Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԱՐԹԱԿ / Կոչումով բժիշկ նախագիծ / «Կոչումով բժիշկ». Այլամազյաններ

Նվիրվում է անվանի բժշկուհի Ջուլիետա Այլամազյանի 90-ամյակին

 

«Կոչումով բժիշկ» նախագծի հերթական թողարկումը նվիրվում է Այլամազյանների ընտանիքին, որի բժշկական ճյուղը սկզիբ է առնում Մկրտիչ (Նիկիտա) Այլամազյանից:

Անվանի բժիշկը ծնվել է 1903թ. Լենինականում: 1933թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1945-1947թթ. եղել է ՀԽԱՀ կուրորտային վարչության պետը, 1951-1962թթ.՝ Երևանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, 1962-1980թթ.՝ ԵԲԿԻ մանկաբարձության և ցինեկոլոգիայի ամբիոնի վարիչ: 1980-1982թթ.՝ մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի կազմմեթոդական բաժնի վարիչ:

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին աշխատել է նաև Արթիկի էվակոհոսպիտալում որպես գլխավոր բժիշկ և վիրաբույժ: Նրա գիտական աշխատանքները վերաբերել են կանանց սեռական օրգանների քաղցկեղի և նախաքաղցկեղային վիճակի ախտորոշման և բուժման հարցերին: Մահացել է 1984թ. դեկտեմբերի 20-ին Երևանում: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը մասնագիտական գործունեությունը նվիրել է առողջապահական համակարգի կարևոր ճյուղերից մեկի զարգացման, երիտասարդ կադրերի պատրաստման գործին:

Ընտանիքի բժշկական պատմությունը ներկայացնում է «Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության ղեկավար, բնապահպան, Աշխարհագրական գիտությունների դոկտոր Կարինե Դանիելյանը: Թեպետ մայրիկի` անվանի նյարդաբան Ջուլիետա Այլամազյանի նման նա չընտրեց բժիշկի մասնագիտությունը, սակայն նրան մանուկ հասակից խորթ չեն բժշկական մի շարք տերմիններ և ձևակերպումներ:

Հասարակական գործչի հիշողության մեջ պատկերավոր են դաջվել այն դրվագները, երբ յուրաքանչյուր գիշեր մայրիկը պարտադիր պատասխանում էր Հայսաստանի տարբեր մարզերում աշխատող իր աշակերտների հեռախոսազանգերին, հետաքրքրվում նրանց հիվանդների բուժման ընթացքով, տալիս համապատասխան բժշկական ցուցումներ և անգամ հրատապ դեպքերում կեսգիշերն անց, անհրաժեշտ անհետաձգելի միջոցառումները կազմակերպելու նպատակով մեկնում հեռավոր մարզեր:

«Մայրս հատուկ վերաբերմունք ուներ ուսման և աշխատանքի նկատմամբ, նույն պահանջն ուներ նաև մեր նկատմամբ: Ես էլ դպրոցը և համալսարանը գերազանց եմ ավարտել»,- նկատում է տիկին Կարինեն, ով ողջ կյանքում զգացել է մոր հանդեպ հիվանդների անսահման հարգանքն ու սերը:
Կարինե Դանիելյանը խնամքով պահպանել է մայրիկի գիտական հաջողությունների մասին վկայող բոլոր փաստաթղթերը, սակայն նրա համոզմամբ` բժիշկի համար հաջողության ամենամեծ գրավականը հիվանդների շնորհակալ լինելու զգացումն է, որն այնքան բնորոշ է մեր ժողովրդին: Անգամ տարիներ անց նա ականատես է լինում, թե ինչպես են այս կամ այն առիթով իր մայրիկին շնորհակալ լինում փոքրիկների բազմաթիվ փրկված և ապաքինված կյանքերի համար:

Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում» ավագ գործընկեր, հմուտ մասնագետ Ջուլիետա Ալամազյանին հիշում են գրեթե ամեն օր: Նրա կարևոր ներկայության կարիքը բուժանձնակազմը հաճախ է զգում: Հատկապես դժվարին իրավիճակներում, բարդ դեպքերի ախտորոշման և բուժման ժամանակ մասնագետը կրտսեր գործընկերներին օգնում էր արժեքավոր խորհրդով:

Ընտրելով մասնագիտաման ամենանուրբ և միաժամանակ բարդ ուղղություններից մեկը մանկական նյարդաբան Ջուլիետա Այլամազյանին հաջողվում է ոչ միայն որպես բարձրակարգ մասնագետ խորը հետք թողնել իր ուսանողների հիշողության մեջ, այլև դասախոսական նյութի ուրույն մատուցման շնորհիվ առավել գրավիչ և պահանջված դարձնել մանկական նյարդաբույժի մասնագիտությունը: 1946 թվականին ավարտելով Երևանի պետական բժշկական համալսարանը Ջուլիետա Այլամազյանը կայանում է ոչ միայն որպես պրակտիկ բժիշկ, այլև գիտնական: Մասնագիտական, կրթական և գիտական գործունեությունը նա ծավալել է բացառապես «գերազանց» նշանաբանի ներքո:

Հասմիկ Դանիելյանը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Մանկական նյարդաբանական բաժանմունքի վարիչն է: Նրա մասնագիտական կողմնորոշման գործում ևս Ջուլիետա Այլամազյանը կարևոր դեր է ունեցել:
Իր ղեկավարած բաժանմունքը Հայաստանում առաջին մանկական նյարդաբանական բաժանմուքներից է, որտեղ հաջողությամբ բուժում և թեթևացնում են կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններով երեխաների տառապանքը, ինչպես օրինակ` նյարդային հյուսվածքի դեգեներատիվ ժառանգական հիվանդությունը, մանկական տարիքում կաթվածը, ԿՆՀ պերինատալ ախտահարումը և այլն:

«Ջուլիետա Այլամազյանը չորրորդ կուրսում անցկացնում էր մեր գործնական պարապունքները, առաջին իսկ օրվանից մեր խմբի բոլոր ուսանողները հրապուրվեցին իրենով, որպես մարդկային անձնավորություն, որն ուներ ոչ միայն շատ մեծ փորձ մանկության բնագավառում, այլև դասավանդման, երեխաների բուժման, պարզպես շփման հատուկ մոտեցում»,- ընդգծում է բժշկուհին:

Նրան ևս մասնագիտական առաջին քայլերում և հետագայում արդեն կայացման շրջանում մեծապես օգնել է Ջուլիետա Այլամազյանի և իր սերնդի անվանի բժիշկների օրինակները, ովքեր առանձնացել են իրենց բարձր պատրաստվածությամբ, մարդկային հատկանիշներով, դիմացինին ձեռք մեկնելու անսպառ ձգտումով:
«Միշտ ասում էր, ուսանողը պետք է գերազանցի իր ուսուցչին, և իսկապես հպարտանում էր, որ իր կրթած աշակետը նորանոր նվաճումների է հասնում»,- ասում է Ջուլիետա Այլամազյանի սիրելի աշակերտներից մեկը` Նունե Կույումջյանը, ով իր ուսուցչին հիշում է հետևյալ տողերով: «Ճերմակել է ուսուցչուհիս. Ու ծերացել է այնպես, Տխրությամբ է լցվում հոգիս, Երբ նայում եմ նրան ես..»:
Նունե Կույումջյանը մեջբերելով հայտնի ասույթը, վստահ է, որ մարդն ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ իր մասին հիշում են, իսկ Ջուլիետա Այլամազյանի անգնահատելի ներդրումը կրտսեր գործընկերները մոռանալ չեն կարող:

«Երբ սովորում էի չորրորդ կուրսում, նյարդաբանության դասերի ժամանակ սիրահարվեցի այդ առարկային:  Նա իմ առաջին ուսուցչուհին, չխնայեց ոչինչ, նա ինձ համար մայր է հանադիսացել նյարդաբանության մեջ:  Նրան մշտապես հիշում եմ բարի խոսքերով, փշաքաղվում եմ, որովհետև մեծատառով, լավագույն մարդկանցից մեկն է»,-ասում է մանկական նյարդաբան Շուշան Ասատուրյանը` հավելելով, որ Ջուլիետա Այլամազյանը իրենց սովորեցրել է առաջնորդվել տրամաբանական, կլինիկական մտածողությամբ: 

«Անգամ կյանքի վերջին տարիներին, միտքը միշտ պայծառ էր»,- ընդգծում է բժշկուհին:

          ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական նյարդաբան Արծրունի Հակոբյանը լավ է հիշում Ջուլիետա Նիկիտիչնայի հետ հանդիպումը դեռ  բժշկական համալարանի չորրորդ կուրսում սովորելու տարիներին: Հենց նրան է տարիներ անց  անվանի բժշիկը փոխանցում գլխավոր մասնագետի իր պատվավոր կոչումը: Արծրունի Հակոբյանին են փոխանցվում նաև  սիրելի ուսուցչի մասնագիտական գրականության բացառիկ նմուշները:

«Բոլոր հիվանդներին օգնության հասնող անձնավորություն էր, արագ  էր կողմնորոշվում, կլինիկական մեծ հոտառություն ուներ: Շատ հեռատես էր և հոգատար: Վերջին տարիներին, երբ անգամ տանից դուրս չէր գալիս 85 տարեկանում գալիս էր հիվանդանոց`  խորհրդատվություն անցկացնելու համար»,-  պատմում է Արծրունի Հակոբյանը:

Նա լավ է  հիշում նաև այն, թե ինչպես Ջուլիետա Այլամազյանը ճակատագրական դերակատարում է ունենում իր ասպիրանտուրա ընդունվելու, գիտական գործունեությունը շարունակելու գործում:  

«Ջուլիետա Նիկիտիչնան մեծերի նյարդաբան է եղել, այնուհետև  մանուկների: Սկզբնական շրջանում, մինչև օպտիմալացումը նա աշխատում էր, 6-րդ մանկական նյարդաբանական հիվանդանոցում: Այնուհետև  1994-2004թթ. դոցենտ Այլամազյանը շաբաթական մեկ կամ երկու անգամ հիվանդանոցի սպասված հյուրն էր»,- ասում է մասնագետը:

 Ջուլիետա Այլամազյանի կրտսեր գործընկերները հիշում են ժպիտով և կարոտով:  Անգամ կյանքի վերջին տարիներին կոչումով բժիշկը գալիս էր աշխատավայր, օգնում բուժանձնակազմին  մասնագիտական խորհրդատվությամբ: Նրա աշակերտներն այսօր կայացած մասնագետներ են, բայց տարբեր իրավիճակներում   զգում են Ջուլիետա Այլամազյանի  այնքան ցանկալի սատարման կարիքը:

Մասնագետները համակարծիք են այն հարցում, որ  Այլամազյանին մշտապես բնորոշ է եղել կլինիկական մտածողությունը: Երբ դեռ չկային ժամանակակից սարքավորումներ, անալոգներ, Ջուլիետա Այլամազյանն աչքի էր ընկնում իր բարձ գիտելիքներով, հիվանդությունը 100 տոկոս ճշգրտությամբ ախտորոշելու բացառիկ,  նախանձելի ձիրքով:

Այլամազյանների տոհմի վառ ներկայացուցիչներից  է նաև Էդուարդ Այլամազյանը: Նա  ծնվել է  Ռուսաստանի Դաշնությունում: Ավարտել է  Ռուսաստանի պետական բժշկական համալսարանը: 1988 թվականից  առ այսօր Ռուսատսանի բժշկական գիտությունների Օտտայի անվան  մանկաբարձության և գինեկելոգիայի գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարն է:  1988 թվականին նա  Սանկտ Պետերբուրգի բժշկական ֆակուլտետում կազմակերպել  է մանկաբարձության և գինեկելոգիայի ֆակուլտետը:  Ապրելով և աշխատելով արտերկրում անվանի մասնագետը չի կորցում կապը  Հայաստանի հետ: 

 Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը  մի շարք միջազգային մասնագիտական միավորումների, հրատարակչական կոլեգիաների  անդամ է: Նրա ղեկավարությամբ պատրաստվել է  բժշկական գիտությունների 17 դոկտոր և 87 թեկնածու: Էդուարդ Այլամազյանը կրում է նաև Հայստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտորի, Ռուսաստանի Դաշնության  վաստակավոր բժշկի, գիտության վաստակավոր գործչի կոչումները:  Հեղինակ է ավելի քան 300 գիտական և կրթական աշխատությունների: Արժանացել է Բարեկամության շքանշանի, այլ  պետական  պարգևների: Բժիշկի ուղին է ընտրել նաև Էդուարդ Այլամազյանի դուստրը Ագլայա Այամազյանը` մասնագիտանալով վիրաբուժության բնագավառում: 

Մարինա Այլամազյանը նույնպես այս ընտանիքի  բժշկական գիծը շարունակողն է: Տեսնելով պապիկի և  իր երկրորդ մայրը հանդիսացող, սիրելի հորաքրոջ  վառ օրինակները, բժիշկ դառնալուց բացի Մարինան խոստովանում է, որ  կարծես այլընտրանք չուներ: Նա որպես մասնագիտացում ընտրեց անեսթեզիոլոգիան:  «Հերացի» հիվանդանոցային համալիրի  ակնաբուժական կլինիկայում բժիշկ-անեսթեզող է: Մասնագիտական երկար տարիները նա նվիրել է  մանկական ակնային պաթոլոգիաների արդիական խնդիրների բուժման գործընթացին:

Մարիան սիրում է իր մասնագիտությունը և վստահ է, որ բժիշկն առաջին հերթին պետք է լինի անսահման բարի և պատրաստ լինի օգնել  մարդկանց ցանկացած իրավիճակում:

«Բժշկի  մասնագիտությունն այնպիսի է,  որը ենթադրում է ոչ թե պարզապես  աշխատանքային օր, այլ դա մարդու էությունն է, օրը չունի ոչ սկզիբ, ոչ վերջ: Ցանկացած իրավիճակում դու  բժիշկ ես, ով պետք է առանց վարանելու օգնության հասնի մարդկանց»,- իր մտորումներով կիսվում է փորձառու մասնագետը: 

Բժշկուհին համոզված է, որ ապագա սերնդին նոր ծրագրեր և գաղափարներ կյանքի կոչելու  համար առավել լայն հնարավորություններ են ընձեռված: Նրա թաքուն ցանկությունն է, որ չնայած դժվարություններին ապագայում թոռները ևս ընտրեն ամենամարդասիրական մասնագիտությունը:

Այլամազյանների ազգանունը հայրենիքի սահմաններից ճանաչելի դարձնողների թվում է նաև Արմեն Դանիելյանը՝ Ջուլիետա Այլամազյանի որդու տղան: 1996 թվականին ավարտելով Երևանի պետական բժշկական համալսարանը  նա Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում  անցել է կլինիակական օրդինատուրա  «օրթոպեդիկ ստոմատոլոգիա» մասնագիտացմամբ: 1999 թվականից աշխատել է Մոսկվայի մասնավոր  բժշկական կենտրոններում: 2007 թվականին նախաձեռնել է սեփական ստոմատոլոգիական կլինիկան, որտեղ կնոջ՝  արդեն բժշկական գիտությունների դոկտորի կոչում ունեցող Քրիստինե Բադալյանի հետ  հաջողութամբ շարունակում է մասնագիտական գործունեությունը: Նրանց համատեղ ջանքերի շնորհիվ շուրջ տասը տարում  բժշկական կենտրոնը մեծ ճանաչում է ձեռք բերել:

Ինչպես վկայում է Այլամազյանների տոհմածառը,  սերնդեսերունդ բժիշկի մասնագիտության փոխանցման գործընթացն ընտանիքում ընդհատվում է ընդամենը մեկ սերնդով, բայց կանգ չի առնում: Այնպես, որ առաջիկայում  սպասվում են բժիշկ Այլամազյանների նորանոր սերունդներ: 

 

 



Տեսանյութ