը ամերիկյան և եվրոպական նյարդավիրաբույժների ասոցիացիայի, բազմաթիվ այլ միավորումների, միջազգային կազմակերպությունների պատվավոր անդամ է, ավելի քան 40 մասնագիտական հոդվածների հեղինակ: 2014թ. արժանացել է Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման: 

Գործընկերների բնորոշմամբ` իր մասնագիտական ոլորտում նա միշտ ձգտում է կատարելության` երբեք չկտրվելով արմատներից հաջողություններն ու բարի համբավը ծառայեցնում է հայրենիքին:

2004թ. Գրիգորյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ներգանգային անևրիզմաների բուժում» թեմայով։ Բժիշկը մեծ ներդրում ունի Երևանի պետական բժշկական համալսարանի «Լևոն և Քլոտիա Նազարիան» ռադիոլոգիայի կենտրոնի զարգացման գործում և այդ կենտրոնում վիրահատել է նյարդավիրաբուժական հիվանդություններ ունեցող բազմաթիվ հիվանդների։ Հենց նրա հովանավորությամբ և աջակցությամբ ավելի քան 40 ԵՊԲՀ օրդինատորներ հնարավորություն են ստացել վերապատրաստվելու Ջորջիայի նյարդավիրաբուժական ինստիտուտում։

Արթուր Գրիգորյանը 2012թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին:

Այժմ նա աշխատում է Ջորջիայի նահանգի համանուն, կաթվածի բուժմամբ զբաղվող մասնագիտացած բժշկական կենտրոնում:

Արթուր Գրիգորյանի գնահատմամբ` վերջին շրջանում առողջապահությունը սրընթաց զարգանում է և առանց արդիականացման առաջընթաց ապահովել հնարավոր չէ:

«Դա անընդհատ շարունակական գործընթաց է: Հնարավոր չէ լինել ժամանակակից բժիշկ և աշխատել առանց նորագույն սարքավորումների օգնության: Երևանի պետական բժշկական համալսարանը մեր «Alma mater»-ն է և մենք պետք է իրեն վերադարձնենք, Հայաստան բերենք արտերկրի լավագույն փորձը»,- ասում է բժիշկը:

Ինչպես յուրաքանչյուր բժշկական ընտանիք, այնպես էլ Գրիգորյանները անմասն չեն առողջապահական տարբեր թեմաների շուրջ ծավալվող քննարկումներից: «Մասնագիտական վեճեր աշխատում են չունենալ, մայրս հոգեբույժ է և նրա հետ շատ դժվար է ինչ-որ հարցի շուրջ վիճելը, քանի որ ամեն ինչ ենթարկում է վերլուծության»,- կատակում է Արթուր Գրիգորյանը:

2014թ. մայիսին Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում բացվեց նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոն, որի նախաձեռնությունը հենց ԵՊԲՀ շրջանավարտ, հայտնի վիրաբույժ Արթուր Գրիգորյանին էր: 

Նա էլ նման կենտրոն բացելու գաղափարը ստացել է մորից՝ Ադա Թադևոսյանից: Մեծ համբավ ունեցող նյարդավիրաբույժի օգնությամբ կլինիկայի նյարդաբանության բաժանմունքը համալրվեց սրտանոթային հիվանդությունների ու գլխուղեղի կաթվածի կանխարգելման ու բուժման սարքավորումներով:

Արդեն մեկամյա պատմություն ունեցող կենտրոնում կան բոլոր հնարավորությունները՝ նյարդաբանական հիվանդությունների ախտորոշման և բուժման համար: Շնորհիվ այս կենտրոնի աշխատանքի, գլխուղեղի կաթվածի վիրահատությունների համար այլևս արտասահման մեկնելու կարիք չկա: Նշենք, որ նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված, տարածաշրջանային նշանակության այս կենտրոնն առաջինն ու միակն է Հայաստանում: Կենտրոնը բացառիկ է նաև նրանով, որ այստեղ իրականացվում են ոչ միայն բուժական, այլև կրթական աշխատանքներ:

Բացման արարողությանը Ադա Թադևոսյանը կենտրոնի ղեկավարությանը փոխանցեց ապակե զանգ, որը տարիների պատմություն ուներ: Տիկին Թադևոսյանին որպես ուսանողական պրակտիկայի լավագույն ղեկավարի, զանգը Պրահայում նվիրել են չեխ ուսանողները` առաջարկելով հնչեցնել այնտեղ, որտեղ մարդիկ ունեն օգնության կարիք:

Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներն անգամ հեռավոր Ամերիկայում բարձր են պահում Հայաստանի պատիվը: Հեղինակավոր ամսագրերի շապիկին պարբերաբար հայտնվող Ռուբեն Գրիգորյանը` Ադա Թադևոսյանի կտրսեր որդին, ևս ընտրեց բժիշկի մասնագիտությունը: Լինելով բժշկական համալսարանի ուսանող` Ռուբեն Գրիգորյանը ցանկացել էր ծառայել բանակում: Զինվորական ծառայությունը նա անցել է Գերմանիայում: 

«Մայրս շատ մեծ ազդեցություն ուներ բժիշկ դառնալու իմ որոշման վրա , ինչպես նաև ավագ եղբայրս, ով մեծ է ինձանից վեց տարի է մեծ իր գործունեությունն ավելի վաղ սկսելով` նույպես մեծ ազդեցություն ունեցավ իմ ընտրության վրա: Երբ ես Երևանի պետական բժշկական համալսարանում էի, նաև պրակտիկա էի անցնում օֆտոլմոլոգիայի և ռետինոլոգիայի բնագավառում, շատ երկար ժամանակ պահանջվեց, սակայն վերջիվերջո ես հասա իմ նպատակին»,- նշում է Ռուբեն Գրիգորյանը: Բանկից զորացրվելուց հետո ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան օֆտոլմոլոգիայի գծով: Շորունակելով կրթությունը ԱՄՆ-ում անցել է ռեզիդենտուրա (UMDNJ- university of medicine and dentistry Newark NJ): 2009թ. LSU/Ochsner Ophthalmology Residency Program և LSU Retina Fellowship Program կրթական ծրագրերն ավարտելուց հետո ստացել է ակբանույժի (օֆտալմոլոգ-ռետինիստ նեղ մասնագիտացմամբ) դիպլոմ: 

Շուրջ տասը տարի է նա զբաղվում է ակնաբուժությամբ, կամ ինչպես ինքն է բնորոշում «սիրած գործով»:

«Կոչումով բժիշկը պետք է միշտ մտածի իր հիվանդների մասին: Երբ ամեն ինչ անում ես հանուն հիվանդների, դա քեզ հետ է գալիս ինչ-որ ձևով, ես այժմ իմ կլինիկան ունեմ: Գրեթե ամեն տարի գալիս եմ և զննում եմ հիվանդներին, երբեմն վիրահատում եմ հայ բժիշկների հետ: Դա շատ է օգնում, հնարավորություն է տալիս քննարկել դժվար դեպքերը: Մենք սովորում ենք միմյանցից, և դա շատ օգտակար է»,- ընդգծում է ակնաբույժը, ով 2014թ. սեպտեմբերին Երևան էր ժամանել Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տարածքում «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի» բացմանը մասնակցելու նպատակով: Կենտրոնը զինված է աշխարհում եզակի վիրահատարանով, որտեղ հնարավոր է ժամկետից շուտ ծնված երեխաների կուրացումը կանխարգելող վիրահատություններ իրականացնել:

Ռուբեն և Արթուր Գրիգորյանների քույրը` Աննան, այժմ նույնպես ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում: Նա ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի անգլո-իսպանական ֆակուլտետը, դրանից հետո ուսումը շարունակել նույն բուհի երևանյան տնտեսական մասնաճյուղում: Վարժ տիրապետում է հայերենի, ռուսերենին, անգլերենին, իսպաներենին և ֆրանսերենին: Արտերկրում բնակելու տարիներին նա նույնպես որոշել է կապել իր կյանքը բժշկության հետ: Քննություններն հանձնելուց հետո նա կհաստատի իր բժիշկի դիպլոմը` մասնագիտանալով նյարդաբանության կամ մանկական բժշկության ոլորտում:

Ադա Թադևոսյանը հպարտանում է իր երեխաներով, ովքեր առողջապահության տարբեր ոլորտներում իրենց հաստատուն քայլերն են անում` ապահովելով նաև հայրենիքի հետ ամուր կապը:

Հմուտ հոգեբույժը հույս ունի, որ տարիներ անց թոռները ևս կհամալրեն բժշկական ընտանիքի շարքերը: 

Ադա Թադևոսյանի անթաքույց երազանքն է առաջիկայում հիմնել սթրեսաբանության գիտագործնական կենտրոն` շարունակելով նախկին «Սթրես» կենտրոնում ոլորտի առաջատար մասնագետների հետ ձեռք բերած լավագույն ավանդույթները: Նրա կարծիքով` Հայաստանին նման կենտրոն ունենալը, կարծես, կանխորոշված էր: Բազմադարյա տառապանքները և դրան հաղթահարումը վերաճել է տրավմայի ենթարկված մարդու հոգաֆիզիոլոգիան հասկանալու, առողջապահական համակարգի զարգացումը կանխորոշելու մի նոր շրջափուլի, ժամանակի յուրատեսակ հրամայականի: 

Իր առաքելությունը փայլուն կատարող Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը Ադա Թադևոսյանի բնորոշմամբ` արժանի հարգանքի տուրք է անցյալին: Իսկ առաջիայում ծրագրվող սթրեսաբանության կենտրոնը նա դիտարկում է որպես հայ ականավոր գիտնականների, հետազոտողների, բժիշկներ անգնահատելի ներդրում գիտության և պրակտիկայի համաշխարհային գանձատուփում:

Տեսանյութ