Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԱՐԹԱԿ / Կոչումով բժիշկ նախագիծ / «Կոչումով բժիշկ». Աբրահամյաններ

«Կոչումով բժիշկ». Աբրահամյաններ

Ռազմիկ Արշալույսի Աբրահամյանը ծնվել է 1943-ի օգոստոսի 24-ին, Ջավախքում, Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղում: Նա ոսկե մեդալով ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, որից հետո՝ 1967-ին, գերազանցության դիպլոմով՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտը: Այնուհետև ուսանողական տարիները փոխարինելով աշխատանքայինի՝ անմիջապես անցել է աշխատանքի՝ մինչև 1971-ը աշխատելով Վեդիի Բուժմիավորումում: 

1971-75 թ.թ. Ռազմիկ Աբրահամյանը սովորել և աշխատել է Մոսկվայի մանկաբարձության և գինեկոլոգիայի համամիութենական, գիտահետազոտական ինստիտուտում՝ աշխարհահռչակ գիտնական, սովետական միության աշխատանքային հերոս, ակադեմիկոս Լ.Պերսիանինովի ղեկավարությամբ, որտեղ ուսման 2-րդ տարվա վերջին 1973 թ. հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական թեզը, հանդես եկել մանկաբարձ-գինեկոլոգների 7-րդ միջազգային կոնգրեսում, այնուհետև նույն ինստիտուտում 1992 թ. պաշտպանել դոկտորական թեզը և ստացել պրոֆեսորի կոչում: 

1975-ին Ռազմիկ Աբրահամյանը, վերադառնալով Հայաստան, առողջապահության նախարար, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հրամանով, այդ տարիների ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Մարգարիտա Մարտիկյանի հետ համատեղ հիմնադրել է Հանրապետական հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը: Շենքը կարիք ուներ վերակառուցման, հարմարեցման, բաժանմունքին անհրաժեշտ ստորաբաժանումների ստեղծման և ձևափոխման: Այդ օրվանից Ռազմիկ Աբրահամյանը անմնացորդ նվիրումով զինվորագրվել է ամենադժվարին ու պատասխանատու ոլորտներից մեկի՝ մանկաբարձության և գինեկոլոգիայի զարգացմանը: Աբրահամյանն այժմ ղեկավարում է հանարպետության ամենախոշոր ծննդօգնության հիմնարկներից մեկը՝ Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը, որն իր գործունեությամբ չի զիջում եվրոպական չափանիշերին: ԵՊԲՀ ասիստենտից մինչև ամբիոնի ղեկավար, գիտական հետազոտողից մինչև բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ լայն է Ռազմիկ Աբրահամյանի գիտագործնական հետաքրքրությունների շրջանակը: Դեռևս ուսանողական տարիներին՝ սկսած 3-րդ կուրսից մինչև բուհական կրթության ավարտը, ֆարմակալոգիայի ամբիոնում ակադեմիկոս Վիլեն Հակոբյանի ղեկավարությամբ նա շների մոտ ուսումնասիրել է գանգլերոնի և քվատերոնի ազդեցությունը ստամոքսի մոտորիկայի վրա և տպագրել առաջին գիտական աշխատանքը: 

Ռազմիկ Աբրահամյանը հանրապետությունում իրավամբ համարվում է ծննդօգնության ժամանակակից մի շարք նոր գիտապրակտիկ ուղղությունների ներդրման հիմնադիրներից մեկը, ինչը նպաստել էծնելիության և դեմոգրաֆիկ ցուցանիշների բարելավմանը մեր հանրապետությունում, մասնավորապես.

-որակյալ նեղ մասնագիտական ծննդօգնություն ապահովելու նպատակով ՝ համաձայն զարգացած երկրների ծննդօգնության ստացիոնար հիմնարկների մակարդակների դասակարգման, Ռ. Աբրահամյնաի ջանքրեով մեր հանրապետությունում ևս ներդրվել է ծննդօգնության հիմնարկների մակարդակների դասակարգումը և ուղեգրման համակարգը: 

-Ռ. Աբրահամյանն առաջիններից էր, որ 1994 թ. ֆրանսիացիների հետ համատեղ ներդրեց վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը: Կատարեց ռեպրոդուկտիվ առողջության իրավիճակի ուսումնասիրում, անպտղության, սեռավարակների, նախաքաղցկեղային հիվանդությունների տարածվածության ուսումնասիրում, գնահատում և պրոբլեմի լուծման ուղիների մշակում, կրիոկոնսերվացիայի բանկի ստեղծում:

-1992 թ. ֆրանսիացիների հետ համատեղ հիմնադրվեց գինեկոլոգիական էնդոսկոպիկ վիրաբուժությունը

-Պերինատոլոգիայի դրույթների մշակումը, պտղի ներարգանդային վիճակի գնահատում« մայր-պտուղ-ընկերք համակարգի ուսումնասիրումը

-Մայրական մահացության իջեցման նպատակով ներդրվեց արագ արձագանքման և շրջիկ գինեկոլոգի ծառայությունները և անհետաձգելի մանկաբարձագինեկոլոգիական իրավիճակների դեպքում բուժման կազմակերպման մոտեցումները: 

-Նորածնային հիվանդացության և մահացության իջեցման, բնածին արատների վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով ներդրվեցին ժամանակակից նոր մոտեցումներ՝ պերինատալ կաբինետների ստեղծում, էխոսկոպիա, դոպլերոֆլյուսոմետրիա, ամիոցենտեզ, գենետիկ հետազոտություն և կյանքի հետ անհամատեղելիության դեպքերում հղիության ընդհատում՝ նոր ներդրված դեղորայքային մեթոդով:

-Կիրառվեց ապացուցողական բժշկության ներդրումը պերինատալոգիայում և պերինատալ արդյունավետ բուժօգնությունը և խնամքը: Համաձայն ԱՀԿ չափանիշերի, Հայաստանում 22 շաբաթական և ավելին համարվեց կենսունակ պտուղ և ծննդաբերություն, ներդրվեց նրանց նորածինների ռետինոպատիաների ախտորոշումը, լազերային վիրաբուժության կիրառումը:

-Առաջին անգամ մշակվեց վերարտադրողական առողջության բարելավման ազգային ծրագիրն ու ռազմավարությունը: 

Ռազմիկ Աբրահամյանի բժշկական գործունեությանը բնորոշ է բարձր մասնագիտական մակարդակը, արագ կողմնորոշվելու, վստահորեն գործելու, սեփական օրինակով գործընկերներին աշխատասիրության կոչելու գերբնական կարողությունները, որոնց շնորհիվ օրվա ցանկացած ժամին, տարվա ցանկացած եղանակին նրա ղեկավարած ինստիտուտը բարձր մասնագիտական բուժօգնություն է ցուցաբերում ոչ միայն Երևանից, այլև մարզերից դիմած ծանր ախտաբանություններով հղիներին, ծննդաբերներին և գինեկոլոգիական հիվանդներին: 

Տարեկան ինստիտուտում լինում է մոտ 3500 ծննդաբերություն, որոնց ճիշտ ախտորոշումը ծննդալուծումը և բուժսպասարկումը նպաստում են մայրական և պերինատալ մահացության նվազեցմանը մեր հանրապետությունում: Երկար տարիներ Ռազմիկ Աբրահամյանն առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգն է:

«Իմ կեսդարյա աշխատանքային փորձը խոսում է այն մասին, որ բժիշկն իսկապես կոչում է և առաքելություն է: Բժիշկն իր էությամբ պետք է նվիրված լինի իր մասնագիտությանը և ոչինչ չխնայի պացիենտի համար: Աշխատում եմ ուղիղ կես դար, իմ մասնագիտությունն այնպիսին է եղել, որ գիշեր-ցերեկ աշխատել եմ, որպեսզի ինձ դիմած հիվանդները, ծննդկանները, ծննդաբերները և գինեկոլոգիական հիվանդները լինեն առողջ, լավ, և նրանք իրենց բալիկի հետ դուրս գան այստեղից»,-նշում է ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանը: 

Ռազմիկ Աբրահամյանը 1975-ին հիմնադրել է հանարպետական հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը և ղեկավարել այն: 

1988-ին վերանվանել և հիմնադրել է ՀՀ ԱՆ հանրապետական ծննդատունը՝ աշխատելով որպես գլխավոր բժիշկ: 1990թ. կազմավորվել է ՀՀ ԱՆ մանկաբարձագինեկոլոգիական ուսումնագիտաբուժական համալիրը, այս բազայի վրա կազմավորվել է նոր ամբիոն: 1993-ին վերանվանել և հիմնադրել է Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնը, որն այնուհետև վերածվել է Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի: Ռազմիկ Աբրահամյանն այս բժշկական հաստատությունը ղեկավարում է մինչև օրս: 

«Բժշկության մեջ մանկաբարձությունն ու գինեկոլոգիան, ամենածանր և ամենապատասխանտւ մասնագիտությունն են: Գործ ունենք ոչ միայն մոր և նորածնի հետ, այլ այնպիսի անսպասելի երևույթներ են լինում, որ ոչ մի բժիշկ կանխարգելել չի կարող: Շատ դասագրքերում գրված է, որ մանկաբարձությունը ամպրոպ է կապույտ երկնքում: Չնայած այդ բոլորին, եթե նորից սկսեի աշխատել, կաշխատեի մանկաբարձ-գինեկոլոգ: 1975 թվականից առ այսօր իմ ձեռքերով այս ինստիտուտում ծնվել են 130 հազար երեխաներ»:

1997-ին նա հիմնադրել է մանակաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիան՝ դառնալով ասոցիացիայի նախագահ, ապա ստեղծել է Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատոլոգիա գիտագործնական հանդեսը՝ դառնալով գլխավոր խմբագիրը: 

Պրոֆ. Ռազմիկ Աբրահամյանի գիտամանկավարժական գործունեությունն ըստ արժանվույն է գնահատվել տարբեր երկրների գիտնականների և գիտական ու միջազգային կազմակերպությունների կողմից: Նա գիտությունների մի շարք միջազգային ակադեմիաների և ասոցիացիաների, մասնավորապես, Մանկաբարձ-գինեկոլոգների միջազգային ասոցիացիայի անդամ է, նա հանդես է եկել ոչ միայն ելույթներով, այլև ղեկավարել է միջազգային կոնֆերանսներ, համագումարներ, նիստեր և տարիներ շարունակ Ժնևում եղել է ԱՀԿ-ում վերարտադրողական առողջության քաղաքականություն մշակող կոմիտեի անդամ:

Ռ. Աբրահամյանը համագործակցում է արտերկրի բազմաթիվ մասնագիտական կլինիկաների հետ և նրանց փորձը ներդնում մեր հանրապետությունում:

Նրա շնորհիվ 2013-ին Երևանում առաջին անգամ կազմակերպվեց առաջին միջազգային կոնգրեսը՝ նվիրված պերինատալ բժշկությանը:

Պրոֆ. Աբրահամյանի գիտաբուժամանկավարժական գործունեությունն արտացոլվել է մոտ 425 գիտական աշխատություններում, այդ թվում՝ 8 մենագրության, 28 մեթոդական ցուցման և վեց ձեռնարկի: Բժշկական համալսարանի ուսանողների և բժիշկների համար հայերենով հինգ գինեկոլոգիայի և մանկաբարձության դասագրքերի, 20 նորարարական առաջարկի, 6 գիտական հայտնագործությունների և բազմաթիվ ստանդարտների և ուղեցույցների մշակման ու ներդրման ձևով: Պրոֆեսոր Աբրահամյանը ԵՊԲՀ ատենախոսության պաշտպանության մասնագիտական խորհրդի նախագահն է, նրա անմիջական ղեկավարությամբ պաշտպանվել է 9 դոկտորական, 25 և ավելի թեկնածուական ատենախոսություն: 

Պրոֆ. Աբրահամյանը նաև վերարտադրողական առողջության քաղաքականության ազգային ծրագրերի հիմնական ղեկավարներից մեկն է: Նրա գլխավորությամբ մշակվել են վերարտադրողական առողջության և պերինատալ բուժօգնության բերալավման ազգային ծրագրերն ու ռազմավարությունը, որոնք նպատակ են հետապնդում բարձրացնել ծնելիությունը և բնական աճը, բարելավել գենոֆոնդը:

Ռազմիկ Աբրահամյանն ակտիվ մասնակցություն և ներդրում է ունեցել արցախյան պատերազմի տարիներին, նա եղել է «Սասունցի Դավիթ» ջոկատի բժիշկը՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ դեղամիջոցները և բուժպարագաները: Նրա մասնագիտական օժանդակությունը՝ գրականությունում գիտապրակտիկ ուղեցույցներ շարունակվում է մինչ օրս: 

Ռ. Աբրահամյանը 2000-ին արժանացել է հանրապետության բարձրագույն պարգևի՝ Հերացու անվան շքանշանի: 2002թ. «Մալթյան խաչ 21 դարի առաջնորդ» շքանշան, իսկ կենտրոնը՝ «21-րդ դարի լավագույն հիմնարկ», 2002 և 2008 թ.թ. ՀՀ կառավարության «Որակի ապահովման մրցանակի»:

2003-ին ՀՀ նախագահի մրցանակի, 2004 Կահիրեում կայացած ՄԱԿ-ի ժողովում ճանաչվել է աշխարհի ազգաբնակչության ցուցանիշների բարելավմանը նպաստող լիդեր: Ռ. Աբրահամյանը պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալով, Երևանի պետական բժշկական համալսարանի 1-ին աստիճանի շքանշանով, 2007-ին ՀՀ վարչապետի հուշամեդալով, ՀՀ ՊՆ «Ծովակալ Իսակովի» և զինված ուժերի 20 տարի հոբելյանական մեդալով: 

2009-ին արժանացել է վաստակավոր բժշկի կոչմանն ու բազմաթիվ այլ պարգևների ու շնորհակալագրերի: 2013-ին Համազգային վստահության կազմակերպության կողմից շնորհվել է մրցանակ՝ որպես տարվա լավագույն բժիշկ ու տարվա լավագույն ծննդատուն և ԱՆ տարվա բժիշկ հանրապետական մրցույթի մրցանակ՝ մարդու կյանք փրկած բացառիկ վիրահատություն կատարելու համար:

Այսօր էլ, Ռազմիկ Աբրահամյանն աշխատում է նույն եռանդով, աշխաասիրությամբ ու նվիրավածությամբ: Հավատարիմ մնալով իր կարգախոսին՝ վերարտադրողական առողջության լավագույն ցուցանիշներն ազգի ապագայի հիմքն ու հարստությունն են:

Ռազմիկ Աբրահամյանն ընդգծում է, որ մասնագիտական ու աշխատանքային հաջողությունները պայմանավորված են եղել իր հանդեպ ընտանիքի հոգատարությամբ, կնոջ նվիրվածությամբ: «Երեք դուստրերս իմ հպարտություն են, որոնք երբևէ ինձ հոգս չեն պատճառել: Նրանք այսօր կայացած բժիշկներ են, ունեն մասնագիտական ու մարդկային բարձր հանտկանիշներ, որոնք լավագույնս դրսևորում են իրենց աշխատանքում: 

Բժշկի մասնագիտությունն ունի նաև Ռազմիկ Աբրահամյանի կինը` Սուսաննա Պյոտրի Ֆիլջյանը: Նա ծնվել է 1945 թվականին: 1963-1969 թ.թ. գերազանցությամբ ավարտել է ԵրՊԲՀ-ի բուժական ֆակուլտետը, ստացել է բժշկի որակավորում: Սուսաննա Ֆիլջյանը 1975-ի Մոսկվայի համամիութենական գիտահետազոտական Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հեղինակ և համահեղինակ է բազմաթիվ թեզիսների, հոդվածների, ձեռնարկների:

1970-1971 թ.թ. մասնագիտացել է Ս.Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի Մանկաբարձություն և Գինեկոլոգիա ամբիոնում` ստանալով մանկաբարձ-գինեկոլոգ բժշկի որակավորում:

1972-1975 թվականներին նպատակային ասպիրանտուրա է անցել Մոսկվայի համամիութենական գիտահետազոտական Մանկաբարձության և Գինեկոլոգիայի Ինստիտուտում, մասնագիտացել որպես գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, ռեպրոդուկտոլոգ:

1975 Մոսկվայի համամիութենական գիտահետազոտական Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Բժշկուհու մասնագիտական գործունեությունը սկսել է 1969-1971-ին` Գյումրիի ծննդատնից, որտեղ աշխատել է որպես մանկաբարձ-գինեկոլոգ: 1971-1972-ին Վեդիի կենտրոնական շրջանային հվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ, 1975-1990 թ.թ. ՎԱՊՄԳՀԻ-ում` որպես, մանկաբարձ-գինեկոլոգ, 1990-2008 ՎԱՊՄԳՀԻ-ում` որպես գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, 2008-ից ՎԱՊՄԳՀԻ-ում ղեկավարում է լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը: 

Աբրահամյանների բժշկական ճյուղն ընտրեցին նաև բժիշկ ծնողների երեք զավակները` Լուսինեն, Գոհարը և Ռուզաննան: 

Լուսինե Աբրահամյանը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, գինեկոլոգ, ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի Մանկաբարձություն և գինեկոլոգիա թիվ 2 ամբիոնի դոցենտ: 1995 թվականին գերազանցությամբ ավարտել է ԵրՊԲՀ-ի բուժական ֆակուլտետը, ստացել է բժշկի որակավորում: Լուսինե Աբրահամյանը 1995-1999 թվականներին կլինիկական օրդինատուրա է անցել ԵրՊԲՀ-ի Մանկաբարձություն և գինեկոլոգիայի կուրսում «մանկաբարձ-գինեկոլոգ» մասնագիտությամբ: Երիտասարդ բժշկուհին հասցրել է ձեռք բերել մասնագիտական հարուստ փորձ: 1999-2002-ին աշխատել է ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի կուրսում՝ որպես ավագ լաբորանտ: 2002-2007 թվականներին աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի կուրսում՝ որպես ասիստենտ, իսկ 2007-ից նա աշխատում է ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի կուրսում` որպես դոցենտ: 1999-2002 թվականներին աշխատել է «ՊՄԳԿ» ԲԲԸ-ի օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքում՝ որպես բժիշկ մանկաբարձ գինեկոլոգ: Լուսինե Աբրահամյանը 2008-ից համատեղության կարգով ղեկավարում է «ՎԱՊՄԳՀԻ»-ի մանկաբարձության ն գինեկոլոգիայի ծառայությունը: Լուսինե Աբրահամյանը հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատանքների: 2002 թվականին նա պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ուրգենտ գինեկոլոգիական հիվանդների արդյունավետ տակտիկական վարումը էնդոսկոպիկ տեխնիկայի կիրառմամբ» թեմայով, ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 

2007-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Ծննդաբերության խթանումը և կարգավորումը պրոստոգլանդինների կիրառմամբ» թեմայով, ստացել է բժշկական գիտությունների դոկտորի աստիճան: 2011-ին ստացել է բժշկական մասնագիտության պրոֆեսորի գիտական կոչում: Բժշկուհին մեկ դասագրքի, 12 հոդվածի, 15 թեզիսի, 5 ձեռնարկի հեղինակ է: Էնդոսկոպիկ վիրաբուժության հայկական ասոցիացիայի, ինչպես նաև էնդոսկոպիկ վիրաբուժության եվրոպական ասոցիացիայի իսկական անդամ է: Երևանի Մխիթար հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոս է: 

«Քանի որ փոքր տարիքից մեծացել ենք բժիշկների ընտանքիում, բնականաբար, փոքր տարիքից սերը դեպի բժշկությունը մեզ մոտ արդեն արթնացել էր: Անընդհատ տեսնում էինք, թե ինչպես են գործում հայրս, մայրս: Ամենակարևորը՝ ինչու ընտրեցի այս ոլորտը` գինեկոլոգիան. մեզ երեքիս էլ գրավել է հենց մարդուն կյանք տալու, պարգևելու այդ հրաշքը, ավելի մեծ երջանկություն, քան այն, որ նոր կյանք է սկսվում, կարծես, թե չկա, երբ կյանք ես նվիրում, երևի թե չկա»,-նշում է Գոհար Ռազմիկի Աբրահամյանը: 

Նա ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ է, ռեպրոդուկտոլոգ , բժշկական գիտությունների թեկնածու: 1993-ին ընդունվել , իսկ 1999 թվականին գերազանցությամբ ավարտել է ԵրՊԲՀ-ի բուժական ֆակուլտետը՝ ստանալով բժշկի որակավորում: Գոհար Աբրահամյանը 1999-2003 թվականներին կլինիկական օրդինատուրա է անցել ԵրՊԲՀ–ի մանկաբարձություն և գինեկոլոգիայի կուրսում՝ «մանկաբարձ-գինեկոլոգ» մասնագիտությամբ: 2003-ից նա համատեղության կարգով աշխատում է «ՎԱՊՄԳՀԻ»-ի արհեստական սերմնավորման և բեղմնավորման բաժանմունքում՝ որպես բժիշկ մանկաբարձ- գինեկոլոգ: 2003-2006 թվականներին աշխատել է ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի կուրսում՝ որպես ավագ լաբորանտ: 2006-2007-ին մասնակցել է ԳՀԿ բազային ֆինանսավորման ծրագրում՝ գիտաշխատողի պաշտոնում: 2006-ից աշխատում է ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնում՝ որպես ասիստենտ: 

2008-ից համատեղության կարգով Գոհար Աբրահամյանը ղեկավարում է «ՎԱՊՄԳՀԻ»–ի ընդունարանի բաժինը: Երիտասարդ բժշկուհին 2001-ին վերապատրաստում է անցել Ֆրանսիայում, իսկ 2010-ին՝ Ռուսաստանում ռեպրոդուկտոլոգ որակավորմամբ: Պրակտիկ բժշկությանը զուգահեռ, նա զբաղվում է նաև գիտական գործունեությամբ: Նա 2009-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Անտիօքսիդանտների արդյունավետությունը հղիների հիպերտենզիվ խանգարումների կանխարգելման և համալիր բուժման դեպքում» թեմայով, ԺԴ «Մանկաբարձություն և գինեկոլոգիա», ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Վերջին 5 տարիների ընթացքում հեղինակել է 3 հոդված, 11 թեզիս, 2 ձեռնարկ, դասախոսում է բժշկական մայր բուհում: 

«Ծնողներս եղել են իմ ամենամեծ ուսուցիչները: Նախ տեսել եմ իրենց աշխատասիրությունը, որ բժիշկը պետք է անշահախնդիր կերպով նվիրվի իրենց գործին, նվիրվի ամբողջ էությամբ, լինի ազնիվ, բարի, լավ հատկանիշներն ունենա: Վերջին տարիներին օժանդակ տեխնոլոգիաների կիրառման, տարածվածության շնորհիվ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզանում, զգալիորեն կրճատվել է անպտղության ցուցանիշը»,-նշում է Գոհար Աբրահամյանը: 

Ռուզաննա Ռազմիկի Աբրահամյանը ծնվել է 1979թ.-ին: Մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ է, սոնոգրաֆիստ:

1995-2001 թվականներին գերազանցությամբ ավարտել է Մխ. Հերացու անվան ԵրՊԲՀ-ի բուժական ֆակուլտետը, ստացել է բժշկի որակավորում: 2001-2005-ին կլինիկական օրդինատուրա է անցել Մխ. Հերացու անվան ԵրՊԲՀ-ում ստացել է «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտություն:

2006-ին նա ավարտել է ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի ճառագայթային ախտորոշման ամբիոնի «Սոնոգրաֆիա» մասնագիտացումը: 2010թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Արգանդի սուբինվոլյուցիայի կանխատեսման, ախտորոշման ու բուժման օպտիմիզացումը» թեմայով, ԵրՊԲՀ-ի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 

Երիտասարդ բժշկուհին ունի մասնագիտական հարուստ պրակտիկա: 2005-2007թ.թ. աշխատել է ՎԱՊՄԳՀԻ-ում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ: 2007-2008 –ին ՎԱՊՄԳՀԻ ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունքի բժիշկ սոնոգրաֆիստ, 2008-2009 թ.թ. հետազոտական աշխատանք է իրականացրել Gynuity Health project–ի «Դեղորայքաին աբորտի թույլատրելիությունը և իրագործելիությունը Հայաստանում» թեմայով: 

Ռուզաննա Աբրահամյանը ղեկավարել է ՎԱՊՄԳՀԻ Հղիների ախտաբանության և կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժանմունքը: 

Անդամակցել է «Հանուն ընտանիքի և առողջության» համահայկական ասոցիացիային. IPPF, եղել է «Հղիության արհեստական ընդհատման հետ կապված համապարփակ խնամք» համաշխարհային ծրագրի համակարգողը:

2010-2014 թվականներին ղեկավարել է ՎԱՊՄԳՀԻ Հղիների ախտաբանության և կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժանմունքը: Նա 2012-2013 կատարել է հետազոտական աշխատանք` Սոլիֆենացինի համեմատությամբ Միրաբեգրոնի արդյունավետության և անվտանգության գնահատման կրկնակի կույր, դիպվածային, զուգահեռ խմբերի բազմակենտրոն հետազոտություն` հակամուսկարիններով բուժված ու ցածր արդյունավետությունից դժգոհ գերակտիվ միզապարկով (ԳԱՄ) անձանց մոտ, Astellas Pharma Europe Ltd.», Gynuity Health project-ի «Միֆեպրիստոնը և Միզոպրոստոլը հղիության երկրորդ եռամսյակի(13-22 շաբ.) ընդհատման համար Հայաստանում», «Սոլիֆենացինով բուժմանը Միրաբեգրոնի ավելացման արդյունավետությունն ու անվտանգությունը գնահատելու դիպվածային, կրկնակի կույր, բազմակենտրոն հետազոտություն` 4 շաբաթվա ընթացքում Սոլիֆենացին ընդունած և ԳԱՄ ախտանիշների լրացուցիչ թեթևացման անհրաժեշտություն ունեցող անմիզապահությամբ ԳԱՄ-ով հիվանդների մոտ, Astellas Pharma Europe Ltd.», Gynuity Health project-ի «Պատահականության սկզբունքով ընտրված վերահսկվող հետազոտություն 13-21 շաբաթական հղիության ընդհատման ժամանակ միֆեպրիստոնի ընդունումից հետո միզոպրոստոլի սուբլինգվալ և բուկալ տարբերակներով ընդունված չափաբաժինները համեմատելու վերաբերյալ» թեմաներով և ոլորտներում: 

Ռուզաննա Ռազմիկի Աբրահամյանը 2014 թվականից ղեկավարում է ՎԱՊՄԳՀԻ Ֆունկցիոնալ ախտորոշման ծառայությունը:

2010-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Արգանդի սուբինվոլյուցիայի կանխատեսման, ախտորոշման ու բուժման օպտիմիզացումը» թեմայով, ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հեղինակ և համահեղինակ է բազմաթիվ թեզիսների, հոդվածների, ձեռնարկների: Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի իսկական անդամ, ինչպես նաև մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման միջազգային ասոցիացիայի իսկական անդամ: Երիտասարդ բժշկուհին անցել է վերապատրասվել է թե Հայաստանում և թե արտասահմանյան մի շարք երկրներում: 

2008-ին Ռուսաստանում անցել է «ՈւՁՀ ունակություններ 11-14 շաբ.» տեսական դասընթացը, 2009-ին Երևանում` «Հղիության արհեստական ընդհատման հետ կապված համապարփակ խնամք» համաշխարհային ծրագրի դասընթացը, IPPF:

2009-ին Կաունասում մասնակցել է «Վերարտադրողական Առողջության օպերատիվ հետազոտություն» թեմայով սեմինարին, իսկ 

2010 թվականին Հաագայում 11-րդ ԿԵԿ «Մշակույթ, հաղորդակցություն, կոնտրացեպցիա» թեմայով համագումարին: 

2010-ին Ուզբեկստանում մասնակցել է «Թվերից դուրս» անվտանգ հղիություն ապահովելու շրջանակում գիտաժողովին: 

2010-ին Պրահայում Ռուզաննա Աբրահամյանը մասնակցել է Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման միջազգային ասոցիացիայի 20-րդ Համաշխարհային Կոնգրեսին: Ուկրաինայում նա մասնակցել է «Անվտանգ հղիության ընդհատման հայեցակարգ» վերապատրաստման, իսկ Տոկիոյում` «Մայրական առողջության աարելավում» խմբի վերապատրաստման ծրագրերին: Առողջապահական գիտաժողովների և կոնգրեսների է մասնակցել նաև Շվեդիայում, Իսպանիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում: 

Աբրահամյանների բժշկական ընտանիքի կրտսեր անդամները՝ Լուսինե Աբրահամյանի որդին՝ կրտսեր Ռազմիկը, սովորում է Միացյալ Նահանգներում, նա կշարունակի ծնողների մարդասիրական առաքելությունը: 

Գոհար Աբրահամյանի երկու զավակներից Նատալյան ևս, ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բակալավրիատը և անցել մագիստրատուրա: Նատալյան ևս, հավանաբար կընտրի մանկաբարձությունն ու գինեկոլոգիան՝ այդպիսով ոչ միայն շարունակելով, այլ նաև զարգացնելով բժշկական երիտասարդ գերդաստանի ստեղծած հարուստ ավանդույթները: