Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԱՐԹԱԿ / Կոչումով բժիշկ նախագիծ / «Կոչումով բժիշկ». Ավդալբեկյաններ

«Կոչումով բժիշկ». Ավդալբեկյաններ

Ավդալբեկյանների բժշկական համբավը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս: Կոչումով բժիշկների երեք սերունդ, որոնք իրենց ներդրումն են ունեցել և շարունակում են ունենալ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում: Բժշկական այս մեծ գերդաստանի հիմքը դրել է հայտնի գիտնական Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյանը, որին գործընկերները տվել էին հայ վիրաբուժության և բժշկության նահապետ պատվավոր տիտղոսը: Նա ծնվել է 1920 թվականի հուլիսի 1-ին Սուխումի քաղաքում։ 1943թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Աննախադեպ բնական տաղանդով և մեծ աշխատասիրությամբ օժտված Սուրեն Ավդալբեկյանը դեռ ուսանողական տարիներից էր հետաքրքրված վիրաբուժությամբ: Անվանի բժշկի մասնագիտական գործունեության սկիզբը համընկել է Հայրենական մեծ պատերազմի դժվար տարիների հետ: Լինելով Մոսկվայի ռազմական շրջանի էվակոհոսպիտալի առաջատար վիրաբույժ` Սուրեն Ավդալբեկյանը ցուցաբերել է ծառայության ղեկավարի մեծագույն պատասխանատվություն և մասնագիտական բարձր պատրաստվածություն: 

Պատերազմից վերադառնալուց հետո՝ 1945թվականից Սուրեն Ավդալբեկյանն աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի ֆակուլտատիվ վիրաբուժության կլինիկայում: Նա օրդինատոր-վիրաբույժի գործունեության հետ մեկտեղ նաև դասավանդում էր, անցկացնում գիտական հետազոտություններ: 1948թ. Սուրեն Ավդալբեկյանը սկսել է զբաղվել ինտուբացիոն նարկոզով` դառնալով հանրապետությունում էնդոտրախեալ նարկոզի ներդրման հիմնադիրը: 

1949թ. Ս. Ավդալբեկյանն առաջիններից է արձագանքել է հեռավոր շրջաններից մեկում վիրաբուժական ծառայության զարգացման վերաբերյալ հայրենիքի կանչին և ինքնակամ մեկնել Ղափանի շրջան, աշխատել գլխավոր բժիշկ՝ ղեկավարելով վիրաբուժական բաժանմունքը: 1951թ. Ս. Ավդալբեկյանը վերադարձել է Երևան, ֆակուլտատիվ թերապիայի կլինիկա, որտեղ պրոֆեսոր Ռ.Հ.Յոլյանի ղեկավարությամբ առաջին քայլերն է կատարել դեռևս չհետազոտված կրծքային վիրաբուժության ոլորտում: 1952թ. Սուրեն Ավդալբեկյանը մրցույթով ընդունվել է Երևանի բժշկական համալսարանի ֆակուլտատիվ վիրաբուժության ամբիոն: Մոսկվայում ՄՈՆԻԿԻ-ում՝ պրոֆեսոր Բ.Է.Լիմբերգի կլինիկայում մասնագիտացումից հետո նա իր գիտելիքները և ունակությունները ներդրել է հայրենի բժշկագիտության զարգացման գործում: 

Ամփոփելով բազմամյա գիտագործնական փորձը` Սուրեն Ավդալբեկյանը 1956թ. հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Թոքի հիդատիտոզ էխինակոկ», իսկ 1968թ. դոկտորական ատենախոսություն՝«Բրոնխոէկտազների ֆունկցիոնալ հետազոտման և վիրաբուժական բուժման ժամանակակից հարցերը» թեմաներով: 

Հայ բժշկագիտության մեջ մեծ կշիռ ունեն ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի աշխատանքները՝ նվիրված սրտի էլեկտրամեխանիկական ակտիվությանը, սրտի լայնակի բլոկադայով հիվանդների էլեկտրաստիմուլյացիայի ուսումնասիրմանը, թոքերի կոմպենսատոր պրոցեսների ձևաբանության, արյան մակարդման և ֆիբրինոլիտիկ համակարգերի, անգիոպուլմոնոգրաֆիայի եղանակով արյան փոքր շրջանառության, արտաքին շնչառության ֆունկցիայի հետազոտմանը և այլն: Կյանքի 92 տարիներից 70-ը նա նվիրել է ազգային բժշկագիտության զարգացմանը` ոչ միայն հիմնելով և կայացնելով Առողջապահության ազգային ինստիտուտը,այլև որպես նորարար հանդես գալով բարդագույն վիրահատական միջամտությունների պատմության մեջ:

Հենց Ավդալբեկյանն է առաջինը Հայաստանում կատարել թոքերի մասնահատումներ, էլեկտրասրտախթանիչը ներդրել սրտի մեջ, ինչպես նաև ԽՍՀՄ-ում առաջին անգամ կիրառել թոքերի խոռոչների տրանսպարիենտալ կատետերավորումը. մի խոսքով հեղաշրջում կրծքավանադակի վիրաբուժության պատմության մեջ: Վարպետության աճի հետ զուգահեռ, Սուրեն Ավդալբեկյանը հրաշալի գիտակցել է բժշկի մշտապես կատարելագործման անհրաժեշտությունը: 

Եվ պատահական չէ, որ նա Երևանի բժշկական ինստիտուտին կից բժիշկների կատարելագործման ֆակուլտետի ստեղծման նախաձեռնողներից մեկն էր, ապա նաև ֆակուլտետի դեկանը: Կարճ ժամանակաընթացքում Ս.Ավդալբեկյանի ղեկավարությամբ նշված ֆակուլտետը դարձել է միութենական նշանակության հզոր գիտամանկավարժական կենտրոն, բարձր որակավորմամբ կադրերի դարբնոց, որտեղ կատարելագործվում և մասնագիտացում էին ստանում նախկին Խորհրդային Միության բժիշկները, դոկտորական և թեկնածուական թեզեր էին պաշտպանում մասնագետները: 

Ս.Ավդալբեկյանը պարգևատրվել է «Աշխատանքային Կարմիր դրոշի», «Փառքի նշան» շքանշաններով, մեդալներով, պատվոգրերով, արժանացել է «Հայկական ԽՍՀ վաստակավոր բժիշկ» պատվավոր կոչման: Բժշկության ոլորտում մեծ վաստակի համար, առաջին անգամ մեր իրականության մեջ կյանքի օրոք Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտը, Ա.Լ.Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի կրծքային բաժանմունքը, «Շտապօգնության» ԳԲԿ-ի կրծքային և երկու վիրաբուժական բաժանմունքները, որտեղ նա աշխատում էր մինչև կյանքի վերջին տարիները, անվանակոչվել են ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվամբ: 

Հայ բժշկության նահապետը կյանքից հեռացել է 2013-ի մարտի 10-ին, 92 տարեկան հասակում: Սուրեն Ավդալբեկյանի կինը՝ Լյուսի Ավդալբեկյանը, մասնագիտությամբ կենսաքիմիկոս էր: Նա երկար տարիներ աշխատել է արյունաբանության ինստիտուտում՝ ղեկավարելով կենսաքիմիայի լաբորատորիայի գիտական խորհուրդը: 

Ավդալբեկյան ազգանունն այսօր էլ շարունակում է մնալ «բժշկության հոմանիշը»: Այս ընտանիքի երկրորդ սերունդը ներկայացնում է Սուրեն Ավդալբեկյանի որդին՝ Արմեն Ավդալբեկյանը: Բժշկական գիտությունների թեկնածուն 1985 թվականից Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ախտորոշիչ բաժանմունքի ղեկավարն է: Բժիշկ-վիրաբույժն իր մասնագիտական գործունեությունը իրականացնում է 1971 թվականից: Ավդալբեկյանների բժշկական տոհմի երրորդ սերունդը ներկայացնում են Արմեն Ավդալբեկյանի երկու որդիները՝ Սուրեն և Ռուբեն Ավդալբեկյանները: Երկուսն էլ ավարտել են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Երիտասարդ բժիշկ Ռուբեն Ավդալբեկյանը բժշկական մայր բուհի թերապևտիկ նեղ մասնագիտությունների ամբիոնի դոցենտ է: 

Բժշկական գիտությունների թեկնածուն աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրնոնում՝ որպես գաստրոէնտերոլոգ: Կրտսեր Սուրենը թեև ընտրել է բժշկի մասնագիտությունը, բայց այսօր նա իրականացնում է այլ գործունեություն: Սուրեն Ավդալբեկյանը ատամնաբույժ է: 

Նշենք, որ կոչումով բժիշկների այս տոհմածառում նաև Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյանի եղոր դուստրն է՝ Նարինե Էդուարդի Ավդալբեկյանը: Նա զարմիկների՝ Սուրենի և Ռուբենի հետ միասին շարունակում է գերդաստանի բժշկական գիծը՝ ներկայացնելով երրորդ սերունդը: Նարինե Ավդալբեկյանը ծնվել է 1946թ., ավարտել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտը: 1970-ականներին աշխատել է շտապօգնությունում, հիմա բժշկական մայր բուհի թերապիայի ամբիոնի դոցենտ է:

Տեսանյութ