Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԱՐԹԱԿ / Կոչումով բժիշկ նախագիծ / «ԿՈՉՈՒՄՈՎ ԲԺԻՇԿ». ԲԱԲԼՈՅԱՆՆԵՐ

«Կոչումով բժիշկ». Բաբլոյաններ

Բաբլոյանների բժշկական տոհմի հիմնադիրը Սաեն Գեղամի Բաբլոյանն է: Նա ծնվել է 1907 թ. Հայաստանի Արտաշատի շրջանի Ոստան գյուղում: Լինելով կուլակի որդի` նա ստիպված է եղել փոխել ազգանունը, (իսկական ազգանունը Օրդոյան է) և մեկնել Օդեսա, որտեղ ընդունվել և ավարտել է քիմիատեխնոլոգիական ինստիտուտը: Սարատովում նա մի քանի տարի աշխատել է որպես քիմիկոս-ինժեներ: 

1936թ. վերադառնալով Հայաստան`ամուսնացել է Շուշանիկ Մուրադխանյանի հետ: Հաշվի առնելով հանգամանքը, որ կինը` Շուշանիկն, ընդունվում է բժշկական ինստիտուտ, Սաեն Բաբլոյանը ևս որոշում է ընդունվել բժշկական ինստիտուտ և ձեռք բերել ամենամարդասիրական և միևնույն ժամանակ պատասխանատու մասնագիտությունը: Ավարտելով բժշկական ինստիտուտը` Սաեն Բաբլոյանը կնոջ հետ մեկնել է Կրասնոսելսկ` աշխատելով որպես բժիշկ: Ավելի ուշ նա Կրասնոսելսկի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր: Սաեն Բաբլոյանը կյանքի վերջին տարիներին աշխատել է Երևանի թիվ 6 պոլիկլինիկայում: «Մայրս դարձավ վիրաբույժ, իրենից այդ մասնագիտությունը նաև ինձ փոխանցվեց: Իսկ հայրս ռենտգենոլոգ էր: Հիվանդի, այցելուի հանդեպ մայրս անսահման հոգատար էր»,-Բաբլոյանների բժշկական կենսագրությունը վավերագրում է գերդաստանի երկրորդ բժշկական ճյուղը ներկայացնող Արա Սաենի Բաբլոյանը:

Ինչպես արդեն նշվեց բժշկի մասնագիտությունն էր ընտրել նաև Սաեն Բաբլոյանի կինը` Շուշանիկ Մուրադխանյանը: Նա ծնվել է 1918թ., Արտաշատում: Վաստակաշատ բժշկուհին աշխատել է Կրասնոսելսկի շրջանային հիվանդանոցում` որպես վիրաբույժ, այնուհետև` 1965թ. սկսած` Երևանի 2-կլինիկական հիվանդանոցում` ղեկավարելով մայրաքաղաքի 8-րդ պոլիկլինիկայի վիրաբուժական ծառայությունը: 

Բաբլոյանների բժշկական գիծն այնուհետև շարունակում է Արա Սաենի Բաբլոյանը: Նա ծնվել է 1947թ. մայիսի 5-ին Երևանում: 1971թ. ավարտել է Երեւանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը: 

«Մանկաբույժներն իրենց բնորոշ մեծահոգությամբ, բարիությամբ, գթասրտությամբ, ուշադրությամբ մշտապես կարողանում են սփոփել երեխաների առողջության հետ կապված բոլոր խնդիրները: Այս բժշկական համալիր դիմած ծնողներն ու երեխաներն արժանանում են հոգատար և ջերմ վերաբերմունքի: Արա Բաբլոյանը փաստում է, որ մանկաբույժների աշխատանքը նուրբ և քնքուշ լինելու հետ միաժամանակ ծանր է և դժվար»,-նշում է անվանի մանկաբույժը:

Նա 1989թ. անցել է երիկամի փոխպատվաստման մասնագիտացում Շվեյցարիայում և Բելգիայում: Արա Սաենի Բաբլոյանը բժշկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր: 2003-2005թթ. եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ, 2008-2012թթ.՝ ԱՀԿ գործադիր կոմիտեի անդամ: Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահն է, Եվրոպայի մանկական ուրոլոգների ընկերության, Եվրամիության մանկական վիրաբույժների ասոցիացիայի, Շվեյցարիայի նեֆրոլոգների ասոցիացիայի անդամ: 

«Ես մեծացել եմ բժիշկների ընտանիքում, հայրս, մայրս, եղբայրս, ընդհանուր մթնոլորտը բժշկական էր: Դպրոցում ֆիզիկամաթեմատիկական առարկաներից շատ լավ էի, ընկերներս մտածում էին, որ ես կգնամ տեխնիկական գիտությունների ուղղությամբ, բայց ես միանշանակ ընտրեցի բժշկությունը»,-անդրադառնալով մասնագիտության ընտրությանը` նշում է Արա Բաբլոյանը:

Նա 1970թ. աշխատել է Երեւանի թիվ 8 պոլիկլինիկայում որպես ուրոլոգիական բաժնի բուժակ: 1971-1977թթ.` Երեւանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի մանկական վիրաբույժ և ուրոլոգ: 1977-1997թթ.՝ ԵրՊԲԻ մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս, 1982-1991թթ.` Երեւանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ: 1990թ. հիմնադրել է մասնագիտացված ուրոնեֆրոլոգիայի և մանկական վիրաբուժության կենտրոն: 1991-1997թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար: 1997-2012թթ.՝ ԵրՊԲԻ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ: 2002-2003թթ.` «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ տնօրեն: 2003-2007թթ.՝ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ գլխավոր տնօրեն, 2007թ.` գիտական ղեկավար: Արա Բաբլոյանը 3 գյուտի, 7 մենագրության, 200-ից ավելի գիտական հոդվածի հեղինակ: 

Օրենսդիրում աշխատանքն Արա Բաբլոյանի գործունեության կարևոր ու էական մասն է: Հայաստանի հանրապետական խմբակցության պատգամավորը 2007 թվականից առ այսօր ղեկավարում է Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը: Նա հեղինակ է բազմաթիվ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք միտված են` ապահովելու Հայաստանի առողջապահական համակարգի շարունակական զարգացումն ու առաջընթացը: 

«Երբեք չեմ թողել բժշկությունը, անգամ երբ նախարար եմ եղել, վիրահատել եմ: Միաժամանակ աշխատելով որպես ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, հանձնաժողովի նախագահ, ձգտում եմ իրականացնել օրենսդրական փոփոխություններ, որոնք կապահովեն մի կողմից մարդկանց առողջությունը, մյուս կողմից՝ բուժաշխատողներին արժանապատվությունը և զարգացումը ապահովելու երաշխքիներ կամրագրեն»,-ընդգծում է Արա Բաբլոյանը, որն իր գործունեության ընթացքում բուժել է բազմաթիվ երեխաների` շատերին երկրորդ կյանք պարգևել:

Նշանավոր գիտնական-բժիշկը պարգեւատրվել է ԵՊԲՀ 70 և 75-ամյակի ոսկե մեդալներով (2000 եւ 2005թթ., ՀՀ ԿԳՆ), Երեւանի քաղաքապետարանի պատվոգրով (2005թ.), ՀՀ Ազգային ժողովի շնորհակալագրով (2005թ.), Հայ-ֆրանսիական հարաբերությունների եւ մասնագիտական համագործակցության զարգացման համար «Ազգային արժանիքի ասպետ» շքանշանով /«Officier de I'Ordre National Du Merite»/ (2005թ., Ֆրանսիայի Հանրապետություն), «Մխիթար Հերացի» (2007թ.), «Համագործակցության ամրապնդման համար» (2007թ., ՀՀ ոստիկանություն), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ., ՊՆ) մեդալներով:

Բժշկի մասնագիտությունն է ընտրել նաև Արա Բաբլոյանի կինը` Մանուշակ Վահանի Երիցյանը: Նա ծնվել է Երևանում 1956թ. հունվարի 25-ին ինժեների և մանկավարժի ընտանիքում: 1973թ ոսկե մեդալով ավարտել է Երևանի Բելինսկու անվան դպրոցը, նույն տարում ընդունվել ԵրՊԲԻ: Գերազանցությամբ է ավարտել բուհը: 

«1980 թվականին ընդունվել եմ աշխատանքի՝ որպես հոդաբան, Ֆիզիոթերապիայի և Կուրորտոլոգիայի Գիտահետազոտական Ինստիտուտ, ուր աշխատել եմ 19 տարի: Անցել եմ վերապատրաստումներ Առողջապահության Ազգային Ինստիտուտում՝ որպես թերապևտ, բժիշկ-ֆիզիոթերապևտ, ռևմատոլոգ: 1996թ. աշնանը Նյու-Յորքի Հայ Օգնության Ֆոնդի կողմից հովանավորվող ծրագրով անցել եմ 3-ամսյա վերապատրաստում Կոլումբիայի Համալսարանի Պրիսվետերյան Հիվանդանոցի վերականգնողական բաժանմունքում», - նշում է նա: 

Մանուշակ Երիցյանը 1999թ. ապրիլից առ այսօր «ԱրԲեՍ» Առողջության կենտրոնի տնօրենն է, որը «Արաբկիր» բժշկական համալիրի ամբուլատոր վերականգնողական բաժանմունքն է:

Բաբլոյանների բժշկական գերդաստանի երկրորդ սերնդի ներկայացուցիչն է նաև Արա Բաբլոյանի եղբայրը` Ռուբեն Սաենի Բաբլոյանը: Նա ծնվել է 1937թ. նոյեմբերի 17-ին, Երևանում: 1956թ. ավարտել է Կամոյի անվան միզնակարգ դպրոցը: 1957-1963թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետում: Մասնագիտական գործունեությունը Ռուբեն Բաբլոյանը սկսել է Գյումրիի բժշկական ուսումնարանից` 1963-1977թթ. դասավանդելով այնտեղ:

Ապա նա աշխատել է Բիոքիմիայի ինստիտուտում` որպես գիտաշխատող, որտեղ պաշտպանել է թեկնածուական թեզը: ԵՊԲԻ կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող, այնուհետև ԵՊԲԻ կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի ռադիոիզոտոպային լաբորատորիայի վարիչ, ԵՊԲԻ արտասահմանյան ֆակուլտետի դեկանի տեղակալ: Մեծ ու բազմազան է Ռուբեն Սաենի Բաբլոյանի աշխատանքային գործունեության շրջանակը: 1993-1996թթ. եղել է ԵՊԲԻ պրոֆիլային հիգիենայի ամբիոնի դոցենտ, 1993-2002թթ. ԵՊԲԻ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր, 2002–2005թթ. ԵՊԲՀ հետդիպլոմային ուսուցման բաժնի վարիչ, 2005–2007թթ. ԵՊԲՀ հետդիպլոմային մասնագիտական ուսուցման ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2005–2008թթ. ռադիոիզոտոպային լաբորատորիայի գիտաշխատող: 1972թ. նրան շնորհվել է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ռուբեն Բաբլոյանը պարգևատրվել է ԵՊԲՀ ոսկե մեդալով: 

Առողջապահության ոլորտում Արա Բաբլոյանի ներդրած լավագույն ավանդույթները շարունակում են նրա երկու որդիները:

Արման Արայի Բաբլոյանը բժշկական ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչն է: 1996-2001թթ. սովորել է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետում: 2001-2004թթ. ընդունվել է կլինիկական օրդինատուրա նույն համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնում: Արման Բաբլոյանը մասնագիտական կրթությունը /ասպիրանտուրա/ շարունակել է ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի ստոմատոլոգիայի ֆակուլտետում: 2005–2007 թթ. սովորել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայում` ձեռներեցություն, փոքր և միջին ձեռնարկությունների կառավարում մասնագիտությամբ: Օրթոպեդիկ ստոմոտոլոգիա մասնագիտությամբ Արման Բաբլոյանը վերապատրաստվել է Մարսելում: 2006թ. Շվեյցարիայի Ժուրայի Կանտոնալ հիվանադնոցում վերապատրաստվել է անցել է հիվանդանոցային կառավարում մասնագիտությամբ: Արման Բաբլոյանը ՀՀ ռադիոսպորտի ֆեդերացիա ՀԿ նախագահն է, Առողջապահության կազմակերպիչների միավորում ՀԿ խորհրդի անդամ: 

Արման Բաբլոյանը ՀՀԿ, ՀՀԿ Արաբկիր տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է: Պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է ՀՀ ԶՈՒ հոբելյանական, ՀՀ ԶՈՒ «Վազգեն Սարգսյան» մեդալներով: Արման Բաբլոյանը 2004-2007թթ. ղեկավարել է «Արաբկիր» ԲՀԵԴԱԻ մարզային մասնաճյուղը, մեկ տարի եղել «Գարանտ Լիմենս» ԱՓԲԸ(Գարանտ-Ինշուրանս) տնօրենների խորհրդի նախագահը: 2007-2013թթ. տնօրինել է «Արաբկիր» ԲՀԵԴԱԻ-ն: 2013– 2015թթ. Արման Բաբլոյանը զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: Այժմ նա «Արաբկիր» ԲՀԵԴԱԻ տնօրենն է: «Դեռևս առաջին դասարանում էի, որ նկատեցի հայրիկիս բազմազբաղ առօրյան: Նա անընդհատ գործուղումների մեջ էր, ուստի մտածում էի խուսափել բժշկի մասնագիտությունը ընտրելուց: Ավելի հասուն տարիքում սակայն հասկացա, որ այլընտրանք չունեմ: Առաջին մասնագիտությամբ ատամնաբույժ եմ, աշխատելով մի քանի տարի՝ հասկացա, որ կազմակերպական հարցերն են ինձ առավել շատ հետաքրքրում, այդ էր պատճառը, որ երկրորդ մասնագիտություն ընտրեցի, ընդունվեցի ֆրանսիական համալսարան, պաշտանեցի թեզ՝ հիվանդանոցային կառավարման թեմայով: Սկզբում աշխատելով կամավոր, կարողացա ծրագրեր իրականացնել, որոնք թույլ տվեցին հիվանդանոցային համալիրի բաժնետերերին` ինձ տնօրեն ընտրելու մասին որոշում կայացնել: Մեկուկես տարի եղել եմ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ և հիմա նորից ղեկավարում եմ հիվանդանոցը»,-ընդգծում է Արման Բաբլոյանը: Նա ունի երկու զավակ` Արան և Էմմին: 

«Բաբլոյան» բժշկական ազգանունն է կրում նաև Սերգեյ Արայի Բաբլոյանը: 1997-2003թթ. սովորել է և գերազանցությամբ է ավարտել Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկություն ֆակուլտետը: Բժշկական մայր բուհում Սերգեյ Բաբլոյանն անցել է օրդինատուրա մանկական վիրաբուժության գծով: 2000-2004 թթ. նա աշխատել է «Արաբկիր» բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: 2001թ. աշխատել է Ամառ Շրջանային հիվանդանոցում: 

Մեկ տարի անց Սերգեյ Բաբլոյանն աշխատել է Ժնևի համալսարանական հիվանդանոցի Սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունքում: Իսկ ահա 2002-2003 թթ. Սերգեյ Բաբլոյանը բժշկական պրակտիկա է անցել Ժնևի համալսարանական հիվանդանոցի Վիսցերալ վիրաբուժության բաժանմունքում: 2004-2008թթ. աշխատել է Մանկական վիրաբուժության և ուրոլոգիայի բաժանմունքում` որպես հերթապահ մանկական վիրաբույժ, իսկ 2007թ. Լիոնի Hospital Debrousse-ում - Մանկական վիրաբուժություն և ուրոլոգիա: Երիտասարդ մասնագետ Սերգեյ Բաբլոյանն այնուհետև բժշկական գործունեությունը շարունակել է Անտվերպենի համալսարանական հիվանդանոցում Էնդոկրին վիրաբուժություն, հեպատո-բիլիար վիրաբուժություն, երիկամների և լյարդի փոխպատվաստում մասնագիտությունների ուղղությամբ: 2008թ. նա «Արաբկիր» Բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Մանկական վիրաբուժության և ուրոլոգիայի բաժանմունքի մանկական վիրաբույժ է: 2011թ. երիկամային փոխպատվաստման դասընթացներ է անցել Պետրովսկու անվան ռուսական ազգային հետազոտական ինստիտուտում: Սերգեյ Բաբլոյանը 2001թ. սկսած` մասնակցել է միջազգային մի շարք կոնֆերանսների: «Ես աշխատում եմ հիմնականում երեխաների հետ: Բայց պետք է ընդգծեմ, որ մենք ունենք նաև Հայաստանում միակը համարվող երիկամի փոխպատվաստման ծրագիր, որը վերաբերում է նաև մեծահասակներին: Երեխաների հետ շփումն առավել բարդ է, քանի որ որպես կանոն, փոքրիկները վախենում են սպիտակ խալաթ կրողներից, բայց այն դրական լիցքերը, որ ստանում ես երեխային բուժելուց հետո, ինձ առավել մեծ էներգիա է փոխանցում, որը նպաստում է նրանց հետ բժշկի աշխատանքի արդյունավետությանը: Ընդհանրապես բժիշկ դառնալու իմ ցանկությունը և կարող եմ ասել որոշումը վաղ մանկական շրջանից է: Մանկուց երեխաների բժիշկ դառնալու ցանկությունս եղել է: Միշտ տեսնելով, թե ինչքան կարևոր գործ է անում բժիշկը, ինչ դեր ունի բժշկությունը, ես համոզվել եմ իմ մասնագիտական ընտրության մեջ: Հայրիկց սովորել եմ լինել բարի, առավելագույն աշխատասեր, անել առավելագույնը հանուն հիվանդի ապաքինման»,-այս գաղափարն է ընկած Սերգեյ Բաբլոյանի բժշկական աշխատանքի հիմքում:

Բաբլոյանների երրորդ սերնդի ներկայացուցիչներից է նաև Սյուզաննա Ռուբենի Բաբլոյանը: 1991-1997թթ. սովորել է ԵրՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետում` ավարտելով այն գերազանցությամբ: 

Բժշկական գիտությունների դոկտորը ԵրՊԲՀ-ի Մանկաբարձության և Գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի դոցենտ է: «Էրեբունի» բժշկական կենտրոնում, ինչպես նաև «Արաբկիր» բժշկական համալիրում համատեղությամբ աշխատում է` որպես մանկաբարձ-գինեկոլոգ: 1999- 2003թթ. նրա գիտական թեզը հաստատվել է Աթենքի բժշկական դպրոցի կողմից, Աթենքի Ազգային Համալսարան «Հեղուկային բջջաբանության դերը ձվարանների չարորակ Էպիթելային ուռուցքներով հիվանդների հետազոտման Ժամանակ» թեմայով: 2003թ. նրան շնորհվել է Աթենքի Ազգային Համալսարանի բժշկական գիտություների դոկտորի կոչում: 1997-2001 թթ. Սյուզաննա Բաբլոյանը եղել է կլինիկական օրդինատոր` «Մանկաբարձություն և Գինեկոլոգիա» մասնագիտությամբ: 1998-2001 թթ. կլինիկական օրդինատոր՝ Մանկաբարձության և Գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնում, Ալեքսանդրա հիվանդանոց, Աթենքի Ազգային Համալսարան, Հունաստան: Սյուզաննա Բաբլոյանը 1998 թթ. եղել է կլինիկական օրդինատոր՝ Մանկաբարձության և Գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնում, Պերինատոլոգիայի, Մանկաբարձության և Գինեկոլոգիաի կենտրոնում, ԵրՊԲՀ-ում: 1997-1997 թթ. եղել է կլինիկական օրդինատոր՝ N7 Կլինիկական հիվանդանոցում, Ռուսական Հետդիպլոմային Ուսուցման Ակադեմիայում: Վերապատրաստումներ է անցել CICE ծրագրի շրջանակում Էնդոսկոպիկ գինեկոլոգիաի տեսակլինիկական վերապատրաստում Ֆրանսիայում, Ռեվաս Բոչորոշվիլիի ղեկավարությամբ, ESGO-ի ծրագրի շրջանակում գինեկոլոգիական օնկոլոգիա մասնագիտությամբ ` Օսկար Լամբերտ Քաղցկեղի Կենտոնում, Լիլլ, Ֆրասիա. Ղեկավար` Էրիկ Լեբլան: Վիեննայի համալսարանական հիվանդանոցի Մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունքում վերապատրաստման կուրսեր է անցել Մանկաբարձություն, գինեկոլոգիա մասնագիտությամբ: Վերապատրաստման կուրսերը շարունակել է Բելգիայում, Միացյալ Թագավորությունում, Քաթարում, Ռուսաստանում, Հունաստանում: Սյուզաննա Բաբլոյանը մասնակցել է երեք տասնյակից ավելի միջազգային բժշկական համագումարների և կոնֆերանսների: Նա անդամակցում է բազմաթիվ միջազգային առողջապահական կազմակերպությունների. Գինեկոլոգիական Քաղցկեղի Միջազգային Ասոցիացիայի (IGCS) ակտիվ անդամ է, ΕNYGO-ի անդամ և Հայաստանի ներկայացուցիչը: 1997-2013թթ. ներկայացրել է 50-ից ավելի գիտական հրապարակումներ տեղական և միջազգային ամսագրերում, համագումարների և կոնֆերանսների ժամանակ:

Բժշկական ամուր ավանդույթներ ունեցող Բաբլոյանների բժշկական ընտանիքը Հայաստանին տվել է դեռևս բժիշկների երեք սերունդ, սակայն չի բացառվում, որ ոչ հեռավոր ապագայում «Բաբլոյան» բժշկական ազգանուն կրեն նաև Արա Բաբլոյանի թոռնիկները` համալրելով կոչումով բժիշկների մեծ գերդաստանը:

Տեսանյութ