Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԱՐԹԱԿ / Կոչումով բժիշկ նախագիծ / «Կոչումով բժիշկ». Յոլյաններ

«Կոչումով բժիշկ». Յոլյաններ

Յոլյանների ականավոր տոհմի հռչակը հայտնի է ինչպես Գորիսում, Հայաստանում, այնպես էլ՝ Հայաստանից դուրս: Հանրաճանաչ գերդաստանը համախմբում է նշանավոր գիտնականների, զինվորականների, բժիշկների, մանկավարժների մի ամբողջ աստղաբույլ: Յոլյանների բժշկական տոհմի նահապետը Ռուբեն Հովսեփի Յոլյանն է: Նա ծնվել է 1894 թ. Գորիս քաղաքում: Սովորել է Սանկտ-Պետերբուրգի Ռազմաբժշկական ակադեմիայում, այնուհետև` Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետում, որն ավարտել է 1919թ.: Հայրենիք վերադառնալով՝ նա մինչև 1924թ. աշխատել է որպես զինվորական բժիշկ: 1924թ.-ից սկսած աշխատել է Գորիսում, ապա Երևանի բժշկական ինստիտուտի հոսպիտալ վիրաբուժության ամբիոնում: 1934-ից ղեկավարել է Երևանի բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնը: 1937թ. Ռ. Յոլյանը հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ «Ստորին վերջույթների խոցային պրոցեսների հետազոտության նյութերը» թեմայով: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ռ. Յոլյանը մեծ աշխատանք է կատարել էվակոհոսպիտալների կազմակերպման ուղղությամբ՝ լինելով հանրապետության առաջատար վիրաբույժներից մեկը: 1947 թվականին նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է հանրապետության Հեմատոլոգիայի և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտը, որի անփոփոխ տնօրենն է եղել մինչև կյանքի վերջը: Այժմ այդ կենտրոնը կրում է անվանի վիրաբույժ և հասարակական գործիչ Ռուբեն Հովսեփի Յոլյանի անունը: Ռուբեն Յոլյանը Վիրաբույժների համաշխարհային ընկերության վարչության և Վիրաբույժների միջազգային ասոցիացիայի անդամ էր: Նրա գիտական աշխատանքները վերաբերում են վնասվածքաբանության, կլինիկական վիրաբուժության, արյան փոխներարկման, ուռուցքաբանության, ցավազրկման, երիկամային անբավարարության, նյարդային համակարգի սնուցող ֆունկցիայի պարզաբանման, ինֆեկցված վերքերի և վիրաբուժական ինֆեկցիաների սուլֆանիլամիդներով բուժման, վերջույթների վնասվածքների խնդիրներին:

1947-1954 թթ. եղել է ՀԽՍՀ Վիրաբուժական ընկերության նախագահ, Վիրաբույժների համաշխարհային ընկերության վարչության անդամ: Ռ.Հ.Յոլյանը 50-ից ավելի գիտական աշխատությունների և տասնյակ մենագրությունների հեղինակ է: Առանձին գրքերով լույս են տեսել նրա «Ռազմադաշտային վիրաբուժության համառոտ ձեռնարկ», «Մասնավոր վիրաբուժության դասընթաց», «Պենիցիլինի կիրառումը վիրաբուժության մեջ» աշխատությունները: Պրոֆ. Ռ. Յոլյանը կազմակերպել և զարգացրել է դոնորական շարժումը Հայաստանում՝ այդ շարքերում ներգրավելով հանրապետության համապատասխան մեծահասակ կոնտինգենտին: Պատերազմից հետո Ռ. Յոլյանն ընտրվել է ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ: Նրան շնորհվել է գիտության վաստակավոր գործչի կոչում: Հիմնական աշխատանքին զուգահեռ, պրոֆ. Ռ. Յոլյանն իրականացրել է նաև մեծ հասարակական աշխատանք` հանդես գալով որպես ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր: Նրա մեծ հեղինակությունը նպաստեց, որ այն ժամանակների բազմաթիվ անվանի բժիշկներ ներգրավվեն փոխներարկաբանության հարցերի ուսումնասիրության ու մշակման գործընթացին. Հ. Քեչեկը, Ս. Շարիմանյանը, Լ. Հովհաննիսյանը, Ա. Մելիք-Ադամյանը, Ռ. Պարոնյանը, Ռ. Գյանջեցյանը և ուրիշներ: Ռ. Յոլյանը մեծ դեր է ունեցել արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտի գիտական առաջընթացի հարցում: Նա առաջիններից մեկն է բացատրել արյան փոխներարկման, որպես օրգանիզմի իմունակենսաբանական ակտիվության գործոնի, ազդեցության մեխանիզմներն օրգանիզմի վրա: Միաժամանակ նրա կողմից իրականացվել են կլինիկական և փորձարարական հետազոտական աշխատանքներ: Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանը կազմակերպել և իրականացրել է նաև փոխներարկաբանության ոլորտի մասնագետների պատրաստումը և ուսուցումը: Նրա անունով են կոչվում Գորիսի կենտրոնական հիվանդանոցը և քաղաքի փողոցներից մեկը: Ռուբեն Յոլյանը կյանքից հեռացել է 1955 թվականին, Երևանում: 

Բժիշկ էր նաև Ռուբեն Յոլյանի եղբոր` Կոլյա Յոլյանի դուստրը` Լիդա Յոլյանը: Բժշկական գիտությունների դոցենտն աշխատել է արյան փոխներարկման ինստիտուտում: Նրա ամուսինը` Աբգար Լենոն, ևս բժիշկ էր: 

Կոչումով բժիշկների տոհմից է սերում նաև պրոֆեսոր Սուրեն Լևոնի Յոլյանը: Նա ծնվել է 1926 թ. դեկտեմբերի 16-ին, Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկի՝ Զանգեզուրի չնաշխարհիկ Գորիս քաղաքում՝ ծառայողի ընտանքիում: Սերում է Գորիս քաղաքի Յոլյանների նշանավոր տոհմից: 1942-ին՝ գերազանց գնահատականներով ավարտել է Գորիսի Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցը: 1943-48 թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում: «Շատ հետաքրքիր է եղել Սուրենի բժշկական ինստիտուտ ընդունվելը: Նա շատ հաստատակամ և վճռական տղա էր: 10-րդ դասարանը դեռ չավարտած՝ հայտարարեց, որ գնում է Երևան՝ սովորելու Բժշկական ինստիտուտում: Եկավ, չգիտեմ ինչ ձևով, թղթերը հանձնեց և բարձր գնահատականներ ստանալով՝ ընդունվեց բուհ: Որոշ ժամանակ անց Գորիսից «մատերիալ» գրեցին, թե Ս. Լ. Յոլյանը 10-րդ դասարանը չավարտած, ինչպես է ընդունվել ինստիտուտ: Այդ տարիներին ինստիտուտի ռեկտորը նույնպես գորիսցի էր՝ Ներսես Բաբայիչը: Նա կանչում է աշխատակիցներին, հնաձնարարում ստուգել գործը: Պարզվում է, որ Սուրենը գերազանց գնահատականներով ընդունվել է և գերազանցությամբ էլ սովորում է ինստիտուտում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նրան թողնում են շարունակել ուսումը»,-իր հուշերում գրում է Գոհար Յոլյանը: Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է պրոֆեսոր Ռուբեն Հովսեփի Յոլյանի անվան հեմատոլոգիայի և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական սեկտորում՝ որպես բուժող բժիշկ:

1951թ. գործուղվել է Կոտայքի շրջանային հիվանդանոց՝ որպես թերապևտ, իսկ 1952-56 թվականներին նշանակվել է Կոտայքի շրջկոմի առողջապահության բաժնի պետ: 1954 թ. պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուական դիսերտացիա: 1962-65թթ., Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի նախագահության որոշմամբ, նշանակվել է Սրտաբանության և սրտային վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, իսկ 1965-93 թթ. նույն ինստիտուտի սրտաբանության և ռևմատոլոգիայի բաժնի վարիչ: 1971թ. պաշտպանել է դոկտորական դիսերտացիա: 1973 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում: Եղել է Հայկական ՍՍՀ առողջապահության նախարարության գլխավոր ռևմատոլոգը և ռևմատոլոգիայի կենտրոնի նախագահը, համամիութենական ռևմատոլոգների նախագահության անդամ, ՀՀ ռևմատոլոգների ընկերության նախագահ: Պրոֆեսոր Սուրեն Լևոնի Յոլյանի ղեկավարությամբ պաշտպանվել են բժշկական գիտությունների թեկնածուական ութ դիսերտացիաներ: Անվանի գիտնական, կարդիոռևմատոլոգ, պրոֆեսոր Ս.Լ. Յոլյանի ստեղծագործական գործունեությունը բնութագրում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կլինիկական գիտական հետազոտությունների լայն շրջանակը: Նրա գիտական աշխատություններին բնորշ հատկանիշները համարվում են կլինիկա-պաթոֆիզիոլոգիական հիմնահարցերի համալիր վերանայումները և համապատասխան բուժումները: 

ՀՀ սրտաբանության ինստիտուտի ռևմատոլոգիայի և սրտի արատների բաժանմունքում պրոֆեսոր Սուրեն Յոլյանի ղեկավարությամբ պատրաստվել և վերապատրաստվել է ՀՀ ռևմատոլոգների մի հոզր բանակ, որոնք համալրվել են յոլյանական «շկոլայով» անցած մասնագետներ: Հայաստանի ազգաբնակչության ռևմատիկ հիվանդությունների տարածվածության պատճառով, պրոֆեսոր Ս.Լ. Յոլյանի մտահղացմամբ և նախաձեռնությամբ, «Էրեբունի» քաղաքային կլինիկական հիվանդանոցում 1985թ. բացվել է հանրապետական հոդաբանական կենտրոն: Կենտրոնի կլինիկական աշխատանքները ղեկավարելու համար բաժնի վարիչ է նշանակվել սրտաբանության և ռևմատոլոգիայի բաժնի գիտաշխատող, բժշկական գիտությունների թեկնածու, Վալենտինա Գրիգորի Բալասանյանը, իսկ գիտական ղեկավարը պրոֆեսոր Սուրեն Լևոնի Յոլյանն էր: Նա հեղինակ է 145 գիտական աշխատանքների: Պրոֆեսոր Սուրեն Լևոնի Յոլյանը մեծ սեր ու հարգանք էր վայելում առողջապահության համակարգի բոլոր օջախներում: Պարգևատրվել է «Աշխատանքային արիության» և «Պատվո նշան» շքանշաններով: «Բժշկությունը արվեստ է»,-հաճախ էր սիրում կրկնել անվանի պրոֆեսորը: Սուրեն Յոլյանը շատ էր սիրում իր հայրենիքը, հատկապես՝ Գորիսը: Անգիր գիտեր Համո Սահյանի գրեթե բոլոր բանաստեղծությունները: «Սուրեն Լևոնիչին ճանաչում եմ 1963 թվականից՝ համատեղ աշխատանքի ընթացքում : Ինստիտուտում աշխատում եմ արդեն 41 տարի և այդ ժամանակաընթացքում եղել է իմ ամենամտերիմ ընկերն ու բարեկամը: 1963թ. ես ասպիրանտ էի, իսկ Սուրեն Լևոնիչը գիտական գծով տնօրենի տեղակալն էր: Հումորով, անսպառ էներգիայով, կյանքով լեցուն, շատ գունեղ մարդ էր: Երբեք ազատ չէր լինում, գրում էր ու կարդում: Սուրեն Լևոնիչի հետ կարելի էր ժամերով զրուցել ամենատարբեր թեմաներով և չձանձրանալ: Հայաստանում ռևմատոլոգիայի գիտական միտքը նոր ստիճանի բարձրացավ Սուրեն Լևոնիչի կազմակերպական ու գիտական աշխատանքի շնորհիվ:

Պրոֆեսորի սկզբունքն էր. անթերի, լիարժեք, առողջ ապրելը»,-Սուրեն Յոլյանին նվիրված գրքում գրում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կարլեն Ադամյանը: Իսկ ահա Վարդան Ալավերդյանը հիշում է, որ Սուրեն Յոլյանը չափազանց նվիրված էր սպորտին: «Սուրեն Յոլյանը շախմատի հայ արքա Տիգրան Պետրոսյանի մտերիմ ընկերն էր: Հենց նրա միջոցով ծանոթացա աշխարհահռչակ շախմատիստի հետ, որն այդ ժամանակ բնակվում էր Երևանում»,-նշում է Վարդան Ալավերդյանը: Կեսդարյա գիտական գործունեության, առողջապահության կազմակերպման, հիվանդների պրակտիկ բուժման, որակյալ կադրերի պատրաստման և քրտնաջան աշխատանքի համար ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ սրտաբանության ինստիտուտի, Հայաստանի ռևմատոլոգիայի գիտական ընկերության և սրտաբանների ասոցիացիայի առաջարկությամբ, սրտաբանության ինստիտուտի ռևմատոլոգիայի ինստիտուտն անվանակոչվել է պրոֆեսոր Սուրեն Լևոնի Յոլյանի անվամբ: 

Սուրեն Լևոնի Յոլյանը մահացել է 1994 թ. նոյեմբերի 17-ին՝ Փարիզում: Նրա մարմինն ամփոփված է Մոսկվայում: 

«Երբ տուն էր մտնում, բոլորը զգաստանում էին, չնայած անսահման սիրում էր երեխաներին, բայց նրանք քաշվում էին հորից: Սիրում էր նրանց հետ քննարկել տարբեր հարցեր և անպայման լսում էր նաև նրանց կարծիքը: Երբ Լևոնը հինգ տարեկան դարձավ, շախմատ խաղալ սովորեցրեց: Ինքը շատ էր սիրում շախմատ խաղալ , երեկոյան շատ հաճախ ընկերներց մեկի հետ էր խաղում: Մասնակցել էր հանրապետական առաջնությանը: Իսկ Լևոնը միջազգային վարպետ դարձավ»,-նշում է Սուրեն Յոլյանի կինը՝ Ռոզա Յոլյանը: 

Լևոն Սուրեն Յոլյանը ծնվել է 1959 թվականին, Երևանում: 1980թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Մասնակցել է ՍՍՀՄ պատանիների շախմատի առաջնությանը և բաժանել երկուսից հինգերորդ տեղերը այն տարում, երբ Գարրի Կասպարովը չեմպիոն է դարձել: 1986-1990 թթ. աշխատել է ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղար: 1998-2000թթ. Եղել է ՀՀ պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ, իսկ 2000-2007թթ. զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: Ամուսնացած է, ունի երեք դուստր: 

Կոչումուվ բժիշկների մասնագիտական գիծը շարունակում է նաև Սուրեն Յոլյանի դուստրը՝ Գայանե Յոլյանը: Նա ծնվել է 1956 թվականին Երևանում: 1979-ին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, ստացել մանկաբույժի որոկավորում: Աշխատել է մանկաբույժ: Այժմ նա բնակվում է Մոսկվայում: 

Սյունյաց աշխարհում հայտնի Յոլունց տոհմի բժշկական գիծը շարունակում են Ռուբեն Յոլյանի եղբոր՝ հայտնի աշուղ Ղազար Յոլյանի շառավիղները: Նա ուներ երեք որդի՝ Հրանտը, Գուրգենը և Յուրին: Նրանցից երկուսը՝ Հրանտը և Յուրին, ևս ընտրել են բժշկի մասնագիտությունը: Հրանտ Յոլյանը սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում, եղել է Միկոյանի, Սիսիանի ու նաև Մեղրիի շրջանների գլխավոր բժիշկը: Դուստրը՝ Աիդա Յոլյանը շատ փոքր է եղել, երբ հայրը մահացել է: «Ցավոք չեմ հիշում հայրիկիս, բայց պատմում են, որ նա հմուտ վիրաբույժ է եղել, գինեկոլոգ, վեներոլոգ: Բազմակողմանի զարգացած անձնավորություն էր և բժշկության, մի քանի նեղ մասնագիտություններ հրաշալի տիրապետել է»: Հրանտ Յոլյանը կյանքից հեռացել է 1949 թվականին, 31 տարեկան հասակում: «Հորղեբայրը՝ Ռուբեն Հովսեփի Յոլյանը, նրանց համար բավականին մեծ հեղինակություն էր և նրա ընտրած մասնագիտությունը և հետաքրքրություն և սեր առաջացրեց հայրիկիս, հորեղբայրներիս մոտ, և նրանք շարունակեցին Ռուբեն Յոլյանի գործը»,-նշում է մասնագիտությամբ լեզվաբան Աիդա Յոլյանը: 

Հրանտի երկու դուստրերից Աիդա Յոլյանի և՛ 2 զավակները, և՛ 5 թոռներից 4-ը շարունակեցին պապի մասնագիտությունը: Ազգանունով Յոլյան չեն, սակայն նրա թոռներն ու ծոռներն են: 

«Փոքրուց երազել եմ ինքս դառնալ բժշկուհի, սակայն դա ինձ չհաջողվեց, բայց հետագայում այդ հաջողությունը նկատվեց իմ երեխաների մոտ: Թե տղաս, թե աղջիկս, ավարտել են Երևանի պետական բժշկական համալսարանը: Տղաս՝ Հրանտը, հորս անունն է կրում»,-հպարտությամբ ասում է Աիդա Յոլյանը: 

Հրանտ Պապիկյանը, ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետը: Այդ ժամանակ սկսվել էր արցախյան պատերազմը, և Հրանտը մասնակցեց ամերիկյան բժիշների կազմակերպած դասընթացներին և ստացավ շտապ օգնության բժշկի ամերիկյան սետիֆիկատ, դարձավ զինվորական բժիշկ, մասնակցեց արցախյան գոյամարտին՝ փրկելով բազմաթիվ կյանքներ: 1994 թվականին Օմարի լեռնացքում հերթական ուժեղ մարտերի ժամանակ հակառակորդի գնդակից Հրանտ Պապիկյանը վիրավորում է ստացել: 

«Նա հիմա էլ պատրաստ է հայրենիքը վտանգվելու դեպքում մեկնել սահման, ասում է, որ Աստված մի արասցե, եթե կարիք լինի, կրկին առաջին գծում եմ լինելու: Նա այժմ էլ շարունակում է բժշկի նվիրական գործը»,-նշում է զինվոր-բժշկի մայրը: 

Նա եղել է ներքին զորքերի բուժվարչության պետ: Հրանտի կինը ևս ավարտել է բժշկական մայր բուհի նույն ֆակուլտետը: Նրանք ունեն 3 զավակ՝ 2 աղջիկ, 1 տղա: Աղջիկներից Մերի Պապիկյանը սրտաբան է, իսկ Աիդա Պապիկյանը մանկաբույժ, աշխատում է «Արաբկիր» ԲԿ-ում: Որդին՝ Դավիթը, ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող է, այժմ ծառայում է Հայաստանի զինված ուժերում: 

Հրանտ Յոլյանի թոռնուհի Արփինե Սողոյանը (ամուսնու ազգանունն է) գինեկոլոգ է, բժշկական գիտությունների թեկնածու, աշխատում է «Բեգլարյան կենտրոնում» և ղեկավարում է 16-րդ պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժինը: Արփինեի մեծ որդին՝ Էդուարդ Սողոյանը, ԵՊԲՀ-ի ռազմական բժշկության ֆակուլտետի ուսանող է:

Հրանտ Յոլյանի մյուս դուստրը` Իրմա Յոլյանը, ևս բժշկուհի է: Նա ծնվել է 1940 թվականին, Գորիսում: Նա աշխատել և շարունակում է մասնագիտական գործունեությունը ծավալել Երևանի առաջին հիվանդանոցում: Իրմա Յոլյանը նեղ մասնագիտությամբ գինեկոլոգ է: 

Գրիշա Ղազարի Յոլյանի կինը` Բելլա Յոլյանը, ևս ընտրել էր բժշկի բարդ ու պատասխանատու աշխատանքը` երկար, մոտ քառասուն տարի աշխատելով Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում` որպես լաբորատորիայի վարիչ: 

Բժիշկ Յոլյանների տոհմածառի ճյուղերից մեկն էլ Ղազար Յոլյանի մյուս որդին՝ Յուրի Յոլյանն է՝ իր մեծ բժշկական ընտանիքով: Նա ծնվել է 1936 թվականին, Գորիսում: Ավարտել է Երևանի բժշկական ուսումնարանը` ատամնաբույժի ֆակուլտետը: Երկար տարիներ եղել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի լաբորանտ: Յուրի Յոլյանը գործուղվել է Տավուշի մարզի Պառավաքար, ապա նաև Վարդենիկ համայնքներ: 

Նրա կինը` Լալա Յոլյանը, ևս ընտրել էր ատամնաբույժի մասնագիտությունը: Նա Երևանի պետական բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետի առաջին շրջանավարտներից էր: Աշխատել է` որպես մանկական ատամնաբույժ: Յուրի Յոլյանի երկու զավակներից միայն դուստրը` Շուշանիկը, ընտրեց տոհմիկ մասնագիտությունը` սովորելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետը: 

Նա աշխատում է մասնագիտությամբ: Յուրի Յոլյանի ընտանիքի բժշկական գիծը շարունակում է թոռը` Տաթևիկ Արթուրի Աթոյանը, որն ավարտել է դարձյալ բժշկական մայր բուհի ատամնաբուժական ֆակուլտետը: 

Գուրգեն Ղազարի Յոլյանը ևս կոչումով բժիշկ էր: Նա ծնվել է 1920 թվականին, Գորիսում: 1949-ին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, ապա աշխատել Գորիսի հիվանդանոցում ` որպես վիրաբույժ: 1959-ին տեղափոխվել է Երևան և աշխատել է Հանրապետական հիվանդանոցում ` որպես վիրաբույժ, միաժամանակ եղել է Վիրաբուժության ամբիոնի ասիստենտ: 1973-ից մինչև 1982 թվականը աշխատել է 3-րդ հիվանդանոցի տնօրենի` բուժգծով տեղակալ: Գուրգեն Յոլյանը մահացել է 1982-ին: Բժշկի մասնագիտությունն էր ընտրել նաև Գուրգեն Յոլյանի կինը` Էլիդա Սուրենի Յոլյանը: Նա ծնվել է 1930 թվականին, Երևանում: 1953-ին ավարտել է բժշկական մայր բուհը, իսկ 1959-ին աշխատել` Գորիսի հիվանդանոցում` որպես բժիշկ-գինեկոլոգ: 1959-ից աշխատել է նախկին Մարգարյան, այժմ Մոր և մանկան առողջության կենտրոնում` որպես գինեկոլոգ: 

1980-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` բժշկական գենետիկայի վերաբերյալ: Նույն ինստիտուտում նա աշխատել է նաև որպես գենետիկ կոնսուլտացիայի վարիչ: Էլիդա Յոլյանը կյանքից հեռացել է 2004 թվականին: Բժիշկ ծնողների գործն այժմ մեծ պատասխանատվությամբ շարունակում է նրանց դուստրը` Հասմիկ Յոլյանը: Նա ծնվել է 1953-ին: 1976-ին ավարտել է բժշկական ինտիտուտը և գործուղվել Կապանի բուժմիավորում և մինչև 1982 թվականը աշխատել է բժիշկ-նյարդաբան: 2000 թվականից առայսօր նա աշխատում է ՀՀ ԱՆ նարկոլոգիական հանրապետական կենտրոնում` որպես նյարդաբան: 

Բժիշկ է նաև Հասմիկ Յոլյանի ամուսինը` Արտաշես Հարությունյանը, որն այժմ ղեկավարում է «Մալաթիա» ԲԿ ախտորոշիչ բաժանմունքը: Նրանց երկու դուստրերը` Աննա և Զառան, ևս շարունակում են կոչումով բժիշկների ավանդական մասնագիտությունը: Աննան ատամնաբույժ է, իսկ Զառան լաբորատորիայի բժիշկ:

Տեսանյութ