Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԱՐԹԱԿ / Կոչումով բժիշկ նախագիծ / «Կոչումով բժիշկ». Մելիք-Ադամյաններ-Մալխասյաններ

«Կոչումով բժիշկ». Մելիք-Ադամյաններ-Մալխասյաններ

Մեր երկրում նշանավոր բժշկական ընտանիքներից շատերը միավորելով երկու ազգանուններ հիմք են դնում տոհմիկ բժշկական գերդաստանների ձևավորմանը: Դրա վառ օրինակներից է Մելիք-Ադամյաններ-Մալխասյաններ բժշկական ընտանիքը: Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ախտաբանական անատոմիայի բաժանմունքի ցիտոլոգ Նատալյա Մալխասյանը ընտանիքի պատմության սկսում է իր մայրական կողմի պապից' Արտաշես Մելիք-Ադամյանից: Անվանի պրոֆեսորի անունը կրող փողոցում ընտանիքի բոլոր անդամներով լուսանկարվելը ձևավորված գեղեցիկ ավանդույթ է:

Արտաշես Ալեքսանդրի Մելիք-Ադամյանը ծնվել է 1885թ. Շուլավեր գյուղում: 1906թ. Թիֆլիսում գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1911թ. նշանակվել է նույն համալսարանի ֆակուլտետային թերապիայի կլինիկայի օրդինատոր: Իր գիտամանկավարժական գործունեությունը սկսել է 1916թ. որպես հոսպիտալային թերապիայի ամբիոնի ասիստենտ: 1925թ. հրավիրվել է Երևան և նշանակվել Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի թերապիայի ամբիոնի վարիչ: 1936-37թթ. եղել է բժշկական ինստիտուտի պրոռեկտոր, իսկ 1938թ. կարճ ժամանակով նշանակվել է ինստիտուտի պրոռեկտորի պաշտոնակատար:
«Պապիկիս հրավիրեցին Երևան պետական բժշկական համալսարանի ստեղծման տարիներին: 1927 թվականին նա եկավ Երևան բժշկական ֆակուլտետը կազմավորելու նպատակով: Մինչև այդ Խարկովում թերապևտիկ կլինիկա էր ղեկավարում: Պապիկիս հետ Երևան եկան այնպիսի անվանի բժիշկներ, ինչպիսին են Քեչեկը, Հովհաննիսյանը, Արզումանյանը, Պետրոսյանը, Յոլյանը, շատ ուրիշներ: Տարիներ անց բժշկական ֆակուլտետը վերակազմավորվեց և դարձավ համալսարան»,- ասում է Նատալյա Մալխասյանը:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ա. Մելիք-Ադամյանը զգալի աշխատանք է կատարել էվակոհոսպիտալներում վիրավոր և հիվանդ զինծառայողների բուժման ուղղությամբ: 1944թ. նրա ղեկավարությամբ հիմնադրվել է առողջապահության նախարարության գիտաբժշկական խորհուրդը, որի գործունեությունը նա ղեկավարել է մինչև կյանքի վերջը: Գիտնականը 1937թ. պաշտպանել է «Նյութեր հիպոտոնիկ սինդրոմի ուսումնասիրման վերաբերյալ» թեմայով դոկտորական ատենախոսությունը, որտեղ անդրադարձել է հանրապետությունում հաճախակի հանդիպող այդ համախատնիշին:
Նրա նախաձեռնությամբ գիտաբժշկական խորհրդի կազմում ստեղծվել է հանձնաժողով, որը զգալի աշխատանք է կատարել խպիպի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացման ուղղությամբ:
Մելիք-Ադամյանն անգնահատելի ծառայություններ է մատուցել հանրապետության բուժավայրերի և հանքային ջրերի ուսումնասիրման գործում: Ա. Մելիք-Ադամյանի նախաձեռնությամբ ուսումնասիրվել են Հայաստանի լեռնային առողջարանները։ Ա.Ա. Մելիք-Ադամյանը բազմիցս կազմակերպել է գիտարշավներ Ջերմուկ և մշակել հանձնարարականներ այնտեղ բուժման ցուցումներն ու հակացուցումները և «Ջերմուկ» հանքային ջրի օգտագործելու վերաբերյալ։ Նա ուսումնասիրել է նաև Արագածի, Դարալագյազի, Լոռու բարձրլեռնային կայանների կլիմայաաշխարհագրական և գեոքիմիական պայմանները։ Առաջին անգամ գիտականորեն հիմնավորել է Սևանա լճի մոտակայքում, Արագածում, Ստեփանավանում, Գյուլագարակում առողջարանային հաստատությունների ցանցի կազմակերպման նպատակահարմարությունը։ Բարձրլեռնային շրջաններում էնդեմիկ խպիպի տարածվածության ուսումնասիրության, հողում և ջրում յոդի պակասուրդի հայտնաբերման հիման վրա գիտնականը մշակել է համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ մասնավորապես ազգաբնակչությանը յոդացված կերակրի աղով ապահովելու ուղղությամբ։
Որոշակի տեղ հատկացնելով կլիմայաբուժությանը' առաջարկել է մալարիայի բուժման նպատակով լայնորեն օգտվել հանրապետության լեռնակլիմայական ռեսուրսներից:
Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են կլիմայաբուժությանը և խաղողաբուժությանը, սրտամկանի ինֆակտի ախտորոշման, ռևմատիզմի և ներքին հիվանդությունների ուսումնասիրության հարցերին։ Եղել է հանրապետական բժշկական ընկերության, առժողկոմատի բժշկական գիտական խորհրդի, թերապևտների ընկերության և հանրապետական ռևմատիկ կոմիտեի նախագահ։ Մեծ են Մելիք-Ադամյանի ծառայությունները Հայաստանում բժշկագիտության և բժշկական կադրերի պատարստման գործում: Գիտնականը ղեկավարել է Հայաստանի բժիշկների գիտական ընկերությունը, 24 տարի եղել է բժշկական ինստիտուտի թերապիայի ամբիոնի վարիչ, թերապևտների համամիութենական գիտական ընկերության վարչության անդամ: Նրա անունն է կրում Երևանի կենտրոնական փողոցերից մեկը և քաղաքային N 1 կլինիկական հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքը:
Անվանի բժիշկի ղեկավարած ամբիոնի գիտական գործունեության շրջանակում էին սրտանոթային հիվանդությունների, մալարիայի ժամանակ ներքին օրգանների ախտահարման տարբեր խնդիրների և ներքին հիվանդությունների առողջարանային բուժման հնարավորությունների ուսումնասիրությունը։

Ֆրանսիա կատարած գործուղումից (1929թ.) և արտասահմանյան առաջատար բժշկական կենտրոններում սրտանոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման ձեռքբերումներին ծանոթանալուց հետո վերադառնալով իր կլինիկան՝ Ա.Ա. Մելիք-Ադամյանը ներդրում է սրտանոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման մի շարք նոր եղանակներ, փոփոխություններ կատարում ուսումնական ծրագրերում։ Դեռևս այդ ժամանակ նա հատուկ ուշադրություն է դարձնում սրտագրության ներդրմանը ներքին բժշկության պրակտիկայում։ Ձեռքբերված փորձի և գիտական արգասավոր պրպտումների արդյունքում պաշտպանել է «Հիպերտոնիկ համախտանիշի ուսումնասիրության նյութերը» թեմայով դոկտորական թեզը (1937թ.), որը Հայաստանում սրտաբանության գծով հիմնարար առաջին աշխատություններից էր։ Պրոֆեսոր Ա. Մելիք-Ադամյանը մշակել է սրտամկանի ինֆարկտի կլինիկայի և տարբերակիչ ախտորոշման, ստամոքսի խոցային ախտահարումների, սակավարյունության, մալարիայով հիվանդների կոմատոզ վիճակների բուժման և խաղողաբուժության հարցերը։ Նրա ջանքերի շնորհիվ հայրենական գիտնականների մի քանի սերնդի ուշադրության կենտրոնում են եղել լեռնային բժշկությունը, կլիմայաթերապիան և բալնեոթերապիան։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Նատալյա Մալխասյանն ընտանեկան արխիվում խնամքով պահպանում է պապի' Ֆրանսիայում տպագրված այցեքարտը, որը փաստացի ժամանակակից այցեքարտերի նախատիպն է:

«Պապիկս մինչ կյանքի վերջ ղեկավարում էր թերապիայի բաժանմունքը: Մեծ սեր և հարգանք էլ վայելում: Բժշկական համալսարանում առ այսօր նրա անունով կրթաթոշակ է տրվում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, որոնց թվում էր նաև հարազատ եղբայրս»,- ասում է Նատալյա Մալխասյանը:
Պրոֆեսոր Ա.Ա. Մելիք-Ադամյանի անմիջական մասնակցությամբ իրակացվել են մի շարք նորամուծություններ հանրապետության թերապևտիկ ծառայության ոլորտում. հիմնվեց կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի ԳՀԻ (1932), բացվեցին ԱՆ բժշկագիտական խորհուրդը (1944), այդ խորհրդին կից խպիպի ուսումնասիրման հանձնաժողովը (1946), Հանրապետական հակառևմատիկ կոմիտեն, ռևմատաբանական կաբինետներ պոլիկլինիկաներում և բաժանմունքներ հիվանդանոցներում։ Անվանի բժիշկի գիտական գործունեության շարունակողը նրա դուստրն էր' Անաիդա Մելիք-Ադամյանը:

«Պապիկիս կինը Ելենա Ֆիլատովան էր: Նրանց աղջիկը' իմ մայրիկը' Անաիդա Մելիք-Ադամյանն էր, ով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական համալսարանի քիմիական ֆակուլտետը: Մայրս ամբողջ կյանքում աշխատել է ԵՊԲՀ ոչ օրգանական քիմիայի ֆակուլտետում որպես դասախոս-ասիստենտ և նույնպես անմասն չէր առողջապահության ոլորտից»,- շարունակում է բժշկական ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչը:

Բժիշկ էր նաև նրա հայրական կողմի պապիկը' Արամայիս Մալխասյանը: Նա ծնվել է 1894թ. մայիսի 15-ին, Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլ քաղաքում' դատական պաշտոնյա Հովհաննես Մալխասյանցի բազմանդամ ընտանիքում: Արամայիսը սովորել է Ելիզավետպոլի գիմնազիայում, ասակայն «վատ վարքի» պատճառով հեռացվել է: Հարություն Միասյանը 2006թ. «Բռնադատված հայ բժիշկները» կենսագրական բառարանում ներկայացնելով Մալխասյանների բժշկական ճյուղը գրում է, որ 1914թ. Արամայիս Մալխասյանը ավարտել է Լենքորանի պրոգիմնազիան (6 դասարան), նույն թվականին զորակոչվել է ցարական բանակ որպես շարքային զինվոր: 1914թ. նոյեմբերին ծառայության ընթացքում ցուցաբերած անձնվիրության համար պարգևատրվել է զինվորական Գեորգիևյան խաչով և ուղարկվել սովորելու Թիֆլիսի պրապորշչիկների դպրոց:
1915թ. հունիսի 1-ին ավարտել է Թիֆլիսի պրապորշիչկների 6-ամյա դպրոցը, ստացել պրապորշչիկի կոչում և հունիսի 14-ին Կովկասյան բանակի գլխավոր հրամանատարության հրամանով նշանակվել է ցարական բանակի Կովկասյան ռազմաճակատի 23-րդ Թուրքմենստանյան հետևակ գնդի 9-րդ վաշտի կրտսեր սպա: Նույն թվականին վիրավորվել է և ուղարկվել զինվորական լազարեթ' բուժման, ապա վերադարձել նախկին ծառայության: 1917թ. հոկտեմբերյան հեղափոխությոան ավարտից և ցարական բանակը կազմալուծումից հետո Թիֆլիսում զորացրվել է որպես ռուսական բանակի պահեստի սպա: Զորացրվելուց հետո պարգևատրվել է մարտական սխրանքների համար ստացած շքանշաններով: Ցարական բանակում ծառայելու ընթացքում պարգևատրվել է մի շարք' այդ թվում սբ. Աննայի IV, III և II աստիճանների, սբ. Վլադիմիրի 2 աստիճանների և սբ. Գեորգիի շքանշաններով:

1928-32թթ. սովորել է Երևանի պետական համալասրանի բժշկական ֆակուլտետում, դառնալով դրա առաջին շրջանավարտը: Համալսարանում (ապա ինստիտուտում) ուսանելու տարիերին եղել է հարվածային ծառայող: 1931թ. ամռան արձակուրդի ընթացքում աշխատել է Դիլիջանի առողջարանի արևաբուժարանի վարիչը: 1931թ. եղել է ԵրՊԲԻ կից հայաստանի Կարմիր խաչի էվակոընդունարանի պետի օգնականը և աշխատանքնները գերազանց կազմակերպելու համար պարգևատրվել շնորհակալագներորվ:
Մասնագիտությամն թերապևտը 1932-35թթ. աշխատել է Ղամարլուի' այժմ Արտաշատ շրջանի բժիշկ և շրջանային հավատարմատար բժիշկ: 1935-38թթ. աշխատել է ԽՍՀ Կոտայքի շրջանի առողջապահության բաժնի Քանաքեռ գյուղի կենտրոնական ամբուլատորիայի բժիշկ:
Բնակվել է Կոտայքի շրջանի Քանաքեռ գյուղում: Համատեղությամբ աշխատել է Դիլիջանի տուբերկուլոզային առողջարանի խորհրդատու: Համատեղությամբ աշխատել է նաև հանրապետական զինկոմիսարիատի զորակոչային բժշկական հանձնաժողովի թերապևտ: Մշտապես կրել է զինվորական համազգեստ:
Լինելով իր գործի նվիրյալ' հաճախ հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի հեռավոր գյուղերը մեկնել է ձիակառքով:
1938թ. բժշկի բարեկամներից մեկը' Ա. Գ. «Մանյա» ծանկանունով, մատնագիր է գրել ՆԳԺԿ այն մասին, որ բժիշկի եղբայր ՀԽՍՀ առժողկոմի տեղակալ Արմենակ Մալխասյանը եղբորը երկու ամսով գործուղել է Մոսկվա բժշկության գծով վերապատրաստվելու և առժողկոմատի միջոցներով նրա համար այնտեղ բնակարան է վարձել, դաշնամուր, կահույք գնել, այդպիսով պետությանը պատճառելով 15 000 ռուբլու վնաս:
1938թ. փետրվարին ստորագրվել է ձերբակալման և խուզարկության օրդերը, դրան հաջորդել են ձերբակալությունը և բնակարանի խուզարկությունը: Մեղադրվել է նախկինում դենիկինյան և ցարական բանակներում ծառայած լինելու, հակահեղափոխական տրամադրություններ ունենալու, 1921թ. «դաշնակցական ավանտյուրային» մասնակցելու և հակահեղափոխական թռուցիկներ տպագրելու, այլ մեղքերի մեջ:
1938թ. դատապարտվել է գնդակահարության, անձնական գույքի բռնագրավումով: Բռնագրավել են ոսկեղեն, անձնական իրեր, շքանշաններ, փաստաթղթեր, լուսանկարներ, ընտանիքին պատկանող թանկարժեք իրեր, որոնք հետագայում նույնիսկ արդարացվելուց հետո չեն վերադարձվել հարազատներին:
«Նա ոչնչացրել էր իր ողջ իրերը: Միայն մեկ թուր էր մնացել, որը կոտրել էր, որպեսզի չտանեն»,- մեջբերում է Նատալյա Մալխասյանը:
1938թ. մարտի 3-ին Մալխասյանը գնդակահարվել է, իսկ հարազատներին հայտնել է, թե աքսորվել է անհայտ ուղղությամբ, առանց նամակագրության իրավունքի: 1955թ. Արամայիս Մալխասյանի գործը վերանայելու հարցով հարցաքննվելու են նրա նախկին ընկերներից մի քանիսը, որոնք բոլորը տվել են դրական բնութագրեր: Նրանցից էլի ԵՊԲՀ-ի սանիտարահիգիենիկ ֆակուլտետի դեկան Ռուբեն Աղասարյանը, Գրիգոր Դոնդարովը, մանկության ընկեր, բժիշկ Վաղինակ Մռավյանը, բժիշկ Միքայել Նարիմանովը:
1956թ. հոկտեմբերի 16-ին արդարացվել է ՀԽՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիայի վճռով' մեղադրանքի անապացուցելիության պատճառով:
Ամուսնացած է եղել Հռիփսիմե Խաչատրյանի հետ, ունեցել երկու երեխա' Վիգենին և Լիլիային: 1988թ. Վիգեն Մալխասյանի դիմումով նրան են վերադարձրել մի քանի փաստաթղթեր' Հայաստանի առողջապահության նախարարության և զինկոմիսարիատի մի քանի հրամանների, պատվոգրերի, աշխատանքային գրքույկների պատճենները: 
Մալխասյանների բժշկական ճյուղը ներկայացրել են նաև Արմենակ Մալխասյանը: Նա Հայաստանի խորհրդայնացման տարիներին աշխատել է Առժողկոմատում, եղել է Երևանի քաղաքային առողջապահության վարչության պետը, ապա առժողկոմի տեղակալը, հետո' աշխատել Հայաստանի Կարմիր խաչի նախագահ:
Վիգեն Մալխասյանը' ընտանիքի երկրորդ սերնդի վառ ներկայացուցիչն է: Հայ խորհրդային վիրաբույժ, բժշկական գիտության դոկտոր (1960), պրոֆեսորը 1939թ. միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ:

«Հայրս Վիգեն Մալխասյանը 16 տարեկան էր, երբ արժանացավ «Ժողովրդի թշնամի» կարգավիճակին: Նա Մոսկվայում ընդունվել էր բժշկական համալսարան, ապա ստիպված էր եղել լքել Մոսկվան, որովհետև ժողովրդի թշնամու որդի էր համարվում: Այնուհետև տեղափոխվում է Դոնի Ռոստով' քեռու մոտ: Այդ ժամանակ այնտեղ էր տեղակայված Վարշավայի բժշկական համալսարանը: Մեկ տարի հաղորդակցվելով խոշոր մասնագետների հետ նա սիրահարվեց բժշկությանը: Այնուհետև հայրս եկավ Երևանի պետական բժշկական համալսարան և պատերազմը սկսելուն պես անցնում է արագացված դասընթաց: Զինվորական հոսպիտալներում է աշխատում մինչև պատերազմի ավարտը, հետագայում աշխատանքի է անցնում անվանի վիրաբույժ Շարիմանյանի մոտ' որպես բժիշկ օրդինանտ: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեդրակ Շարիմանյանը շատ էր գնահատում հորս, թեպետ քննության ժամանակ, վիրահատությունից երեք էր նշանակել»,-ժպիտով պատմում է բժշկուհին:

Նորավարտ բժիշկը գործուղվել է Բասարգեչարի շրջան (Վարդենիս), որտեղ աշխատել է մինչև 1944թ. աշուն' զբաղեցնելով էվակոհոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետի պաշտոնը, միաժամանակ կատարել բազմաթիվ վիրահատություններ, ներդրել համակցված բուժման եղանակներ:
1945թ. զորացրվելով' աշխատանքի է անցել հնարապետական կլինիկական հիվանդանոցում: 1951թ. պաշտպանել է «Ասկարիդոզի բարդությունների մասին» թեմայով թեկնածուական ատենախոսությունը, ապացուցել, որ ասկարիդոզը կարող է դառնել աղիքների հետվիրահատական տարբեր բարդությունների պատճառ:
Փորձարարական աշխատաքի շնորհիվ նա ցույց է տվել, որ ասկարիդների թույնը խթանում է աղիների տոնուսը և շարժունակությունը, միաժամանակ առաջացնում նյարդառեֆլեկտոր տեղաշարժեր:
Նա առաջինն է Հայաստանում կատարել էզոֆագոպլաստիկա և, խուսափելով բազմափուլ վիրահատությունից, այն ավարտել երկու փուլով, ֆիզիոլոգիական տեսակետից ստանալով բավարար արդյունք:
Պարզել է, որ վիրահատությունների ժամանակ ողնուղեղային լրացուցիչ անզգայացմամբ ցավազրկող դեղի կոտորակային ներարկման դեպքում օգտագործվում է ավելի քիչ դեղ, քան' միանվագ ներարկման:
1952թ. Վ. Մալխասյանը նշանակվել է բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի ասիստենտ, միաժամանակ զբաղվել ստամոքսի խոցային հիվանդության վիրահատման հարցերով:
Ամփոփելով իր ուսումնասիրությունների արդյունքները' 1959թ. պաշտպանել է «Ստամոքսի մասնահատումից հետո բերանակցման որոշ հարցեր» թեմայով դոկտորական ատենախոսությունը: Նկատի ունենալով, որ ստամոքսի մասնահատումը զերծ չէ թերություններից և հաճախ են առաջանում հետվիրահատական բարդություններ, նա առաջարկել է ստամոքսը մասնատել ստորին բերանակցումով, որը կատարման տեսակետից հասարակ է ու պարզ:
1960թ. գիտնականը ղեկավարել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի վիրաբուժության ամբիոնը: Հեղինակ է 90 աշխատանքների, այդ թվում' «Ստամոքսի տիպային վիրահատության տեխնիկան», «Տասներկումատնյա աղիքային ծայրատ», «Ավշային խոշոր ծորանի դրենավորումը վիրաբուժական կլինիկայում» մենագրությունների: 
ԽՄԿԿ անդամ էր 1962 թ.:
Մասնագիտական շրջանակներում լայն տարածում է ստացել և բարձր գնահատականի արժանացել Վիգեն Մալխասյանի' «Վիրաբույժի անձի առանձնահատկությունները դեոնթոլոգիական տեսանկյունից» աշխատությունը («Oсобенности личности хирурга с деонтологической точки зрения»):

Վիգեն Մալխասյանի երեխաները' Նատալյա և Անդրեյ Մալխասյանները ևս որպես կոչում ընտրեցին բժշկությունը:
«Եղբայրս' Անդրեյ Մալխասյանը գերեզանցությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը: Մասնագիտանալով ուրոլոգիայի ոլորտում սովորել է Լապատկինի, Պիտալի մոտ: Մինչ ողբերգական մահը' 44 տարեկան հասակում նա ղեկավարել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքը»,- շարունակում է Մալխասյանների ընտանիքի ներկայացուցիչը:

«Ես նույնպես որոշեցի բժիշկ դառնալ: Բժշկական համալսարանն ավարտելուց հետո որպես վիրաբույժ ավարտել եմ ինտերնատուրան և մասնագիտացել մարֆոլոգիայի բնագավառում: 1977 թվականից աշխատել եմ նախկին Բժշկիների կատարելագործման ինստիտուտում: 
Պաշտպանել եմ թեկնածուական ատեսախոսությունը «Սքրինինգային ցիտոլոգիա» թեմայով»,- ասում է Նատալյա Մալխասյանը, ով սկզբում ցանկացել է մասնագիտանալ վիրաբուժության ոլորտում, սակայն ամուսնությունը ազդեցություն է ունեցել նրա նեղ մասնագիտացման վրա:
Նատալյայի ամուսինը' Գասպար Ավետիսյանը ստոմատոլոգ է, այժմ աշխատում և բնակվում է Մոսկվայում: Նա հիշում է, թե ինչպես իրենց ընտանեկան համատեղ կյանքի սկզբին մեկնել էին Ալժիր աշխատելու:

Նրա դստրերը չընտրեցին բժիշկի մասնագիտությունը: Մարիանան' ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, Իրինան' ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է, ֆինասական մենեջմենթի մասնագետ: Քույրերն այժմ բնակվում և հաջողությամբ իրենց մասնագիտական գործունեությունը շարունակում են Հոլանդիայում:

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ախտաբանական անատոմիայի բաժանմունքի երկարամյա ցիտոլոգի գնահատմամբ' բժիշկի մասնագիտությունը բարդ է և պատախանատու: Նրա համոզմամբ' անտարբեր մարդը չի կարող բժիշկ դառնալ:
«Մեր իրականության մեջ բժիշկը պետք է սատարի հիվանդի հարազատներին: Այնպես է ստացվում, որ էմոցիաները, ապրումները ներգրավում են ողջ ընտանիքին, այդ պատճառով բժիշկն առաջին հերթին պետք է կարողանա խոսել և լսել հիվանդներին, նրանց հարազատներին: Բժշկությունը պետք է լինի արյան մեջ»,- պարզաբանում է բժշկուհին' հավելելով, որ մարդկանց լսելը մեծ կարողություն է, որը բոլորին չէ տրված:

«Ուռուցքաբանության կենտրոնում աշխատելը բավականին բարդ է: Բժիշկն առաջին հերթին պետք է ունենա սիրտ, հոգի և համբերություն: Դա անշահախնդիր ծառայություն է մարդկանց: Բժիշկը մահանում և վերածնվում է յուրաքանչյուր հիվանդի հետ, այսպիսին է մեր աշխատանքը»,- ավելացնում է Նատալյա Մալխասյանը' հույս ունենալով, որ թոռները' մասնավորապես Ալեքսանդրը կշարունակի ընտանիքի բժշկական գիծը:

Անդրեյ Մալխասյանի երկու որդիներից մեկը' Վիգենը' գնաց հոր ճանապարհով: Վիգեն Մալխասյան կրտսերը հպարտությամբ է կրում անվանի պապի անունը:
«Վիգեն Արամայիսովիչը ոչ միայն փայլուն վիրաբույժ էր, այլև բազմակողմանի զարգացած մարդ, լավ խոհարար, ոչ վատ նկարիչ: Քչերը գիտեն« որ պապիկիս նաև Հայաստանում բռնցքամարտի ֆեդերացիայի համանախագահն էր»,- հիշում է Վիգեն Մալխասյան կրտսերը, ով հաջողված ուրոլոգ է Մոսկվայում:
Նա կարմիր դիպլոմով ավարտել է Սանկտ Պետերբուրգիի պետական բժշկական համալսարանը: Անցել է վիրաբուժական գծով ինտերնատուրա, ուրոլոգիայի գծով կլինիկական օրդինատուրա, որից հետո շուրջ մեկ տարի Ռուսատանի Պսկով քաղաքում կատարել է իր առաջին քայլերը: Այնուհետև Վիգեն Մալխասյանը տեղափոխվել է Մոսկվա և ընդունվել ասպիրանտուրա, ՌԴ գլխավոր ուրոլոգ, պրոֆեսոր Դմիտրի Պուշկարյովի ղեկավարության ներքո:
«Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո այժմ աշխատում է տեղի 3-րդ հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքում»,- պատմում է երիտասարդ մասնագետը:
Խոսելով իր մասնագիտական ընտրության մասին նա կես կատակ կես լուրջ նշում է, որ բացի բժիշկ դառնալուց այլընտրանք չուներ, քանի որ թե՛ հորական, թե ՛
մորական կողմից պապերը բժիշկներ են եղել:
«Բացարձակ նվիրվածություն մասնագիտությանը». այս խոսքերով է բնութագրում հորը Վիգենը: Նա հաճախ է լցվում հպարտության զգացումով, երբ այս կամ այն միջազգային գիտաժողովի ժամանակ իրեն մոտենում են անվանի մասնագետներ' նշելով, որ առիթ են ունեցել ճանաչելու և աշխատելու Անդրեյ Մալխասյանի հետ:
«Հայրս իսկապես նվիրված էր իր մասնագիտությանը, օրվա թե գիշերվա ցանկացած ժամին հասանելի էր հիվանդի համար: Եթե կար օգնության կարիք, ապա նա մեկնումը չէր քննարկվում» ,- հիշում է Վիգենը:
Այսօր նա մեկն է այն բժիշկներից, ով ապրելով Ռուսաստանում մշտապես ձգտում է պահպանել կապը հայրենիքի հետ: Մասնագիտական միավորումը, որը ստեղծել են մոսկվայաբնակ հայ բժիշկները գործում է Ռուսաստանի հայերի միությանն առընթեր:

«Այսօր շատ կարևոր է օգտագործել սփյուռքի ներուժը և օգտակար լինել հայրենիքի առողջապահության զարգացմանը»,- նկատում է բժիշկը:

Արամայիսը ի տարբերություն ավագ եղբոր չընտրեց բժիշկի մասնագիտությունը: Նա ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը: Այնուհետև աշխատանքի է անցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար համարվող «Յանդեքս» ընկերությունում:
Ճակատագրի բերումով ստիպված լինելով սովորել և աշխատել հայրենիքի սահմաններից հեռու, եղբայրները և հատկապես Վիգենը առաջիկայում չի բացառում, որ մի օր կվերադառնա Հայաստան:

 Տեսանյութ